HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհվել է 47 մարդ (տեսանյութ)

Չինաստանի արևելքում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 47 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով չինական Xinhua լրատվական գործակալությանը:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:50-ին «Ցզյանսու Տյանցզին» գործարանում՝ Յանչեն քաղաքային շրջանում: Գործարանը շահագործում է Tianjiayi Chemical ձեռնարկությունը, որը զբաղվում է պարարտանյութերի արտադրությամբ:

Ուժգին պայթյունին հաջորդել է հրդեհը, որը տարածվել է հարևան շինությունում: Xinhua գործակալության տվյալներով՝ հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 640 մարդ, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ:

Պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ հարվածային ալիքը կոտրել է գործարանից 5 կիլոմետր շառավիղով տեղակայված շինությունների դռներն ու պատուհանները: Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պահին արձանագրվել է 2,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում: Պայթյունի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

BBC-ի փոխանցմամբ՝ պայթյունից 3 կմ հեռավորության վրա գտնվող Henglida քիմիական գործարանի աշխատակիցները պատմել են, թե երբ իրենք ցանկանում էին լքել շենքը, այդ պահին տանիքը փլվել է:

Հրդեհը մեկուսացնելու և դրա հետևանքները վերացնելու համար հրշեջ-բրիգադներ են ներգրավվել նաև Ցզյանսու նահանգի այլ շրջաններից:

Տեղի բնակիչներից մեկը «Ֆրանս-Պրես» գործակալությանը պատմել է, որ գործարանում վաղուց խնդիրներ են եղել՝ կապված հրդեհային անվտանգության ապահովման հետ: Սակայն Reuters-ն էլ, հղում անելով տեղական իշխանություններին, գրում է, որ գործարանում ստուգումներ են եղել և հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ իշխանությունները հայտարարել են, որ մոտակա ժամանակներոմ մյուս քիմիական գործարաններում հրդեհային անվտանգության ստուգումներ կանցկացվեն:

Չինաստանում արդյունաբերական ձեռնարկությունում վերջին խոշոր պատահարը տեղի էր ունեցել 2015թ. Տյանցզին քաղաքում: Այդ ժամանակ երկու հզոր պայթյունների զոհ էր դարձել 160 մարդ, ևս 1000 մարդ էլ վիրավորվել էր:

Լուսանկարները՝ Reuters-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter