HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձևակերպված է մշակույթի տան վարիչ, բայց կատարում է բանվորի աշխատանք

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի մշակույթի տան դուռը բաց է, իսկ ներսում ոչ ոք չկա: Դրսից արդեն նկատելի է, որ շենքն անմխիթար վիճակում է: Պատուհանների ապակիները կոտրված են, դրանք տեղ-տեղ ծածկված են պոլիէթիլենային տոպրակներով, դուռը հնամաշ է: Ներսում պատկերն ավելի արտահայտիչ է: Սենյակները վերածվել են աղբանոցի, իսկ առաստաղի ու պատերի ծեփը թափված է: Վերև նայելով` նկատելի է դառնում մշակույթի տան «բաղդադե» ծածկը, որն անձրևաջրերի պատճառով արդեն փտել է, և ոչ հեռու ապագայում փուլ է գալու: Անզեն աչքով էլ նկատելի է, որ Վարդանաշենի մշակույթի տան պահպանման աշխատանքներ չեն կատարվում:

Վարդանաշենում կարելի է ասել մշակույթի տուն չկա, սակայն կա մշակույթի տան վարիչ, ով գյուղում կատարում է ցանկացած աշխատանք` բացի մշակույթի վարիչի պարտականություններից: Վարդանաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազատ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ կոնկրետ չի ճշտել, թե երբվանից չի գործում մշակույթի տունը, ինքը ժամանակավոր պաշտոնակատար է արդեն 4 ամիս և այդ գյուղի բնակիչ չէ:

«Ընտրական գործընթացների մեջ ենք, չեմ ուզում հակասություններ ստեղծեմ, լարեմ իրավիճակը: Երևի գիտեք, որ գյուղում մեծ լարվածություն կար: Շատ հարցեր իրավացի բարձրացնում էին, ես էլ շատ հարցերով համաձայն էի, օրինակ՝ աշխատողների հաստիքների ավել լինելը, կամ շատ-շատ հարցեր, որ բարձիթողի է եղել»,- ասում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է մշակույթի տան վարիչին, Ազատ Գրիգորյանն ասում է, որ այդ պաշտոնը զբաղեցնող Սարգիս Բարսեղյանն ավելի շատ բանվոր է և այդ աշխատանքի համար է վարձատրվում:

Համայնքապետարանն ունի նաև փականագործի հաստիք, ով ստանում է նույնքան աշխատավարձ, ինչ մշակույթի տան վարիչը՝ ամսական 85.000 դրամ: Ըստ Ազատ Գրիգորյանի՝ փականագործը գյուղի ջրամատակարարման պոմպերն է միացնում, անջատում, եթե պետք է լինում փոքր չափերի վերանորոգման աշխատանքներ է կատարում, հետևում է ջրերին: Իսկ մշակույթի տան վարիչը ջրի խողովակների վնասման դեպքում հողն է փորում, վնասված խողովակներն է նորոգում, փոխում է գյուղի գիշերային լուսավորության լամպերը, ծառերի չորացած ճյուղերն է կտրատում և այլն:

Ազատ Գրիգորյանն ասում է, որ մշակույթի տունը, որպես այդպիսին, չի գործում: Մի սենյակ մաքրել են, որ գյուղացիներն ազատ ժամանակ նարդի, շախմատ, շաշկի խաղան: Ձմեռը չեն ջեռուցում. ֆինանսական միջոցները սուղ են:

«Որպես բանվորական ուժի համար եմ պահում: Շատը պահում եմ իրեն իմ աշխատանքները, որ կազմակերպեմ: Մի հասարակ բան է, չոր ճյուղերն ասում եմ, որ կտրի, ու՞մ ասեմ, որ կտրի: Անգամ գնում եմ հող չափելու, մարդ չկա հետս, որ մետրով չափեմ, ցիցը խփեմ, գրեմ: Մի հոգի պետք է, որ անընդհատ քո ձեռքի տակ աշխատի: Ես իրան այդպես պահում եմ»,- ասում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հարցին, թե ճիշտ չէր լինի, եթե բանվորի հաստիք ունենան, քան մշակույթի տան վարիչին բանվորի տեղ պահեն, Ազատ Գրիգորյանը նշեց, թե չի ցանկանում «հեծանիվ հնարել», քանի որ աշխատակիցը մեծ գումար չի ստանում: Ըստ նրա՝ քանի հաստիքը կա, թող աշխատի: Բացի այդ, «կապիկության» կողմնակից չէ, քանի որ նույն բանն է ստացվելու:

Նշենք, որ տարիներ շարունակ մշակույթի տանն է գործել նաև համայնքային գրադարանը: Այժմ այդ տարածքը դարձել է անօգտագործելի: Ըստ Ազատ Գրիգորյանի՝ գրքերն «ակուրատնի» հավաքված, դրված է համայնքապետարանի շենքի մի հատվածում: Սակայն, երբ ցանկացանք նայել, թե որտեղ է դասավորված գրքերը, պարզվեց դռան բանալին մշակույթի տան վարիչի մոտ է, իսկ նա գնացել է շարժիչ վերանորոգելու: Երկու ժամ սպասեցինք մշակույթի տան վարիչ Սարգիս Բարսեղյանին: Սակայն, երբ վարիչը ցանկանում էր դուռը բացել, համայնքապետը հասկացնում էր, որ չբացի. «ոնց որ բանալին մոտդ չի, հա՞»: Պարզվեց, որ Սարգիս Բարսեղյանը բանալին «մոռացել» է տանը: Ազատ Գրիգորյանն ասում է, որ մշակույթի տանը տեղակայված գրադարանը մոտ 3 տարի է չի գործում:

Սարգիս Բարսեղյանը Վարդանաշենի մշակույթի տան վարիչի պաշտոնը զբաղեցնում է 2010թ. հունվարից: Ասում է, որ առաջին տարիներին աշխատացրել են մշակույթի տունը, նույնիսկ ձմռան ամիսներին էլեկտրական սալիկներով ջեռուցել են տարածքը, և գյուղացիները նարդի, շաշկի են խաղացել: Ասում է, որ վերջին 2 տարին է, որ մշակույթի տունը չի գործում, քանի որ շենքի վիճակը գնալով վատթարացել է: Սակայն, ընթացքում նշեց, որ այսօր էլ մշակույթի տունը գործում է՝ թենիսի սեղան է դրված, նարդի, շաշկի են գնել, որ մարդիկ այնտեղ խաղան

Մինչդեռ բոլորովին այլ բան է գրված 2017թ. ընդունված համայնքի հնգամյա զարգացման ծրագրում: Մասնավորապես՝ «Համայնքում երկար տարիներ է, ինչ գլխավոր խնդիր է մնում մշակույթի տան բացակայությունը: 1969 թվականին կառուցված մշակույթի տունը արդեն 4 տարի է չի օգտագործվում՝ շենքային վատ և վտանգավոր պայմանների պատճառով»: Ստացվում է, որ մշակույթի տունը չի գործում 2013թ-ից:

Հարցին, թե մշակույթի տանը վերջին անգամ երբ է մշակութային միջոցառում անցկացվել, Ս. Բարսեղյանը պատասխանեց՝ 2015թ-ին: Ասաց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումն են այնտեղ անցկացրել, այդ տարիներին նաև պարի խմբակ են ունեցել, վերջին զանգի միջոցառումներն են կազմակերպել:

«Ֆինանսիստ չենք ունեցել վերջին 2-3 տարին հողերի փողերն եմ հավաքել: Մասնակցել եմ գյուղի խմելաջրի խողովակների վերանորոգման աշխատանքներին, ինչը հաճախակի է լինում»,- ասում է Սարգիս Բարսեղյանը:

Հաստիքով ակումբի վարիչից հետաքրքրվեցինք, թե մշակույթի տանը քանի մարդ է աշխատել: Նշեց, որ ինքը եղել է և ակումբի վարիչ և պահակ: Ասում է, որ պահակի հաստիք չեն ունեցել, ինքը չի իմացել, որ պահակ եղել է, քանի որ պահակի աշխատանքը ևս ինքն է կատարել: Գրադարանի վարիչ էլ չի եղել, այդ աշխատանքը ևս ինքն է իրականացրել:

Սակայն ուսումնասիրելով Վարդանաշեն համայնքի ավագանու 2017թ. տարեվերջի որոշումը` պարզեցինք, որ համայնքապետարանն ունեցել է մշակույթի տան պահակ՝ 80.000 դրամ աշխատավարձով: Մշակույթի տան պահակ ձևակերպվել է համայնքապետի տեղակալ Էդիկ Զաքարյանի կինը՝ Կարինե Հայրապետյանը: Իսկ 2018թ. ունեցել են նաև վարորդ:

2019թ. հաստիքացուցակում նշված է միայն մշակույթի տան վարիչի հաստիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter