HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Գյումրին. երկրաշարժը բաժանել է երկու քաղաքի

2016 թվականի Վենետիկի բիենալեի ճարտարապետության ցուցադրության շրջանակում Հայաստանը ներկայացված էր «Անկախ կենսապատկեր» ազգային տաղավարում։ Դա մի փորձ էր քննադատական վերլուծության ենթարկել անկախության շրջանի կենսապատկերի (լանդշաֆտի) փոխակերպումներն ու մտորել ապագայի մասին՝ փորձելով ձերբազատվել ճարտարապետական ժառանգության պահպանության վերաբերյալ անընդհատ շարունակվող տեղապտույտից։ Այդ շրջանակում «(Վեր)այցելելով հետերկրաշարժային Գյումրի» նախագծով ցանկանում էինք Սպիտակի երկրաշարժի արդյունքում կատարված վերականգնողական ծրագրերի վերաբերյալ հանրային ու մասնագիտական քննարկում ծավալել՝ նպատակ ունենալով անկաշկանդ խոսել բացթողումների վերաբերյալ։

2016-ին Գյումրիի նորակառույց թաղամասերում բնակվող եւ Կատարինա Ռոթերսի ղեկավարած «Թումոյի» աշխատարանի մասնակիցները լուսանկարչության միջոցով, իսկ Վահան Իշխանյանն իր ստորև ներկայացված  հետաքննությամբ բացում են այդ մեծ քննարկումը։ Լուսանկարների մի փունջ և Իշխանյանի հոդվածի անգլերեն մի փոքր հատված հրատարակվել է։  Հոդվածն ամբողջությամբ առաջին անգամ է հրատարակվում։  

Սարհատ Պետրոսյան
ճարտարապետ-քաղաքաշինարար, ազգային տաղավարի համադրող

Հոդվածում օգտագործվել են Կատարինա Ռոթերսի ղեկավարած «Թումոյի» աշխատարանի մասնակիցների լուսանկարները

 

Գյումրին. երկրաշարժը բաժանել է երկու քաղաքի

Գյումրին 20-րդ դարում երկու երկրաշարժի ենթարկվեց, և եթե 1926 թվականի երկրաշարժն ավերեց քաղաքի բազմաթիվ տներ և դարձավ միայն պատմություն, ապա 1988-ի երկրաշարժն ավերակ դարձրեց ոչ միայն շինությունները, այլև քաղաքի հոգին:

Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, մայրաքաղաք Երևանից 122 կմ դեպի հյուսիս, հարևան Թուրքիայի սահմանին:

Ինչպես նկատում են մասնագետները, ի տարբերություն Հայաստանի մնացած բնակավայրերի, Գյումրին ունի հարուստ ճարտարապետական, քաղաքաշինական ժառանգություն, որը միասնական է և անխաթար վիճակում: Երևանը մինչ 1930-ական թթ. ոչ պակաս հարուստ և միասնական ճարտարապետական ժառանգություն ուներ՝ իր հստակ նախագծով, սակայն խորհրդային տարիներին, ապա անկախ Հայաստանում այնպես քանդվեց, որ պատմական ամբողջական թաղամաս չմնաց, և կանգուն են մնացել մի քանի հին շենքեր:

Երկու երկրաշարժերը Գյումրիին մեծ ավերներ պատճառեցին, մանավանդ երկրորդը, որ հողին հավասարեցրեց 80-ականներին կառուցված բարձրահարկերը, այսուհանդերձ պատմական քաղաքը գրեթե չավերվեց:

Հատված Վահան Չերազի նամակից

3 նոյեմբերի, 1926 թ.

Այսօր 12 օր է, որ գործերնիս բնութեան այդ ահեղ քմահաճոյքին հետ է: Հոկտ. 22-ի գիշերը երկու ցնցումով քաղաքին խէրը անիծեց, շրջանի 8-10 գիւղը հիմնայատակ փլցուց, և այսպէս ժամանակ, ձմեռուան դուռը, հազարաւոր ժողովուրդին ահագին զուլում պատճառեց: Մինչև երէկ ցնցումները կը շարունակուէին: Երէկ երկու անգամ հողը ուժով մը խաղաց, իրարմէ 10 վայրկեան միջոցով: Հազարաւոր որբերը դուրսը կը պառկին այս ցուրտին, որովհետև շէնքերուն մէջ մտնալէ կը վախնան, և իրաւունք ունին: Կոմիտէին ունեցած վրաններու թիւը չափազանց քիչ է, եղածներն ալ որբերուն չէ, որ պիտի հասնին: Ո՞վ որի: Մենք և Պաճօյենք մէկ եղած, տախտակներով և վերմակներով «կիւլիպէ» մը շինած ենք, մտած ենք տակը: Comfortable ըլլալէ հեռու է, բայց ի՞նչ ընենք: Մենք չի տանջուինք նէ, ո՞վ պիտի տանջուի: Բարեբախտաբար օդերը թէև գիշերը ցուրտ, բայց ցորեկները տաք ու պայծառ են: Օր մը միայն կարճատև ձիւն մը եկաւ: Բայց ձմեռուան վերջնական մուտքը քանի մը օրուան խնդիր է:

Գիւղերուն դրութիւնը աւելի սարսափելի է: Քանի մը գիւղեր քար քարի վրայ չի մնաց, շատ զոհեր եղան և մինչև հիմա գետինը կը խաղայ: Բայց օգնութիւնը ամէն կողմէ կը հասնի: Պէտք է ըսել, որ Կոմիտէն ալ մի քանի գիւղի մէջ շատ կարևոր օգնութիւն ցոյց տուաւ: Եթէ չի հաշւենք մարդկային անդարմանելի կորուստները, գիւղացին եթէ ոչ հիմա, գէթ շատ չ’անցած` նոյնքան և գուցէ աւելի նպաստաւոր վիճակի մէջ ըլլայ, քան առաջ: Ներկայիս արագ և առատ կերպով շինւող գետնափոր տները իրենց առաջւան տուներէն շատ գէշ չ’են: Կարևորը այն է, որ ապրելու պայմաննին, կենցաղնին փոխեն, բայց այդ կողմէն շատ քաջալերիչ յոյսեր չկան:

Ինչ ալ ըլլայ, աղէտը շատ մեծ, անակնկալ և յուսաբեկիչ էր: Շատեր, որոնք առանց ոգևորութեան կ’ապրէին այս անհրապոյր շրջանին մէջ, առիթէն օգտուելով՝ կը թողնին կ’երթան, և փոքրամասնութիւնն է միայն, որ ձմեռը անցընելէ վերջ Թիֆլիսէն, Վրաստանէն կամ ուրիշ տեղերէ պիտի նորէն Հայաստան վերադառնայ: Քաղաքը, Հայաստանի երկրորդ քաղաքը (արդէն ուրիշ չկայ), գրեթէ ամբողջութեամբ վերաշինության կը կարօտի, և անգամ մը որ երկրաշարժի երևոյթը քիչ շատ պարբերական և մնայուն հանգամանք մը առաւ, քիչեր պիտի համարձակին փոքր ի շատէ substantial շէնքեր շինել, և պիտի բացուի թեթև, յարևանցի և շարժական տուներու շրջան մը: Բնակութեան տեսակէտով այս հեռանկարը որոշ չափով տանելի է, պայմանաւ որ երկու չարիքի դէմ միջոցներ առնուի: Առաջինը գողութիւնն է, որ ընդհանրացած ու արմատացած է ժողովրդին մէջ, իսկ երկրորդը վառելանիւթի պակասը: Բայց վարչութիւնները, գործարանները, դպրոցները, հիւանդանոցները, ևլն, անպատճառ կանոնաւոր շէնքերու կը կարօտին:

Եթէ ինձ մնայ, campingի նմանող բնակութեան այս նոր պայմաններուն սիրով կը հաշտուիմ: Դուրսը պառկելէս ի վեր առողջութիւնս բարւոքած կ’զգամ: Մեր սենեակը, որ հազար դժուարութիւններէ վերջ նոր էինք գտած, բաւական վնասւած էր վտանգաւոր, որովհոտև 2-րդ յարկ է դռնէն հեռու: Ես կ’ուզէի հոն բնակիլէ բոլորովին հրաժարել և փայտաշէն կոկիկ տնակ մը շինել, բայց տախտակը շատ սուղ է, այնպէս որ այս օրերս Dug-ont մը շինելու կը խորհիմ:

(Նամակը հրապարակվել է Ինքնագիր գրական հանդես-ում)

Գյումրիի այդ հարուստ ժառանգությունը հիմնականում վերաբերում է 19-րդ դարում կառուցված քաղաքին:

Թեև պեղումները ցույց են տալիս, որ Գյումրիի տարածքը բնակեցված է եղել դեռևս 5 հազար տարի առաջ, նաև միջնադարում էլ բնակավայր է եղել (Կումայրի, ապա Գյումրի անուններով), այսուհանդերձ այսօրվա ճանաչված Գյումրին կառուցել են 19-րդ դարում ռուս գաղութարարները, երբ 1804-05 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Գյումրին անցավ Ռուսական կայսրությանը և 1837 թ. վերանվանվեց Ալեքսանդրապոլ` ի պատիվ ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի (1924-ին էլ վերանվանվեց Լենինական` ի պատիվ ռուսական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի, ապա Հայաստանի անկախությունից հետո՝ 1992-ին, դարձավ Գյումրի):

1976 թ. Գյումրիի գլխավոր ճարտարապետ է նշանակվում Սաշուր Քալաշյանը և նախաձեռնում քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, որում առանցքային դեր ուներ մշակութային ժառանգության պահպանումն ու մշակումը:

«Մենք անդրադարձանք, որ քաղաքի վարչական սահմանները չեն կարող ընդարձակվել, քանի որ քաղաքը շրջապատված էր գյուղատնտեսական վարելահողերով, և զարգացումը պետք է գնար քաղաքի հարևան տարածքներ, ուր հողերը մեծ արժեք չունեին, այսինքն՝ ստեղծվեին քաղաքից դուրս փոքր արբանյակ քաղաքներ,- ասում է 80-ամյա Քալաշյանը, որ 13 տարի եղել է քաղաքի գլխավոր ճարտարապետ,- միաժամանակ պետք է անդրադառնայինք պատմական ժառանգությանը: Մենք մշակեցինք գլխավոր հատակագիծը, զարգացումը գնում էր դեպի Բենիամին գյուղի մոտակա տարածքը (հարավում), պատմական միջավայրի պահպանման համար ուսումնասիրեցինք այլ քաղաքների փորձը, եղանք Նովգորոդում, մերձբալթյան հանրապետություններում, Թիֆլիսում և օգտվելով նրանց փորձից՝ ստեղծեցինք հուշարձանների պահպանման նոր հայեցակարգ, որով ամբողջ հին քաղաքը հայտարարվեց Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան: 1980-ին կառավարությունը հաստատեց թանգարանի սահմանները: Աշխատանքները եռանդուն առաջ էին գնում էն աստիճան, որ ճարտարապետներն ավտոբուսով գալիս էին էքսկուրսիա, մինչև երկրաշարժը եղավ»:

1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժն ամենածանր հարվածը հասցրեց Գյումրիին, 24 հազար զոհերից 17 հազարը Գյումրիում եղավ, ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքում ավերվեց 526 շենք` կրթօջախներ, գործարաններ, բնակելի շենքեր և այլն ( Վահան Իշխանյան, Մեռնող քաղաք Գյումրի:- «Այժմ», 1998, 7 հոկտ.:), մոտ 26 հազար ընտանիք մնաց անօթևան (Ըստ կառավարության տված տեղեկանքի՝ Շիրակում ավերվել է 24 159 բնակֆոնդ, ըստ «Շիրակ» կենտրոնի տվյալների՝ 1100 անօթևան կա, որոնք կորցրել են մասնավոր առանձնատուն կամ հաշվառված չեն որպես բնակարան կորցնող):

Փլուզվեցին հիմնականում 80-ականներին կառուցված շենքերը, իսկ հին քաղաքը մնաց կանգուն, և այսօրվա հաշվարկներով 1100 հուշարձան շենք է պահպանվել Գյումրիում:

«Շենքերը փլուզվեցին սեյսմիկության արհամարհանքի պատճառով,- ասում է Քալաշյանը,- Գյումրիի հողերը կավահող են, կավահողի վրա բազմահարկ չեն սարքում, հին շենքերը մնացին, քանի որ ցածրահարկ էին, իսկ բազմահարկերը քանդվեցին: Նաև այն ժամանակվա նորմերը թուլացված էին, պետությունն էր պատվիրատուն և ամեն տարի ասում էր՝ ցեմենտի ծախսը քչացրեք, երկաթի ծախսը քչացրեք, քչացրեք, կողքից էլ գողանում էին, ու շենքեր կային, որ բաց ես անում, ավազից բացի ուրիշ բան չկա, քամին էլ որ խփեր, կքանդվեին»:

ԽՍՀՄ-ը հայտարարեց, թե աղետի գոտին 3 տարում կվերականգնի, ինչից գայթակղված՝ Հայաստանի ղեկավարները արհեստականորեն մեծացրին աղետի գոտու սահմանները և ծավալները. քանդեցին վնասված, բայց դեռ շահագործման համար պիտանի շենքերը:

Ավերված թամաղամասերը հրաժարվեցին վերականգնել, քանի որ այդ տարածքներում գոյացան անտուն մնացածների ժամանակավոր կացարանները (մինչև այժմ 60-ից ավելի տնակային թաղամաս կա):

Իսկ Քալաշյանի ղեկավարությամբ ստեղծված արդեն պատրաստի գլխավոր հատակագիծը մի կողմ դրվեց, և մշակվեց այդ հայեցակարգի ճիշտ հակառակը: Որոշվեց, որ նոր թաղամասերը կառուցվեն ոչ թե սեյսմակայուն ժայռային գրունտ ունեցող Բենիամինում, այլ քաղաքին կից Մարմարաշենի վարելահողերի վրա, որտեղ գրունտը նույն կավայինն է, և ուր հոսում են ստորգետնյա ջրեր:

«Մարմարաշենը հարթ տեղ էր, իսկ Բենիամինը թմբերով էր, հարթ չէր, իսկ ռուսները սովոր չեն թմբերի վրա սարքել, Հայաստանի վրա ճնշում գործադրեցին,- ասում է Քալաշյանը:- Այն ժամանակ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար նշանակվել էր Սուրեն Հարությունյանը, ես անձամբ հանդիպել եմ նրա հետ, տարել, ցույց եմ տվել Բենիամինը, ես զգում էի, որ նա հասկանում է, բայց ճար չուներ, ճնշման տակ էր, գումարած հհշական շարժումները (Հայոց համազգային շարժումը, որ Սովետական Միության վերջին տարիներին ամենահեղինակավոր ազգայնական շարժումն էր, 1990-ին եկավ իշխանության)՝ ռուսներին դուրս արեք, շինարարությունը դադարեցրեք, մենք ինքներս կսարքենք: Էդ միջավայրում էլ ոչինչ չեղավ անել»:

Մոտ 400 հեկտար տարածքում Մարմարաշենի վարելահողերը հանեցին-տարան, տեղը կառուցեցին երկու թաղամաս՝ Անին և Ավստրիականը՝ առանձնատներով թաղամասը: Սովետական Միության փլուզումից հետո` 1991-ին, շինարարները հեռացան, և հանած հողերի տեղը մնացին փորված հիմքեր ու կիսատ մնացած կառույցներ:

Աղետի գոտին դարձավ մարդկանց ողբերգության հաշվին հարստանալու աղբյուր:

Խորհրդային շինարարները Գյումրիում թողեցին հսկայական չափով շինարարական տեխնիկա` 427 վերամբարձ կռունկ, 44 բետոնամշակող մեքենա և այլն(Մեռնող քաղաք Գյուրի:- Այժմ, 1998, 7 նոյեմբեր):

Նոր իշխանությունները որևէ նոր ծրագիր չմշակեցին և թույլ տվեցին, որ ամբողջ շինանյութը և տեխնիկան թալանվի:

Քաղաքային կղզիներ

2000-ականներին Անիի մոտ ևս մի թաղամաս կառուցվեց՝ Մուշ 2-ը: Սակայն դեռևս մոտ 200 հեկտար տարածքում ցրված են 1990-ականներից մնացած կիսակառույց շենքերը: Ժամանակին անօթևաններին տեղավորելու համար բնակավայրերից հեռու այդ կիսակառույց կղզյակներից մի քանիսի շինարարությունն ավարտել են:

Այդպիսի մի կղզյակ է 1997-ից բնակեցված քառահարկ երեք շենքերից բաղկացած Շիրակացի թաղամասը, որտեղից մոտակա դպրոցն ու խանութը մոտ մեկ կմ հեռավորության վրա են: Շենքերի հասցեներն են՝ 67, 68, 69: Ո՞րն է 66-րդը: Բնակիչները ցույց են տալիս բակը շրջափակող կիսակառույց մի շենք, որը նրանք պաշտպանում են թալանչիներից: «Մենք ենք պահում, որ չքանդեն ու էրեխեքի վրա հանկարծ բետոնի կտոր չընկնի»,- ասում է 25-ամյա բնակիչ Սամվել Պասկևիչյանը:

Մյուս կիսակառույց շենքերը կարծես կրծած լինեն. աղքատ մարդիկ մուրճերով քանդում են բետոնը և ներսի մետաղը հանում, վաճառում: «Մենք ջունգլիներ կապրինք, 8-ից հետո դուրս չես գա, գելերը կհարձակվին»,- ասում է Պասկևիչյանը:

Երեք շենքում 10-12 ընտանիք է բնակվում, մյուսները դռները փակել, գնացել են, իսկ բնակվողներն էլ զղջացել են, որ իրենց ժամանակավոր կացարանները թողել, նոր բնակարան են ստացել. «Մի դոմիկ տան, հետ գնանք, ավելի լավ կլինի, էրեխեքը դպրոց են գնում՝ ոտքներին ցելաֆան քաշած, մի անձրև գա՝ բոլորս ցեխի մեջ ենք խրվում»,- ասում է չորս երեխաների մայր Անահիտ Կարապետյանը:

Իշխանությունները չեն ուզում տեսնել, որ Շիրակացի թաղամասում բնակիչներ կան: «Այնտեղ մարդիկ չեն ապրում»,- ասում է Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Բայց իրականում ապրում են:  

«Քանի՞ հոգի են ապրում: Երկաթգծի շենքերն են, դրանք հանձնվեցին երկաթգծի վարչությանը,- բացատրում է Մարգարյանը, թե ինչու ուշադրություն չեն դարձնում թաղամասին,- որը իր սեփական միջոցներով էդ շենքերը սարքեց, ավարտեց, բնակեցրեց, բաշխեց, հետագայում, քանի որ կղզիացած էր, խնդիրներ կային գազի, ջրի, ու էդ շենքերը կամաց-կամաց դատարկվեցին, թալանվեցին, էդ ծրագիրը լիարժեք չիրականացվեց»:

Սակայն ինչպե՞ս «չիրականացված ծրագրում» շարունակեն ապրել մարդիկ, ովքեր ոչ մի տեղ չունեն գնալու:

«Պետությունը ծրագրել էր ամբողջ կոմպլեքս Մարմարաշեն թաղամասը կառուցել, որը 60 հազար ընտանիք պիտի ունենար, բայց հասցրեց կառուցել միայն Մուշը, ռուսները թողին, գնացին, հիմա էկավ երկաթգիծը, ասեց քաղաքապետարանին՝ էդ կառույցները տուր, քիչ բան է մնացել, կառուցեմ, տամ բնակիչներին, հիմա տվել ենք կազմակերպությանը, թող իր բնակիչներին տեր լինի»,- ասում է Մարգարյանը:

Մյուս կղզին Շերամ թաղամասն է, որտեղ 10 շենք է բնակեցված, Շիրակացուց ավելի հեռու՝ Մարմարաշեն գյուղի մոտ, որն ի տարբերություն Շիրակացու, ավելի հարմարավետ է, գոնե դպրոց և խանութ կա:

Այնտեղ, ուր պիտի լիներ Մարմարաշեն թաղամասը, կարծես երկնքից ռմբակոծման ենթարկված լինի, 200 մ-1 կմ-ով իրարից բաժանված առանձին շենքերի ավերակներ են ձգվում:

Գյումրիում աղետի գոտու վերակառուցումը պետությունը ավարտված է համարում: Պետությունը պարտք է մնացել երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած  69 ընտանիքի, որոնց մինչև 2016-ի վերջը նախատեսված է բնակարան գնելու համար ԲԳՎ-ներ տալ (բնակարանի գնման վկայական՝ սերտիֆիկատ, որով երկրաշարժից տուժած ընտանիքն իր ընտրած բնակարանը կգնի):

Թեև մոտ 8000 հոգի ժամանակավոր կացարաններում է ապրում, բայց այլևս ո՛չ համայնքը, ո՛չ պետությունը նոր շենքեր կառուցելու որևէ ծրագիր չունեն:

«Ո՞ւմ համար կառուցենք»,- ասում է Մարգարյանը: Նա տեղեկացնում է, որ պետությունը սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցման ծրագիր է իրականացնում Դիլիջանում և Մարալիկում, որտեղ հինգ բնակելի տուն է կառուցել: Սակայն այն քաղաքում, որտեղ ամենից շատ են տան կարիք ունեցողները, նման ծրագիր չկա:

Կիսակառուցները կշարունակեն դանդաղորեն ավերվել տեղումների հետևանքով: «Քիչ շենքեր են մնացել, 27 տարվա ընթացքում դրանք քայքայվել, շարքից դուրս են եկել, թալանվել են, դրանց կառուցման անհրաժեշտությունը չկա, դրանք կառուցելու համար ավելի մեծ գումար պիտի դնես, քան եթե զրոյից նոր շենք սկսես»,- ասում է Մարգարյանը:

Դոմիկներ. չապաքինվող ճեղքը

Մինչև 2000-ականները Գյումրիում դեռևս 17 հազար ժամանակավոր կացարանի բնակիչ կար ( Շիրակի մարզպետարանի տեղեկանք 1), այսօր մոտ 3000 ընտանիք է մնացել (մարզպետարանը 2700 է ասում, հասարակական կազմակերպությունները՝ 3000):

Պաշտոնապես Շիրակի մարզում բնակարան է կորցրել 26711 ընտանիք, որից 24159-ը՝ Գյումրիում, մոտ այդքան էլ բնակարան է կառուցվել: Տարբեր ծրագրերով մինչև 2015 թ. Շիրակում բնակարանով փոխհատուցվել է 22782 ընտանիք, որից 21001-ը՝ Գյումրիում ( Շիրակի մարզպետարանի տեղեկանք 1):

Մինչև 2000-ականները պետությունը բյուջեով և տարբեր կազմակերպությունների աջակցությամբ տուժած ընտանիքների համար շենքեր էր կառուցում (ըստ կառավարության տվյալների՝ 1989-2013 թթ. Շիրակի մարզում կառուցվել է 16981 բնակարան, որից 16040-ը՝ Գյումրիում): Ապա Վաշինգտոնի «Ուրբան» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղն իրականացրեց մեկ այլ մոդել. անտունների համար շենք կառուցելու փոխարեն նրանց տրվում էր բնակարանի գին ունեցող վկայական՝ ԲԳՎ (բնակարանի գնման վկայագիր), որով իրենք էին ընտրում և գնում բնակարան: Այս ծրագիրը, մի կողմից, պետությանն ազատում էր իր ստանձնած նոր շենքեր կառուցելու պարտավորությունից, մյուս կողմից՝ արտագաղթող քաղաքի դատարկ բնակարաններն էին իրացվում: 2000-2004 թթ. «Ուրբանը» Շիրակի մարզում բաժանեց 4838 ԲԳՎ, որից 4091-ը՝ Գյումրիում, ապա մոդելը փոխանցեց կառավարությանը, որն էլ 2005-2015 թթ. հատկացրեց 770 ԲԳՎ ( Շիրակի մարզպետարանի տեղեկանք 1):  

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը ներկայացնում է մի պարադոքս. մինչև երկրաշարժը Գյումրիում բնակվում էր 260 հազար մարդ, վերջին՝ 2015-ի պաշտոնական տվյալներով՝ քաղաքը 118 հազար բնակիչ ունի, ոչ պաշտոնական հաշվարկներով մոտ 80-90 հազար մարդ է ապրում: Ուրեմն բնակչությունը 2-2,5 անգամ նվազել է, երկրաշարժի հետևանքով տուժածներից գրեթե բոլորը ստացել են բնակարաններ կամ երկրից հեռացել են, սակայն տնակային թաղամասերը մնացել են այնքան, ինչքան կային, միայն՝ ավելի նոսրացած:

Այլևս ժամանակավոր կացարաններում աղետից տուժածները քիչ են: Ըստ Թումասյանի՝ անօթևան կամ ժամանակավոր կացարաններում բնակվող չորս կատեգորիայի բնակիչներ կան. առաջին՝  1100 ընտանիք, աղետից այն տուժածները, որոնք ժամանակին հերթագրվելու համար փաստաթուղթ չեն կարողացել ներկայացնել կամ կորցրել են մասնավոր առանձնատուն, և պետությունը հրաժարվում է նրանց ճանաչել որպես աղետից տուժած, երկրորդ՝ ընտանիքներ, որոնք ստացել են բնակարան, սակայն ապրուստի միջոցներ չունենալով՝ վաճառել են ու վերադարձել տնակ, երրորդ՝ բնակարան ստացած այն ընտանիքները, որոնք ընդլայնվել են. ընտանիքի անդամները, ամուսնանալով ու երեխաներ ունենալով, չեն տեղավորվել բնակարանում և տնակ են ձեռք բերել, նաև աղքատ գյումրեցիներ, որոնք պարզապես տանիքի կարիք ունեն, և չորրորդ՝ այլ բնակավայրերից Գյումրի եկած մարդիկ:

Այս խմբերից առնվազն երեքը կային Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող տնակային թաղամասերից մեկում:

Չքավոր մարդիկ գնել են 28 տարվա ընթացքում քայքայված այն տնակները, որոնք պետությունը պարտավոր էր բնակիչներին բնակարանով ապահովելուց հետո քանդել: «Տնակ քանդողները», վաճառելով տնակները, սեփական գրպաններն են լցնում, մի կողմից նպաստում, որ ժամանակավոր կացարանների թաղամասերը չվերանան, մյուս կողմից՝ օգտակար են լինում այն մարդկանց, որոնք տանիքի կարիք ունեն:

26-ամյա Արտյոմ Մանուկյանի համար նորաստեղծ ընտանիքին կացարանով ապահովելու միակ ձևը տնակ գնելն էր: Ասում է, որ երկրաշարժից հետո ընտանիքին՝ մորն ու հինգ եղբայրներին, տուն են տվել, սակայն երբ ամուսնացել, երկու երեխա է ունեցել, անհնար էր ապրել միասին: 8 մետր երկարություն, 3 մետր լայնություն ունեցող բարակ պատերով տնակը «դոմիկ քանդողներից» երկու տարի առաջ գնել է 300 հազար դրամով, տեղափոխվել Վազգեն Սարգսյան փողոց, քաղաքապետարանից ստացել հասցե՝ 224/492 տնակ: Կողքին թափոններով կցմցել է մի ծածկ, որը որպես լոգարան են օգտագործում, քիչ այն կողմ` փոս է փորել զուգարանի համար:

Հյուսիսային Գյումրիում, որտեղ ձմռանը ջերմաստիճանն իջնում է մինչև 20-30 աստիճան, բարակ տախտակի պատերով տնակում կրակը հենց հանգչի, ամեն ինչ սառչում է, իսկ ամռանը թիթեղյա տանիքը տաքանում ու խաշում է:

«Ձմեռը ցրտից դիմանալ չի լինի, անցած ձմեռ մեշոկներով էրեխեքի ու իմ հագուստներն եմ վառել, որ մի քիչ տաքնամ, ինչքան կոշիկ ու սապոգ եմ ունեցել տունը, վառել եմ: Մեկ էլ Թումասյանի օգնությունն է եղել»,- ասում է Արտյոմը («Շիրակ» կենտրոնը տնակների բնակիչներին ձմռանը վառելիք է բաժանում):

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանից վերադարձել և աշխատած փողով միայն պարտքերի մի մասն է փակել: Երկու տարի առաջ բանկից ստացած 800 հազար դրամ վարկը տույժերով ու տոկոսներով կրկնապատկվել է, չի կարողանում փակել, և հիմա դատարանից ծանուցում է ստացել: Վահան Թումասյանն ասում է, որ տնակների բնակիչներից շատերն են բանկային վարկերի տակ մնացել:

«Շնորհքով, աշխատասեր տղա եմ, ուղղակի գործ չկա, գործարան լիներ՝ ես շատ սիրով կաշխատեի, էրեխեքիս էլ լավ կպահեի, պետական վարձերն էլ կմուծեի: Բուժքույրը կսրսկե կնոջս, մեկ, երկու, երեք օր, ես էլ տղա եմ, կմտնիմ գետնի տակ, վատ կզգամ, որ չեմ կրնա վարձը տալ: Անտանելի կյանք է, մենակ լինեի՝ կերթայի Ռուսաստան, պատի տակը կապրեի, ավելի երջանիկ կլինեի ռուսի ձեռի տակը»:

Նոր բնակարան ստանալու հարցը հենց լսում է, ջղային ասում է, որ իր քրտինքով վաստակած տնակը ոչ մեկին չի զիջի. «Եթե տրվածի դիմաց տնակը պիտի առնեն, քանդեն, վառելիք սարքեն, ես համաձայն չեմ, չէ, քրիտինք եմ թափել, կոպեկ-կոպեկ էս տունը արել եմ, որ քանդեն, բաժանեն վառելիքի տե՞ղ»:

Հարևան տնակում ընտանիքի հետ 10 տարի ապրում է 32-ամյա Ռաֆայել Պետրոսյանը, 8 մետրանոց տնակը գնել է«դոմիկ քանդողներից» 800 դոլարով և տեղափոխվել տնակային այս թաղամաս: Ռաֆիկը որբ է, 18 տարեկանում Երևանի Վարդաշենի որբանոցից դուրս է եկել ու ընտանիք կազմել, կինն էլ որբ է, Գյումրիի մերձակա գյուղերից է, երկու երեխա ունեն:

«Գեղերը գնացինք անասուն պահեցինք, պահակություն ու բանվորություն արեցինք, կապեկ-կապեկ հետ գցի, էս դոմիկը առա»: Սա նրա համար մշտական տուն է. «Բնակարանի հարցը գցել եմ Աստծուն»: Ամուսինները հիվանդ են, Ռաֆիկը էպիլեպսիկ է, սակայն հաշմանդամության թոշակ չի կարողացել ձևակերպել: Նրանց միակ եկամուտը 28 հազար աղքատության նպաստն է:

68-ամա Լիդա Հարությունյանը տնակների այս համայնքի միակ աշխատողն է, փողոցները մաքրող հավաքարար է, քաղաքապետարանից ամսական 59 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Ծնվել է Սպիտակում, ապրում էր Երևանում, երկու տարի առաջ տեղափոխվել է Գյումրի՝ Սպիտակից էլ բերելով հոգեկան հիվանդ քրոջը՝ Արևհատին. «էսի (տնակը) իմ ուժերով հավքել եմ, չեմ կերել, չեմ խմել, առել եմ 350 հազար դրամով»:

Ինը մետրանոց տնակը նրանց համար հիմնական կացարան է, ծեր կինը որևէ հույս չունի, թե երբևէ իրեն ուշադրություն կդարձնեն ու բնակարան կտան: Սպիտակում ունեցած տունը երկրաշարժից փլվել է. «Քուրս Սպիտակում կայարան էր ապրում, տուն ուներ, բայց տան նման չէր, երկրաշարժին տունը փլվել ա, մնացել ա կուխնիան, մեջը ապրել ենք՝ ո´չ ջուր, ո´չ զուգարան, ոչինչ չեմ ունեցել»:

Լիդայի տան կողքին` ծածկի տակ, ապրում է Աղունիկ Պետրոսյանը, երբ անձրև է գալիս, պատսպարվում է ավերված կամազի տակ: Նա ոչինչ չունի. «Ոչ մի հասցե չունեմ, պասպորտիս մեջ խփած հասցե ունեմ՝ 224/492 Վազգեն Սարգսյան, բայց տունը չկա, հրդեհվել է: Տղերքս մահացել են, ամուսինս մահացել է, ծնողներս մահացել են, ոչ ոք չունեմ»:

Այն, ինչ կոչվում էր ժամանակավոր կացարան, այժմ բնակիչների համար մշտական է:

«Առաջ տարբերություն չկար՝ տնակում կապրես, թե շենքում, ամբողջ քաղաքը մի վիճակի մեջ էր, տնակի բնակիչն էլ սպասում էր, թե երբ շենք կտեղափոխվի,- ասում է Թումասյանը, որ 10 տարուց ավելի տնակային բնակչությանն աջակցող ծրագրեր է իրականացնում,- բնակարանային ծրագիրն իրականացվելուց հետո տնակները մնացին, տնակային թաղամասերը մնացին, որտեղ բնակվում են ամենաանճար, հիվանդ, աղքատ մարդիկ: Ու քաղաքում երկու համայնք ձևավորվեց՝ նորմալ տներում բնակվողներ և անկլավային գետտոներ: Նրանք իրենց անկախ կանոններով կապրին, տնակներից շատ քչերն են դպրոցից հետո ուսումը շարունակում, բանակից հիվանդության պատճառով ազատվողների 80 տոկոսը տնակներից են: Խոնավություն, առնետներ, վաղաժամ ամուսնությունները մասսայական տարածված են տնակներում, որովհետև ուրիշ բան չկա անելու, ամուսնանան, բաժնվին, բազմանան անտերուդուս»:

Ինչո՞ւ Գյումրիում աղետի գոտու բնակարանային ծրագիրն ավարտվելուց հետո տնակային թաղամասերը մնացին:

Թումասյանը, աղքատությունից բացի, այլ պատճառ է նշում, որն աղետի գոտու վերականգնման ծրագրի մեջ է: Ժամանակավոր կացարանների և քաղաքի վերակառուցման տեղերը պիտի փոխված լինեին, ժամանակավոր կացարանները կառուցեին քաղաքից դուրս, իսկ քաղաքը կառուցեին այնտեղ, որտեղ ավերվել էր: Այդ դեպքում, երբ տուժածներին կապահովեին բնակարաններով, քաղաքից դուրս գտնվող ժամանակավոր կացարաններում ոչ ոք չէր ցանկանա ապրել, ու կվերանային: Սակայն ճիշտ հակառակն արեցին` ժամանակավոր կացարանները կառուցեցին քաղաքի մեջ, հիմնականում՝ այգիներում ու կանաչ տարածքներում, իսկ վերակառուցումը՝ քաղաքից դուրս:

«Քանի որ քաղաքից դուրս կոմպակտ ժամանակավոր ավան չկառուցեցին, ով որտեղ ուզեց, տնակ տնկացրեց, ռուսական շինարարական կազմակերպություններն էլ որտեղ պատահեց, իրենց համար ճամբար կառուցեցին: Սովետը փլվեց, իրենք գնացին, և ամբողջ քաղաքը խառնաշփոթ մնաց: Տարիների ընթացքում ինֆրաստրուկտուրաները վերականգնվեցին, առողջապահական համակարգ, դպրոցներ,մանկապարտեզներ կառուցվեցին: Մնաց բնակարանային խնդիրը, ու նաև չվերականգնվեցին զբոսայգիներն ու մշակութային օջախները (միայն մի այգի կա՝ Գորկան, էն էլ ռեստորանային տեղ են դարձրել): Ինչքան կանաչ տարածք ուներ քաղաքը՝ մարզադաշտը, զբոսայգիներ, բարեկամության այգի, ուսանողության այգի, փոքր ու մեծ տասնյակ այգիներ, ամբողջը պատեցին տնակներով ու վրաններով: Իրենք ասում էին՝ երկու տարում կկառուցենք քաղաքը, բնակիչներին կտեղավորենք, տնակները կհանենք, բայց 25 տարում հազիվ հասցրել են ապահովել տուժածներին, և այս ընթացքում տնակները դարձան մշակույթ»:

Իշխանությունները միայն մաքրեցին քաղաքի ամենակենտրոնական մասի տնակները, ինչը, ըստ Թումասյանի, միայն պաշտոնյաների շահով էր թելադրված. «10-15 տարի առաջ հասկացան, որ չեն կարող տնակների պրոբլեմը լուծել, բայց չէին էլ ուզում թողնել, որ քաղաքի կենտրոնական փողոցներում տնակներ մնան, ու կենտրոնական փողոցների մայթեզրերի բնակիչներին կա´մ փոխհատուցեցին, կա´մ ստիպողաբար քանդեցին, տեղափոխեցին այլ վայրեր,- ասում է Թումասյանը,- Սայաթ-Նովայի, Լենինգրադյանի եզրերը մաքրեցին, որովհետև տարածքը թանկ կվաճառեն, Սավոյանի տնակները չմաքրեցին (քաղաքի ծայրամասում տնակային թաղամաս), որովհետև այնտեղ տարածքին փող տվող չկա»:

Թումասյանը քաղաքի համար անհրաժեշտ խնդիր է համարում այգիների վերականգնումը, որը հնարավոր կլինի, եթե նախկին այգիների տեղը գտնվող տնակները վերացնեն. «Պատահական չի, որ թոզի մեջ կորած է քաղաքը, փողոցները մաքրում են ամեն օր, բայց ոչ մի օգուտ, կանաչ տարածք չկա»:

«Շիրակ» կենտրոնը բարեգործական հանգանակություններով 4 տարվա ընթացքում մոտ 50 բնակարան է հատկացրել տնակների բնակիչներին, միայն 2016-ին՝ 17 բնակարան: Հիմնականում այն մարդկանց են ապահովում, որոնց տնակները նախկին այգիներում են, որ այգիները վերականգնելու հնարավորություն ստեղծվի: Ազատված տնակները քանդում են, որ կրկին չվերաբնակեցվեն: Տնակներում ապրողներին բնակարանով ապահովելու նման ծրագիր է իրականացնում ևս երկու կազմակերպություն:

Թումասյանն ասում է՝ իշխանությունները սպասում էին, որ Ռուսաստանի կազմակերպած միգրացիոն ծրագրով տնակների բնակիչներն արտագաղթեն, և թեթևանա տնակային հիմնախնդիրը, սակայն արտագաղթեցին առավել բարեկեցիկ ընտանիքները, իսկ աղքատները մնացին (2006-ից գործող Ռուսաստանի «Հայրենակիցներ» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանի քաղաքացիներին մեկնելու Ռուսաստան մշտական բնակության): Այսուհանդերձ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ Երևանից հետո, ամենամեծ արտագաղթը Շիրակի մարզում է:

Գյումրին Հայաստանի ամենաաղքատ քաղաքն է, ըստ ԱՎԾ-ի՝ Շիրակի մարզը հանրապետության ամենաբարձր աղքատության մակարդակն ունի, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 44 %-ը (հանրապետությունում՝ 30 %-ը), երեխաների աղքատությունը՝ 49, 6 % (հանրապետությունում՝ 34 %):

Բնակչության նվազման հետ աճել է մահերի թիվը: ԱՎԾ-ի տվյալներով՝ 1986 թ. 260 հազար բնակչություն ունեցող Գյումրիում մահացել է 1184 մարդ (հանրապետությունում՝ 19410 մարդ), իսկ մոտ 30 տարի անց՝ 2015 թ.՝ 118 հազար բնակչությամբ Գյումրիում՝ 1490 (հանրապետությունում՝ 27878), ուրեմն, 1986 թ. համեմատ, 2015 թ. մոտ 300 ավելի մարդ է մահացել: Երկրաշարժի տարին չհաշված՝ ամենից շատ մահ գրանցվել է 2010 թ.` 1661:

Գյումրիում երկու իրար հաջորդող տարիներին ավելի շատ մահ է եղել, քան ծնունդ. 2001թ.՝ 1406 ծնունդ, 1446 մահ, 2002 թ.՝ 1520 ծնունդ, 1543 մահ:

30 տարվա ընթացքում ծնունդները մոտ երեք անգամ նվազել են: 1986թ. Գյումրիում եղել է 4419 ծնունդ (հանրապետությունում՝ 81192), 2015 թ.՝ 1622 (հանրապետութունում՝ 41763): Մոտ երեք անգամ նվազել են ամուսնությունները: 1986 թ. Գյումրիում եղել է 1814 ամուսնություն (հանրապետությունում՝ 31465), 2015 թ.՝ 631 (հանրապետութունում՝ 17603): Սակայն ամուսնալուծությունների թիվը գրեթե նույնն է մնացել. 1986 թ.՝ 223, 2014 թ.՝ 212, 2015 թ.՝ 149:

Աղքատությունը՝ որպես համայնքային թույլ կառավարման հետևանք

Այսուհանդերձ, Գյումրիի բյուջեն մեկ շնչին ընկնող դրամի չափով ավելի քիչ է, քան Երևանինը, որը Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը որակում է որպես խտրականություն:

Օրինակ՝ 2016 թ. պետությունից ստացած դոտացիայից և եկամուտներից ձևավորված բյուջեով Երևանում մեկ շնչին ընկնում է 20 677 դրամ, Գյումրիում՝ 15 441 դրամ:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանն ասում է, որ այս անհավասարության պատճառն օրենսդրությունն է. «Տեղական ինքնակառավարման բյուջեն գոյանում է մի քանի միջոցներով. մեկը հարկերն ու տուրքերն են՝ հողի հարկ, գույքահարկ: Ակնհայտ է, միջազգային պրակտիկան էլ ասում է, որ այս պայմաններում կլինեն հարուստ համայնքներ, որոնք շատ հող կամ գույք կունենան ու ավելի շատ հարկ կհավաքեն, և աղքատ համայնքներ, որոնք քիչ հող կամ գույք կունենան ու քիչ հարկ կհավաքեն: Պետության գլխավոր նպատակներից մեկն այն է, որ դրանց տարբերությունը վերացնի, յուրաքանչյուր քաղաքացի նույն ծառայությունները ստանա, բոլոր համայնքներում ֆինանսական միջոցները բավարարեն նորմալ բարեկեցությանը: Ուրեմն պետք է հանրապետական բյուջեից դոտացիա տա աղքատ համայնքներին: Մտածված է մի մեխանիզմ, որ ամբողջ աշխարհում գործում է, ֆինանսական համահարթեցման մեխանիզմը, այսինքն՝ եթե աղքատ եք, որովհետև հողի և գույքի քիչ բազա ունեք, իսկ մյուսը հարուստ է, ապա պետությունը ինչ-որ միջոցներով պետք է կոմպենսացնի ձեր աղքատութունը իմ հարստության նկատմամբ: Հայաստանում ֆինանսական համահարթեցման օրենքը գործում է 1999 թվականից, որ հայտնի է դոտացիա անունով, բայց այն չի մեղմում տարբերությունը, բոլոր համայնքներին հավասար գումար է բաշխում. ունենք լեռնային, հեռավոր, քիչ ռեսուրսներով համայնքներ, գույք էլ չունեն (հարկման ենթակա գույքը 3 միլիոն դրամից ավելին է), հետևաբար գյուղերը պիտի փող ստանան: Դեռևս գործող ֆինանսական համահարթեցման բանաձևը մասամբ է սա հաշվի առնում, հարուստին քիչ տալու, աղքատին շատ տալու գաղափարն ընդհանրապես չկար, մեկ շնչին ընկնող չափով բոլորին տալիս են»:

Մովսիսյանի տվյալներով՝ համայնքներին տրվող դոտացիան երկու տարի առաջ 46 միլիարդ էր, որի միայն 25 տոկոսն էր առանձին բաշխվում աղքատ համայնքներին, մնացածը հավասար բաժանվում էր:

Պետռեգիստրի՝ բնակչության թվի տվյալների հիման վրա 2016 թ. Երևանը 1 մլն 72 հազար բնակչի դիմաց ստացել է 13 մլրդ 430 մլն 355 հազար դրամ, որով մեկ շնչին ընկնում է 12 հազար 527 դրամ: Գյումրին նույն Պետռեգիստրի տվյալների հիման վրա 160 հազար 728 բնակչի դիմաց ստացել է 1 մլրդ 906 մլն 750, որով մեկ շնչին բաժին է հասնում 12 հազար 237 դրամ: Այսինքն՝ աղքատ Գյումրիին գրեթե նույնքան գումար է տրվում, ինչքան ավելի բարեկեցիկ Երևանին:

2016-ին Ազգային ժողովի օրակարգ է մտել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծ, որով շարունակելու են 2016 թ. տրված չափով գումարներ տալ բոլոր համայնքներին, և երբ բյուջեի եկամուտներն ավելանան, ապա նոր միայն դրանց մեծ մասը կբաշխվի աղքատ համայնքներին: «Պայմանն այսպիսին է. ինչ էլ լինի, Երևանը 13 միլիարդից պակաս չի ստանա, այ հետո, որ ավելանան գումարները, այդ ավելացածից Երևանին քիչ կտրվի»,- ասում է Մովսիսյանը:

Բացի համահարթեցման դոտացիայից, պետական բյուջեից, ըստ կառավարության քմահաճույքի, հատկացումներ են արվում համայնքներին ճանապարհաշինության, շինարարության, բարեկարգման և այլ նպատակներով:

Գյումրիի մոտ 180 կմ ընդհանուր երկարությամբ տասնյակ փողոցներ քանդված, անբարեկարգ վիճակում են: Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հաշվարկով՝ 80 մլն դոլար անհրաժեշտ կլինի փողոցները վերանորոգելու համար, սակայն  Գյումրիի տարեկան 3 մլրդ դրամ կազմող (7 մլն դոլար) բյուջեի միայն մեկ միլիոնն է հնարավոր ծախսել ճանապարհների վրա (բյուջեի 36 %-ը քաղաքապետարանի ծախսերն են, մյուս մասը կրթությանն է գնում):

Ալբերտ Մարգարյանն ասում է, որ իրականում Գյումրիի փողոցներին կառավարությունը ուշադրություն դարձնում է և նախկինի համեմատ՝ քաղաքի ճանապարհների ստվար մասը բարեկարգվել է պետբյուջեի հատկացումներով: «Իհարկե, Երևանի պես չէ, երկու տարին մեկ քանդել-սարքել, բայց որոշակի բարելավում կա՝ համեմատած 10 տարի առաջվա հետ: Երկրորդական փողոցների վիճակն է վատ»:

Գյումրիի կենտրոնական 12 փողոց բարեկարգելու համար կառավարությունը 23 մլն եվրոյի ծրագիր է իրականացնելու, որի 14,6 միլիոնը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկն է, մնացածը, ըստ քաղաքապետ Բալասանյանի, դրամաշնորհ է լինելու:

Համայնքների բյուջեն հիմնականում ծախսվում է նախադպրոցական, երաժշտական կրթության, շրջակայքի բարեկարգման վրա: Հարուստ Երևանում մանկապարտեզներն անվճար են, իսկ աղքատ Գյումրիում յուրաքանչյուր երեխայի ամսական վարձը 7 հազար դրամ է:

«Եթե ասեն, թե ինչու եք Երևանի վրա շատ փող ծախսում, Գյումրիի վրա քիչ, կառավարությունն ինչ-որ բացատրություններ կտա, թե Երևանը մայրաքաղաք է և այլն, բայց կարող է ասել նաև՝ լավ եմ անում: Ոչ մի օրենսդրական կարգավորում այս հարցում չկա»,- ասում է Վահան Մովսիսյանը:

Նա բերում է տարբեր երկրների օրինակը, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները ծախսում են հանրային միջոցների 30-45 %-ը, իսկ Հայաստանում՝ ընդամենը 8 %-ը (հանրային միջոցները պետական և համայնքային եկամուտների գումարն են):

«Դպրոցն էլ, ոստիկանությունն էլ, առողջապահությունն էլ, սոցապն էլ պետք է համայնքներին պատկանեն, որ ընտրությունների ժամանակ տեսնեն՝ ով լավ ծառայություն է մատուցում, նրան ընտրեն: Սա նշանակում է, որ համայնքի ծախսերի մոտ 40 %-ը տեղական ինքնակառավարումը պետք է ծախսի,- ասում է Մովսիսյանը,- բայց Հայաստանում ամեն ինչ վերցրել են, համայնքին թողել 8 %, ակնհայտ է՝ այստեղ ինքնակառավարման մարմինը լուրջ կառույց չէ»:

Սակայն կառավարությունը հակառակն է անում, համայնքներն է՛լ ավելի է թուլացնում: Կառավարության այս տարվա ապրիլի 26-ի որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն առաջարկվել էր նվիրատվության կարգով փոխանցել կառավարությանը, որն էլ ոչ մի համայնք չի մերժել, քանի որ համայնքների ղեկավարներն ու ավագանիներն իշխող Հանրապետական կուսակցության հսկողության տակ են: Գյումրին նույնպես հանձնել է իր ջրամատակարարման համակարգերը: Լևոն Բարսեղյանն ասում է, որ Գյումրիի ավագանու նիստում միայն ինքն է դեմ քվեարկել այդ նվիրատվությանը:

Այսպիսով

Կառավարությունն արդեն ավարտել է աղետի գոտու վերականգնումը, այսուհանդերձ երկրաշարժից 28 տարի անց Գյումրին դեռևս աղետ ապրող քաղաք է՝ հանրապետության ամենաաղքատ քաղաքը՝ տարեցտարի նվազող բնակչությամբ, բաժանված մի քանի շերտերի: Մի կողմից հին Գյումրին՝ 19-րդ դարի կառույցներով, ապա՝ երկրաշարժից հետո կառուցված թաղամասերով, մյուս կողմից՝ ծայրահեղ աղքատների տնակային թաղամասերը:

Գյումրիի քաղաքաշինական երկու կարևոր ուղղությունները կարող էին լինել տնակային թաղամասերի բնակիչների համար կառուցվելիք բնակարանները և Կումայրի արգելոցի ռեստավրացիան, բայց դրանց վերաբերյալ ծրագրեր նախատեսված չեն: Գյումրիի զարգացման խոչընդոտները կապված են հանրապետության տնտեսական և քաղաքական հիմնախնդիրների հետ, որոնցից մեկը տեղական ինքնակառավարման թույլ գործող համակարգն է, որը, ինչպես Գյումրիին, այնպես էլ մյուս համայնքներին զրկում է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից:

Հոդվածում օգտագործվել են Կատարինա Ռոթերսի ղեկավարած «Թումոյի» աշխատարանի մասնակիցների լուսանկարները

Մեկնաբանություններ (1)

Սերգեյ Գեվորգյան (կուրսի)
Ես էլ ունեմ ձեզ հետաքրքրող նյութեր,խնդրումեմ ինձ հետ կապի մեջ լինեք,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։