HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ի՞նչ է պետք «ժամացույցն» աշխատեցնելու համար. քննարկում են կրթության ոլորտի մասնագետները

Կրթության և գիտության նախարարության դոնոր կազմակերպություններից մեկը վերջերս առաջարկել է դպրոցներում դասընթացներ կազմակերպել էներգախնայողության թեմայով։ Նախարարությունը մերժել է առաջարկը՝ խնդրելով դասընթացների փոխարեն նախատեսված ֆինանսական միջոցներով որևէ դպրոցում կառուցել արևային պանելներ։ Դա, ըստ ԿԳՆ-ի, իսկական դասընթաց կլինի, քանի որ աշակերտները սկզբից մինչև վերջ կտեսնեն, թե ինչպես է կազմակերպվում էներգախնայողության գործընթացը։

Այս մասին պատմեց կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, ով ներկա էր «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության՝ մարտի 23-ին կազմակերպված փակ հանդիպում-քննարկմանը։

«Եթե պիտի մի հերթական տեսական դասընթաց անենք և հետո մեզ ֆինանսավորող կազմակերպությանը զեկույց տանք ու ասենք՝ մենք Հայաստանում էսքան գումար ենք ծախսել, շնորհակալություն, չենք ուզում», - շարունակեց փոխնախարարը։

Ըստ Ա. Անափիոսյանի` նախարարությունն ունի հստակ օրակարգ, իրենց համար կարևոր է, որ ներդրողները համագործակցեն նախարարության ծրագրերի շուրջ։

«Այն ժամանակ, երբ միջազգային կազմակերպությունները գալիս էին Հայաստան, ասում էին՝ ունենք այս գումարը, ուզում ենք այս գործն անել, մեր պետությունն ասում էր՝ վայ, ինչ լավ բան եք ասում, եկեք անենք, և այդպես մենք անհասկանալի օրակարգեր ունեինք, պայմանական եմ ասում, օրինակ՝ ունեինք 10  միջազգային կազմակերպություն, ունեինք նաև 10 օրակարգ», - ասաց Արևիկ Անափիոսյանը։

«Քաղաքական երկխոսություն» նախաձեռնության կազմակերպած հանդիպման թեման էր՝ «Կրթական բարեփոխումները որպես տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ»։ Նախաձեռնության անդամ Ավնիկ Մելիքյանն ասաց, որ քննարկման գաղափարն առաջացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի ընթացքում արած հայտարարությունից, որ «կառավարությունը կրթությունը դիտարկում է որպես տնտեսական հեղափոխությունը հաջողելու կարևորագույն գործիքներից մեկը»։

«Եվ մեզ համար կարևոր էր ստեղծել քննարկման հնարավորություն՝ հասկանալու տարբեր շահագրգիռ կողմերի տեսակետերը այս ամենի վերաբերյալ և հասկանալ՝ ինչքանով ենք մենք՝ որպես հասարակություն և որպես իշխանություն, պատրաաստ այս ամենն ի կատար ածելու», - ավելացրեց Ա. Մելիքյանը։

Փոխնախարար Ա. Անափիոսյանը վստահեցրեց, որ իրենց քայլերն ուղղված են նոր համակարգ ստեղծելուն։ Նրա կարծիքով՝ նախկինում իրականացված բարեփոխումները համակարգ չեն փոխել։ Ի՞նչ է արել նոր ԿԳՆ-ն, ո՞ր փուլին են հասել, Արևիկ Անափիոսյանը այլաբանական պատասխան տվեց.

«Կարծում եմ՝ մենք այս ընթացքում, մինչև այս ամիսները, փորձ ենք արել (արդեն համարյա հասնում ենք ավարտին) սեղանի վրա դասավորել մեխանիկական ժամացույց հավաքելու բոլոր մասնիկները: Փորձել ենք հավաքել, դնել սեղանին, տեսնել՝ ինչ է պակասում, և հիմա պիտի սկսենք հավաքել, այդ հավաքելու ժամանակն է»։

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի ելույթից ակնհայտ էր, որ «ժամացույցը հավաքել» նշանակում է կարգի բերել կրթության բոլոր աստիճանները՝ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը, լրացուցիչ և շարունակական կրթության ձևերը:

Հիմա ամենաթույլ, սակայն ամենակարևոր օղակը, ըստ Ս. Խաչատրյանի, նախադպրոցական կրթությունն է, որովհետև այստեղ չունենք ոչ միայն որակյալ կրթություն, այլև պարզապես կրթություն՝ բավարար քանակով նախադպրոցական հաստատություններ։

Փորձագետն առաջարկում է ամենաբարձրը վարձատրել հենց նախադպրոցական ոլորտում աշխատողին, քանի որ նա կարող է երեխայի կյանքում մեծ փոփոխություն առաջացնել, մինչդեռ, օրինակ, համալսարանի ակադեմիկոսն այդքան հնարավորություն չունի ուսանողին փոխելու։

Հանդիպմանը, սակայն, ամենից շատ անդրադարձ կատարվեց հանրակրթությանը, մասնավորապես՝ ուսուցիչներին ու նրանց վարձատրությանը։ Առանցքում ավագ դպրոցի աշակերտ Մարիամ Պապոյանի ելույթն էր։

Մարիամն ասաց, որ մինչև քննարկման գալը փորձել էր դասընկերներից ևս տեղեկանալ, թե ինչ հարցեր են նրանց մտահոգում, բայց վերջիններս չէին արձագանքել։ Ինքը մի քանի կետեր էր առանձնացրել ելույթի համար, որոնցից մեկն ուսուցիչների, իր կարծիքով, անարդյունավետ, վերապատրաստումներն էին։

Մարիամի խոսքով՝ կան ուսուցիչներ, որոնց «վերապատրաստումը չի փրկի», և ինքը փոփոխություն չի զգում, երբ ուսուցիչը վերապատրաստումից վերադառնում է։ Ըստ նրա՝ պետք է ներդրվի համակարգ, որ ոչ միայն ուսուցիչը աշակերտին գնահատի, այլև հակառակը։ Ասաց նաև, որ ինքը շատ է գնահատում պետության ծախսած ռեսուրսներն աշակերտի վրա՝ 12 տարի անվճար կրթության հնարավորությունը, և կարծում է՝ պետք է այնպես անել, որ նույն քաղաքացին այդ ռեսուրսներն ավելի մեծ չափով վերադարձնի պետությանը, որպեսզի պետությունը «շահույթ» ունենա։ Հանդիպման մասնակիցները տպավորված էին Մարիամի ելույթից, նաև ծափահարեցին, բայց կային նաև հակադարձողներ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը իրենց ելույթներում հիշեցրին, որ կրթությունը նախ մարդու սահմանադրական իրավունքն է։

«Ես՝ որպես Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչ, ուզում եմ արձագանքել Մարիամին, ով անընդհատ շեշտադրում էր, թե որքան կարևոր է կրթության միջոցով պետության տվածը վերադարձնել պետությանը, բայց ես ուզում եմ նախևառաջ կրթությունը դիտարկել իբրև իրավունք և առաջնահերթություն, դիտարկել կրթության հասանելիությունն ու մատչելիությունը, ոչ թե մտածել, թե դա հետո ինչպես է ծառայելու պետությանը, այսինքն՝ ոչ թե քաղաքացիներին ծառայեցնել, այլ քաղաքացիների կրթության կարևորագույն իրավունքն ապահովել», - նշեց Թագուհի Ղազարյանը։

Պատգամավորը նկատեց, որ ուսուցիչների նկատմամբ պետության վերաբերմունքը մինչ այժմ արտահայտվել է ցածր վարձատրությամբ, և նրանց հարցը «հիմա լավագույն վիճակում չէ Հայաստանում»։

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի խորհրդատու Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ առաջին հերթին ներկայացնում է կրթության սպառողին, քանի որ առաջին դասարանցու մայր է։ Տարբեր քննարկումներում նկատել է, որ ուսուցիչը դարձել է այն օղակը, որին բոլորը փնովում են, ինչն, իր կարծիքով, արդար չէ։

«Կներեք, Մարիամ ջան, ես էլ եմ եղել աշակերտ և շատ ըմբոստ աշակերտ, իմ կարծիքով, դա անընդունելի է, որովհետև ինձ համար ուսուցիչը ամենախոցելի օղակն է՝ ամենաքիչ վարձատրվող, ամենաբարձր պատասխանատվությամբ»։ Ի. Սարգսյանն օրինակ բերեց իր տղայի նախակրթարանի դաստիարակներին և հանրակրթական, սովորական դպրոցի ուսուցիչներին, որոնցից, ի հեճուկս ընդհանուր կարծիքի, շատ գոհ է։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով էլ՝ հաջողություն կունենանք, եթե այս փուլում ավելի մեծ նշանակություն տանք ոչ ֆորմալ կրթությանը, որը ներառում է նաև ինքնակրթությունը։ Ֆորմալ կրթությունը, որը նաև անվանում ենք դպրոցական, Ա. Բլեյանի կարծիքով, երբեք էլ պարտադիր չպիտի լինի, և դրան հատկացված ժամանակը պետք է սահմանափակվի։ «Դա ասում է պետական կազմակերպության ղեկավարը», - ավելացրեց տնօրենը։

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ ոչ ֆորմալ կրթության ձևերը արժեհամակարգ են փոխում, բայց Հայաստանում այդ առումով «փտած» վիճակ է։ Նրա համար, որպես ոչ ֆորմալ կրթության ձև, լավ օրինակ էր այդ օրվա շաբաթօրյակը։ Դավիթը քննարկումը հանրակրթությունից տեղափոխեց բուհեր, հիշեցրեց, որ այնտեղ գրեթե ոչինչ չի փոխվել։

«Հիմա տարկետման հարցը. ես կասկածում եմ, որ շատ պատգամավորներ կկարողանան բանակի դեմ ինչ-որ բան խոսեն, բայց ես իրենց չեմ մեղադրում, որովհետև այնպիսին է մթնոլորտը, որ չգիտեմ՝ իրենք կխոսեն, թե չէ, բայց էդ բանակի պրոպագանդան, իմ կարծիքով, սխալ է, չի փոխվել մեզ մոտ հեղափոխությունից հետո», - ասաց Դ. Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ կրթությունը պետք է սկսի անել հարցադրումներ, որոնց մասին ընդհանրապես չի խոսվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter