HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավաքականին խանգարեցին մեկնարկային հուզմունքն ու չսխալվելու կաշկանդվածությունը

Հայաստանի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցելույթները 5-րդ անգամ սկսեց պարտությամբ: Մեր թիմը նախկինում պարտությամբ է մեկնարկել 1996, 2008, 2012 եւ 2016 թթ. առաջնություններում: «Եվրո-2000»-ի ընտրական փուլը հայ ֆուտբոլիստները սկսել են հաղթանակով, իսկ 2004-ինը՝ ոչ-ոքիով:

Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ առաջին հանդիպումը ցույց տվեց, որ մեր ընտրանին կարող էր ընտրական փուլը մեկնարկել գոնե ոչ-ոքիով. մրցակցի ներկա հավաքականը չնայած ՖԻՖԱ-ի մրցաշարային աղյուսակում մեզնից առաջ է 66 տեղով, այդուհանդերձ, խաղադաշտում ոչ մի արտառոց բան ցույց չտվեց, ու չի կարելի ասել, թե մի գլուխ ուժեղ էր Հայաստանի հավաքականից: Պատահական չէ, որ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղային ասուլիսում գոհ է մնացել թիմի խաղից, բայց ոչ հաշվից:

Այդուհանդերձ, մերոնց խաղում հատկապես առաջին կեսում նկատելի էր որոշակի հուզմունք: Արժե հիշել, որ հանդիպումից առաջ թե՛ Գյուլբուդաղյանցը, թե՛ ֆուտբոլիստներից Սարգիս Ադամյանը կարեւորել էին քիչ սխալվելու հանգամանքը: Ու տպավորություն էր, որ ֆուտբոլիստներն առաջին հերթին մտածում էին գնդակը սեփական տուգանայինի մատույցներից հեռու պահելու մասին, ինչից տուժում էին մտածված հակագրոհներ ձեռնարկելու փորձերը:

Ճիշտ է, պաշտպանությունը սխալվեց քիչ դրվագներում, բայց դրանք էլ բավական էին, որ մրցակիցը հասնի ցանկալի արդյունքի: Պաշտպանական օղակում Գյուլբուդաղյանցի ընտրությունը սպասելի էր՝ Հովհաննիսյան, Հարոյան, Չալըշըր, Դաղբաշյան: Չնայած հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հարոյանն ու Չալըշըրը, տարբեր պատճառներով խաղային պրակտիկայի պակաս ունեն, նրանք կարողացան չեզոքացնել բոսնիացիների առաջատար Ջեկոյին, որն իր 100-րդ խաղում չկարողացավ գոլ խփել: Պաշտպանության կենտրոնում կարելի էր սպասել նաեւ լոռեցիներին՝ Խաչատուրովին ու Իշխանյանին, բայց մարզիչների ընտրությունը կանգ էր առել եղածներից, թերեւս, ամենափորձառուների վրա՝ բնականաբար, հաշվի առնելով նաեւ մրցակցի հարձակման գծի ուժը:

Դարպասապահի դիրքում Արամ Հայրապետյանին տեսնելը նույնպես սպասելի էր, եթե հիշենք, որ Ազգերի լիգայում նա էր թիմի հիմնական դարպասապահն ու ներկայում եղածներից ամենաօպտիմալ տարբերակն է: Արամը վատ հանդիպում չանցկացրեց, մի քանի անգամ փրկեց թիմին հավանական գոլերից, իսկ բաց թողած գոլերում նրա սխալը շատ փոքր էր: 33-րդ րոպեին Պյանիչի իրացրած անկյունային հարվածից հետո Ռադե Կրունիչը, լինելով թիկունքով դեպի դարպասը, վարպետորեն գնդակը գլխով շեղեց դեպի դարպասը, հարվածի ճանապարհը փակել փորձող Ալեքսանդր Կարապետյանն ու Կառլեն Մկրտչյանը ուշացան, եւ գնդակը հայտնվեց ցանցում: Ինչ-որ առումով թերացավ նաեւ Հայրապետյանը: Գոլը միանշանակ բոսնիացիների անհատական վարպետության արդյունք էր, ինչի համար նրանց կարելի է ծափահարել: Իսկ 80-րդ րոպեին Միլոշեւիչի խփած գոլում իրենց մեղքի բաժինն ունեին բոլոր պաշտպանները, որոնցից Դաղբաշյանը եւ հենակետայիններից Արտակ Գրիգորյանը չկարողացան խափանել Էդին Վիշչայի անցումն աջ եզրով, իսկ վերջինիս կատարած լայնակի փոխանցումը հասավ հարձակման կենտրոնում հայտնված Միլոշեւիչին, որին չկարողացավ խանգարել Կամո Հովհաննիսյանը՝ 2-0: Հարոյանն ու Չալըշըրն այդ դրվագում չէին հասցրել նահանջել իրենց դիրք: Երկրորդ կեսում մերոնք եւս մի գնդակ կարող էին բաց թողնել, բայց օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը: Արժե շեշտել, որ սա այն խաղը չէր, որում 3-0-ն տրամաբանական կլիներ:

Մերոնց խաղում մտահոգիչ էր այն, որ գրեթե յուրաքանչյուր 3-4-րդ փոխանցումը սխալ էր կամ տեղ չէր հասնում: Այնպես չէ, որ մրցակիցը ուժեղ պրեսինգ էր կիրառում, բայց սխալներ թույլ չտալու ձգտումը հայ խաղացողներին մի տեսակ կաշկանդում էր. կարծես բոլորի մտքում լինեին Ազգերի լիգայում անիմաստ սխալներց հետո բաց թողած ճակատագրական գոլերը, որոնց պատճառով թիմը զրկվեց «Եվրո-2020» մեկնելու իրական հնարավորությունից:

Հենակետայիններից Գրիգորյանն, օրինակ, գրոհի մեկնարկում շտապելով, սխալվեց երկու անգամ: Երկրորդ գոլում, ինչպես ասվեց, նրա թերացումը նույնպես կար: Հավաքականը մի տեսակ խաղային տոնուսի մեջ չէր, մեկ փոխանցումով արագ հակագրոհներ գրեթե չեղան, փոխարենը ֆուտբոլիստները նախընտրում էին թիկունքից սրող, երկար փոխանցումներ կատարել գրոհի եզր, որտեղ համեմատաբար ակտիվ էր Կարապետյանը, բայց բոսնիացիները կարողանում էին չեզոքացնել մեր հարձակվողին: Վերջինս իր խաղաոճով ինչ-որ տեղ հիշեցնում է Յուրա Մովսիսյանին, ընդ որում՝ նրանք տարեկիցներ են: Խաղում առաջին վտանգավոր պահը հենց Կարապետյանի մասնակցությամբ էր, որը, սակայն, չկարողացավ եզրափակել աջ եզրից եկած փոխանցումը: Ու միայն 41-րդ րոպեին մեր հավաքականն առաջին դիպուկ հարվածը կատարեց Շեհիչի դարպասին. ձախ եզրից անկյան տակ հարվածողը կրկին Կարապետյանն էր, բայց դաշտի տերերի դարպասապահն իր տեղում էր: Մերոնց երկրորդ հարվածը դարպասին Մխիթարյանի իրացրած 11-մետրանոցն էր խաղավարտին:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր 2-ի դիմաց դաշտի տերերը 6 անգամ են հարվածել դարպասին, եւս 5 անգամ՝ դարպասի ուղղությամբ, մերոնք նույնը արել են 3 անգամ: Բացի դրանից՝ բոսնիացիների 8 հարված մերոնք արգելափակել են, այսինքն՝ Հայրապետյանի դարպասին խաղի ընթացքում ուղղվել է 19 հարված, Շեհիչի դարպասին՝ 5: Գնդակը վերահսկելու տոկոսային հարաբերակցությունը 65-35 է՝ հօգուտ բոսնիացիների:

Խաղում գրեթե ոչնչով աչքի չընկան մեր եզրային կիսապաշտպանները՝ Սարգիս Ադամյանն ու Գեւորգ Ղազարյանը: Եթե առաջինը շատ լավ է հանդես գալիս Գերմանիայի առաջնությունում, ապա Ղազարյանը հիմնականում նստում է իր պորտուգալական թիմի պահեստայինների նստարանին եւ շատ քիչ խաղաժամանակ ստանում: Բայց երեկ երկուսն էլ հավասարաչափ անհաջող խաղացին: Զարմանալի էր Ադամյանի պասիվությունը, որն արժանիորեն փոխարինվեց 67-րդ րոպեին: Ղազարյանի վերաբերյալ մի առիթով նշել էինք, որ նա միջին մակարդակի հանդիպումներ չի անցկացնում. կա՛մ լավ է խաղում, կա՛մ վատ: Խաղային պրակտիկայի պակաս ունենալով՝ Գեւորգը երեկ մի տեսակ ծանր էր տեղաշարժվում դաշտում ու արդեն երկրորդ կեսի սկզբում հոգնած տեսք ուներ: Եղավ երկու դրվագ, երբ նա կոպտորեն սխալվեց: Առաջինում, երբ մրցակցի տուգանայինի գծի մոտից պարտավոր էր աջ ոտքով գնդակը պտտեցնել դեպի դարպասի հեռավոր անկյունը, Գեւորգն անհասցե փոխանցում կատարեց, ու մեր գրոհը դրանով եզրափակվեց: Երկրորդ դրվագում տուգանայինի գծի վրա նրա շապիկից քաշեցին, Ղազարյանը կարող էր ու պարտավոր էր մնալ ոտքի վրա եւ ձախ եզրից մոտենալ դարպասին, շատ նպաստավոր պահ էր, բայց մեր խաղացողը նախընտրեց անտեղի վայր ընկնել ու 11-մ պահանջել, ինչին մրցավարը տուրք չտվեց:

Տարօրինակ էր, որ նա 81 րոպե անցկացրեց դաշտում. գուցե մարզիչները դրանով փորձում էին խաղային ռիթմի մեջ գցել Գեւորգին՝ հաշվի առնելով, որ ամսի 26-ին մերոնք Երեւանում ընդունելու են ֆիններին, ու գրոհային օղակի խաղացողների ֆիզիկական լավ վիճակը շատ կարեւոր է լինելու:

Բնականաբար, մեր թիմի առաջատար Մխիթարյանից սպասելիքներն ամենամեծն էին, ու հենց նրա միջոցով կառուցվող հակագրոհներից պետք էր արդյունք ակնկալել: Հենոն երկրորդ խաղակեսում երկու հարված կատարեց Շեհիչի դարպասի ուղղությամբ, որոնք շեղ էին, բայց հատկապես Հովհաննիսյանի փոխանցումից հետո ընթացքից հարվածը գեղեցիկ ստացվեց: Մեկ անգամ էլ Շեհիչին փորձեց անհանգստացնել Բալեկյանը, բայց էլի շեղ հարվածեց: Սրանք էին վերը նշված երեք հարվածները: Իսկ մերոնց գոլը պատահականության արդյունք էր, քանի որ խաղավարտին Չալըշըրի՝ անկյունագծով դեպի Հովհաննիսյանը կատարած փոխանցումից հետո Միլոշեւիչը, որը 10 րոպե առաջ էր գոլ խփել, ձեռքերը, չգիտես ինչու, վեր բարձրացրեց ու դիպավ գնդակին՝ այդպես 11-մ բերելով սեփական դարպասին: Երեւի ֆուտբոլասերները չեն մոռացել, որ անցյալ տարվա աշնանը Ազգերի լիգայի առաջին խաղում Հենոն չկարողացավ 11-մետրանոցից գոլ խփել Լիխտենշտայնին. նրա հարվածը հետ մղեց դարպասապահ Բյուխելը: Այս անգամ էլ քիչ էր մնում, որ Շեհիչը կանգներ գնդակի ճանապարհին, բայց բարեբախտաբար հարվածն ուժեղ էր, ու գնդակն անցավ նրա տակով. մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին հաշիվը դարձավ 2-1:

Հենոն թարմացրեց իր անձնական ռեկորդը՝ հավաքականում անցկացրած 81-րդ խաղում խփելով 27-րդ գոլը:

Կարելի է ասել, որ 2-1 հաշիվն արտացոլում է խաղում տեղի ունեցածը, սակայն ավելի կազմակերպված, անկաշկանդ, տեմպային ֆուտբոլ խաղալու դեպքում Հայաստանի հավաքականը հաստատ կարող էր գոնե 1 միավոր վաստակել Սարաեւոյում:              

Մարտի 26-ին մերոնք Երեւանում կընդունեն ֆիններին, որոնք առաջին խաղում նույնպես հյուրընկավելիս 0-2 պարտվել են իտալացիներին: Լիխտենշտայնն էլ տանը 0-2 պարտվել է հույներին: Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կմեկնարկի 21:00-ին, իսկ արդեն 23:45-ին (Երեւանի ժամանակով) կսկսվեն Բոսնիա եւ Հերցեգովինա-Հունաստան ու Իտալիա-Լիխտենշտայն խաղերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter