HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում քննարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման թեման

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Պետնախարար Գ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է այն պայմանները, միտումներն ու նախադրյալները, որոնց արդյունքում սերունդների համերաշխության ներկայիս կենսաթոշակային համակարգը երկարաժամկետ տեսանելի հեռանկարում այլևս չի կարող ապահովել բնակչության սոցիալական ապահովության պահանջմունքը և արժանապատիվ ծերությունը։ Պետնախարարը վկայակոչել է ներկայումս պետական բյուջեի այն մասը, որ հատկացվում է բնակչության կենսաթոշակային ապահովմանը՝ 12%` նշելով, որ ժողովրդագրական ներկայիս միտումների պայմաններում այդ թիվը չի կարող շարունակապես մեծանալ, և կենսաթոշակային համակարգի ներդրումն այլընտրանք չունի։

Գ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի անցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ ստեղծված է աշխատանքային խումբ։

Ա Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքները բաշխված են երեք հիմնական ենթախմբերի՝ օրենսդրական փոփոխություններ, տեխնիկական-ծրագրային ապահովում և հանրային իրազեկվածության բարձրացում։

Ըստ Ա Հարությունյանի՝ նոր համակարգին անցնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններն ընթացքի մեջ են, շարունակում են համապատասխան աշխատանքներ տարվել իրավական դաշտը Հայաստանի Հանրապետության հետ ներդաշնակեցնելու և հնարավոր իրավական կոլիզիաներից խուսափելու համար։ Խոսելով տեխնիկական-ծրագրային կողմի մասին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ աշխատանքները մեծ մասամբ ավարտուն տեսքի են, մնացել են հաշված շտկումներ։ Հանրային իրազեկման աշխատանքների առնչությամբ Ա Հարությունյանը հայտնել է մտահոգություն, որ երեք ամսում անհրաժեշտ է կատարել մեծ ծավալի աշխատանք՝ բնակչության համար այս փոփոխության էությունն ու անհրաժեշտությունը պարզաբանելու համար, և որ ըստ կարիքի անհրաժեշտություն կառաջանա ներգրավելու նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակիցներին, ինչպես նաև խորհրդակցելու ՀՀ համապատասխան մասնագետների հետ։

Գ Մարտիրոսյանը հանձնարարել է կազմել աշխատանքների պլան-ժամանակացույց, որում սահմանված են լինելու օրենսդրական, տեխնիկական-ծրագրային, կազմակերպչական և հանրային իրազեկման քառաբլոկ անելիքների բուն աշխատանքները, սպասվող արդյունքները, ժամկետները և պատասխանատու պետական մարմինները։ Պետական նախարարը առանձին ուշադրություն է հրավիրել հանրային իրազեկման բարձրացման աշխատանքների վրա՝ կարևորելով հարցի ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական համընդգրկունությունը։ Բովանդակային մասով Գ Մարտիրոսյանը հորդորել է, որ բնակչության համար պարզաբանվի ինչպես կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը, այնպես էլ դրա գործառնման մեխանիզմը, ընթացակարգը, դրույքաչափերի բաշխվածությունը և պետության երաշխավորիչ դերակատարումը։ Տեխնիկական մասով պետնախարարը կարևորել է հանրության հետ արդյունավետ կապի օգտագործման բոլոր մեխանիզմները՝ սկսած համացանցից, մինչև հեռուստատեսություն, հեռախոսային թեժ գիծ և մասնավոր շփումներ։

Խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարարի աշխատակազմի, ֆինանսների նախարարության, ինչպես նաև աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները։ Խորհրդակցության ավարտին ծավալվել է մտքերի փոխանակություն, Գ Մարտիրոսյանի կողմից հանձնարարականներ են տրվել աշխատանքային խմբի արագ և որակյալ աշխատանքային գործունեության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter