HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայանիստում ձկնաբուծարանների հետադարձ ջրով 40 հա հողատարածք ոռոգելի է դարձել

Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ հողատարածքները ոռոգվում են ձկնաբուծարանի  հետադարձ ջրերով։ Ձկնաբուծարանի ջրի ելքի կետում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման համակարգ, որի շնորհիվ 40 հա հողատարածք դարձել է ոռոգելի։  Հողագործներից ոմանք արդեն վերսկսել են իրենց հողերի մշակումը եւ կարծում են, որ դրանով Հայանիստ համայնքի բնակիչների տնտեսական վիճակը աստիճանաբար կբարելավվի։ ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) պիլոտային ծրագիրն իրականացրել է Արարատի մարզի Հայանիստ գյուղում, քանի որ այնտեղ մեծ թվով ձկնաբուծարաններ կան։

Հայանիստի համայնքապետարանի եւ ձկնաբուծարանների միջեւ պայմանագիր է ստորագրվել պոմպակայանի գործարկման վերաբերյալ, որտեղ ներառվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Պայմանագրում հատուկ դրույթ է ներառվել, ըստ որի՝ ձկնաբույծները ձկնաբուծարանների ջրավազանում դեղամիջոցների օգտագործման կամ ձկների համար նախատեսված կերի փոփոխության վերաբերյալ պարտավորվում են նախապես տեղեկացնել գյուղի ղեկավարությանը։

ԳԱՏՕ-ն Հայանիստում ձկնաբուծարանների հետադարձ ջրով աճեցված սեխի եւ ձմերուկի մի քանի տեսակներ փորձաքնության է ներկայացրել։ Եզրակացության համաձայն՝ դրանց տեսքը, համը եւ հոտը համապատասխանել են օրենսդրությամբ սահմանված սննդի անվտանգության  նորմերին։ Անվտանգության նկատառումներով մի քանի անգամ ստուգվել է ձկների համար նախատեսված կերը եւ ջրի որակը։ Հաստատվել է, որ ձկներին տրվող կերը վնասակար նյութեր չի պարունակում, իսկ ջրի որակը համապատասխանում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության սահմանած ոռոգման ջրի որակի չափորոշիչներին։

Վերջին 15 տարիներին Արարատյան դաշտում ձկնաբուծարանների գործունեության արդյունքում ջրի աննախադեպ արդյունահանում է տեղի ունեցել, որի հետեւանքով ավելի քան 60%-ով կրճատվել է արտեզյան ավազանի ջուրը։ Ստորերկրյա ջրերի մակարդակը միջինում նվազել է 9 մետրով՝ հանգեցնելով դաշտում ջրային ռեսուրսների մեծ պակասի եւ մոտ 30 համայնքում ջրի անհասանելիության։ Անդառնալիորեն փոխվել է նաեւ ստորերկրյա ջրերի քիմիական կազմը՝ շատ վայրերում խմելու համար դառնալով ոչ պիտանի։

Ոռոգման նպատակով ձկնաբուծարանների հետադարձ ջրերի երկրորդային օգտագործումը նպաստում է ստորերկրյա ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրով ֆինանսավորվող երկու՝ «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» եւ «Հարակայուն ձկնաբուծարաններ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բաելավման» ծրագրերն իրագործող կազմակերպությունները մարտի 21-ին համատեղ ներկայացրին ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման լավագույն օրինակները։

Լավագույն գործելակերպ ցուցաբերած մեկ տասնյակ ձկնաբույծների շրջանում ջուրը շրջանառելու ամենաբարձր ցուցանիշը Արթուր Հովհաննիսյանին էր։ Նրան հաջողվել է Հովտաշատ գյուղում գտնվող իր ձկնաբուծարանում ջուրը շրջանառել 9 անգամ։ Ա․ Հովհաննիսյանը 9 ձկնավազան ունի, խորքային հորից հանված ջուրը վերաօգտագործում է բոլոր 9 ավազաններում տարբեր նպատակներով՝ սկսած մանրաձկան բուծումից մինչեւ տարբեր տեսակի ձկներ աճեցնելը։ Վերաօգտագործելու շնորհիվ ջուրը խնայվում է մի քանի անգամ կասկադային համակարգով թափվելով մի ավազանից մյուսը։ Ջուրը հարստացվում է թթվածնով եւ անցնելով ավազաններով մեծ մասամբ լցվում է դրենաժային ջրանցք։

«Ես 3 հեկտար հողատարածք ունեմ, որից 13 հազար քմ եմ օգտագործում հիմա։ Այդ ջրով իմ այգին եմ ոռոգում։ Բազմաթիվ նորամուծություններ ունենք մեր ձկնաբուծական տնտեսություններում, գյուղացիական տնտեսություններին հորդորում ենք ջերմոցներ կառուցել եւ ձկնաբուծարանների ջրով ոռոգել տարածքը։ Այս ջրով սպիտակ ռեհան եւ բրոկոլի կարող ենք աճեցնել, քանի որ դրանց արժեքը բարձր է եւ արդարացված կլինի աճեցնելը»,- «Հետք»-ին հայտնեց ձկնաբույծը։

Ձկնաբույծներին վրդովվեցրել էր վերջին տարիներին ջրօգտագործման թույլտվության ծավալների կրճատումը։ Վերջինս կարծում է, որ ձկնաբույծներին աջակցելու, միաժամանակ, ջուրը խնայողաբար օգտագործելու նպատակով ջուրթույլտվության (ՋԹ) նվազագույն շեմը պետք է լինի 100 լ/, իսկ առավելագույնը՝ 500 լ/վ ջուր։ Ջրի քանակը քչացնելու պատճառով  խնդիրներ են ունենում՝ ջրափոխանակում չի լինում ավազաններում եւ տիղմն ու հիվանդությունները մնում են տեղում։

Արարատյան դաշտի բնակիչները զայրույթով են լցված ձկնաբույծների նկատմամբ՝ նրանց համարելով քաղցրահամ ջրերի անհետացման հիմնական մեղավորները, որից տուժել է գյուղատնտեսությունը։ Ձկնաբույծները հավաստիացնում էին, որ իրենց առաջին խնդիրը  ջուրը խնայողաբար օգտագործելն է։

«Ձկնաբույծներին դարձրել են հրեշ, պետությունը չի կարողանում ոռոգման ջրի հարցը կարգավորել՝ ասում են ձկնաբույծներ, դուք ջուր մի օգտագործեք, խնայե՛ք։ Մինչդեռ, ջուրը տարբեր աղբյուրներից անտեղի հոսում է վթարված խողովակների, փականային համակարգի բացակայության հետեւանքով։ Դրանք թող վերանորոգեն եւ կանխեն աննպատակ հոսող ջրերը, որոնք շուրջտարին թափվում են Արաքս գետը»,- ասում է գործարարը։

Հովտաշատ գյուղից մյուս ձկնաբուծական տնտեսության սեփականատեր Ժորա Մկրտչյանը նույնպես կասկադային համակարգ է կիրառում իր ձկնաբուծարանում՝ գազազերծիչների միջոցով ջուրը հարստացնում է թթվածնով եւ շրջանառում է 5 ավազանով։ Ձկնաբուծարանը սնվում է խորքային հորից մատակարարվող ստորերկրյա ջրից։ «Կասկադային եղանակով ես կարողանում եմ դա անել եւ բավականին արտադրություն եմ տալիս՝ առանց տեխնոլոգիաներ կիրառելու։ Հիմա 35 լ/վ ջրով 10-12 տոննա ձուկ եմ աճեցնում։ Մեր ջրի քանակը քչացրեցին, նախկինում մոտ 40 լ/վ ջուր էինք գործածում, որն ապահովում էր շրջանառությունը»,- ասում է Ժ․ Մկրտչյանը։

«Մեր օգտագործած ջուրը գյուղատնտեսության համար հարստացված եւ պիտանի ջուր է։ Իմ ջուրը, որը լցվում է դրենաժներ դրա վերջում կա պոմպակայան, որը ՋՕԸ-ն չի գործարկում, եթե աշխատացնի՝ այդ ջուրը կմղի Էջմիածնի գյուղերը՝ ոռոգելու համար եւ ոչ թե մեզ թիրախ կդարձնի»,- ասում է ժորա Մկրտչյանը։

Ձկնաբույծի կարծիքով՝ այս ոլորտը չափազանց մոնոպոլիզացված է, եւ ջուրը խիստ անհավասար է բաշխվել։ Միաժամանակ, շատերը ջրի իրական քանակը թաքցրել են, որի պատճառով, ինչպես նաեւ ձկան ինքնարժեքն իջեցնելու արդյունքում, վերջին 4 տարում 120 ձկնաբուծական տնտեսություն փակվել է։ «Ինձ ասում են, որ 5 լ/վ ջուր ավել եմ վերցնում եւ տուգանում են, սակայն բազմաթիվ խորքային հորեր կան, որոնցից ջուրը հենց այնպես հոսում է ողջ տարին, վայրկյանում 2000 լիտր լցվում է Արաքս գետը եւ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում»,- ասում է ձկնաբույծը։ Նրա ասելով՝ 36 այդպիսի աղբյուր կա համայնքներում, ընդամենը մի փական պետք է դնեն ու կանխեն ջրի հոսքը, բայց չեն անում։

Ձկնաբուծության շրջանառու համակարգերի փորձագետ Նաթելլա Միրզոյանը նշում է, որ  մեր օրերում ձկնաբուծության ոլորտում ջրի արդյունավետ օգտագործման եւ կառավարման լավագույն փորձը ռոտացիոն ջրային համակարգն է (ՌՋՀ)։ Դրա հիմքում ընկած է տարբեր տեխնոլոգիական լուծումների միջոցով  ձկնաբուծարանների կեղտաջրերի վերամշակումը եւ վերամշակված ջրերի հետադարձ շրջանառությունը դեպի ձկնաբուծական ավազաններ։ Քանի որ զտման համակարգերը թույլ են տալիս պատշաճ կերպով մաքրել կեղտաջրերը, բավարար չափով վերականգնել ջրի որակը, միաժամանակ շահույթ ապահովել շահագործողի համար, ապա կարելի է իրականացնել ջրի վերամշակում։

«Ջրի ինտենսիվ վերամշակման եւ վերօգտագործման արդյունքում ՌՋՀ-ները կարող են ապահովել մինչեւ 95% ջրի հետադարձ շրջանառության արդյունավետություն, եւ հետեւաբար՝ ջրի հսկայական ծավալների խնայողություն»,- համոզված է փորձագետը։

«Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի» ծրագրի համակարգող Լուսինե Թադեւոսյանն ասում է, որ կենտրոնի իրականացրած գիտահետազոտական ծրագրի նպատակն էր փոքր եւ միջին ձկնաբուծարաններին սովորեցնել արդյունավետ եւ խնայողաբար օգտագործել ջուրը։ «Երեք ուղղությունն էինք ընտրել՝ ջուրը վերաօգտագործել, ջուրն օգտագործել գյուղատնտեսության նպատակով եւ ակվապոնիկ համակարգով բույսեր աճեցնել։ 15 ձկնաբուծարաններ են ներգրավվել այս ծրագրում,  լաբորատոր փորձաքննություններով ստուգել ենք ձկնաբուծարան մտնող եւ դուրս եկող ջրի բաղադրությունը եւ համոզվել ենք, որ դա կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ»,- ասաց Լուսինեն։

Կենտրոնը Գայ  համայնքում ակվապոնիկ նոր մոդելային համակարգ է ներդնում՝ ձկան արտաթորանքով հարստացված ջրում բանջարեղեն աճեցնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter