HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես է ազդել հեղափոխությունը բանկային ավանդների վրա, և ինչ մակարդակում են դրանք այսօր

2018 թվականի ապրիլին Հայաստանում հեղափոխության օրերին մի շարք ավանդատուներ խզել են պայմանագրերը բանկերի հետ ու հանել իրենց գումարները բանկերից։ Ավանդների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետագա ամիսների դրանց ծավալները վերականգնվել են։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում ոչ ռեզիդենտ ավանդատուներն ավելի ակտիվ են եղել. նրանց ավանդների աճը թե տոկոսային առումով, թե բացարձակ թվով ավելի մեծ է, քան ռեզիդենտներինը։

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2019 թվականի հունվարի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 2 տրլն 958 մլրդ դրամ։ Մեկ տարում՝ 2018 թվականի հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ, ավանդների ծավալն աճել է  մոտ 346 մլրդ դրամով կամ 13.2 %-ով։ Ընդ որում՝ աճն ապահովել են մեծ մասամբ ոչ ռեզիդենտների ավանդները։ Իսկ ռեզիդենտների ավանդների աճը, 2017 թվականի համեմատ, դանդաղել է։

Ոչ ռեզիդենտներն ակտիվացել են

Ոչ ռեզիդենտների ավանդները այս տարվա հունվարի վերջի դրությամբ կազմել են 736.2 մլրդ դրամ՝ աճելով 221.8 մլրդ դրամով կամ 43.1 %-ով։ Ընդգրկված են ոչ ռեզիդենտ ձեռնարկությունների, տնային տնտեսությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և  ֆինանսական կազմակերպությունների ցպահանջ (ներառյալ հաշիվները) և ժամկետային ավանդները: Ոչ ռեզիդենտների ավանդների մեծ մասն արտարժույթով են։ Հիշեցնենք, որ նախորդող տարում՝ 2017 թվականին, ոչ ռեզիդենտների ավանդների նվազում էր արձանագրվել։ Եթե դիտարկում ենք հունվար ամսվա վերջին գրանցված ավանդների ցուցանիշները,  ապա տեսնում ենք, որ 2018 թվականի հունվարին, 2017-ի նույն ամսվա համեմատ, ոչ ռեզիդենտների ավանդները կրճատվել են 95.5 մլրդ դրամով։ Հետագայում՝ 2018 թվականի ընթացքում նրանց ավանդների ծավալն ավելացել է և ներկայում ավելի բարձր մակարդակում է, քան նախորդ տարիներին։

Ռեզիդենտների ավանդների աճը դանդաղել է

Ռեզիդենտների ավանդներն այս տարվա հունվարի վերջի դրությամբ  կազմել են մոտ 2 տրլն 222 մլրդ դրամ՝ աճելով 124 մլրդ դրամով կամ 5.9 %-ով։  Նկատենք, որ 2017 թվականի համեմատ նրանց ավանդների աճը ակնհայտորեն դանդաղել է։ Կրկին եթե դիտարկում ենք հունվարից հունվար ընկած ժամանակահատվածը, ապա տեսնում ենք 2017 թվականին ռեզիդենտների ավանդները, ըստ ԿԲ տվյալների, աճել են 334.3 մլրդ դրամով կամ 19 %-ով։  

Ռեզիդենտների դրամային ու արտարժութային ավանդների տարբերությունը այս պահին մեծ չէ։ Մասնավորապես՝  2 տրլն 221.6 մլրդ դրամ ավանդներից 1 տրլն 55 մլրդ դրամը ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 1 տրլն 167 մլրդ դրամը՝ դոլարով ավանդները։  Առհասարակ, վերջին տարիներին ավանդատուների կողմից դրամի նկատմամբ վստահության որոշակի ամրապնդում է նկատվում։

Հատկանշական է, որ նախորդ տարվա ընթացքում ռեզիդենտների ավանդների կազմում աճել են միայն դրամով ավանդները՝ 129.1 մլրդ դրամով կամ 13.9 %-ով։ Հիշեցնենք, որ համեմատում ենք այս տարվա հունվարի վերջին գրանցված ցուցանիշները նախորդ տարվա նույն ամսվա վերջին գրանցված ցուցանիշների հետ։ Աճը գրանցվել է հիմնականում ժամկետային ավանդների ավելացման հաշվին։

Մինչդեռ արտարժույթով ավանդները (հիմնականում՝ դոլարով) նվազել են 5.1 մլրդ դրամով կամ 0.4 %-ով։  Այստեղ էլ անկումը պայմանավորված է ժամկետային ավանդների կրճատմամբ։ Արտարժույթով ավանդների անկումը ավելի մեծ կլիներ, եթե որոշակիորեն չավելանար արտարժույթային ցպահանջ ավանդների ծավալը։  Ստացվում է, որ նախորդ տարի արտարժույթով ժամկետային ավանդների նվազմանը զուգահեռ աճել է դրամով ժամկետային ավանդների ծավալը։ Հոդվածում ներկայացվող ավանդների ծավալները ներառում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց ավանդները։

Այսպիսով, նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ֆոնին ավանդների որոշակի նվազում է գրանցվել ապրիլին, սակայն հետագայում դրանց ծավալը վերականգնվել է և շարունակել աճել։ Այսինքն՝ տեղի ունեցող իրադարձությունները մեծ ազդեցություն չեն թողել ավանդների վրա։ Վերջին տարիներին ավանդների առավել կտրուկ տատանում գրանցվել է 2014  թվականի վերջերին։ Այդ տարեվերջին դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով ավելացան փոխարժեքի տատանումների ռիսկերն ու բնակչության մտավախություններն, ինչն իր ազդեցությունն ունեցավ նաև բանկերում  հաճախորդների ավանդների ու հաշիվների մեծության վրա։ Քաղաքացիների մի մասը շտապեց հանել բանկերում ի պահ տրված գումարները և բանկերի ավանդային պորտֆելը նվազեց։ Որոշ ժամանակ անց արդեն ավանդների դանդաղ աճ սկսվեց ու շարունակվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter