HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինչ է պատահում, երբ Գյումրին շփոթում են Գանայի հետ

Գյումրիում գործող «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի երկու աշխատակիցներ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում փետրվարի 11-15-ը անցկացվելիք վերապատրաստման ծրագրին մասնակցելու փոխարեն, մոտ մեկ ամիս է՝ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող էին փաստաթղթերը մեկնարկային երկրում սկանավորելիս Գյումրին վերածել Գանայի, 5 օրը՝ 5 շաբաթի, իրենց՝ գանացի գործազուրկների եւ այդ հիմքով մերժել մասնակցության վաղօրոք հաստատված  հայտը:

Մարինա Ջուհարյանը 2002թ-ից աշխատում է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ում որպես հանրային կապերի պատասխանատու: Առիթ է ունեցել արտերկրում մասնակցելու տարբեր միջազգային ծրագրերի: Ոչ իր, ոչ կազմակերպության որեւէ այլ աշխատակցի հետ երբեւէ նման խնդիր չի առաջացել. մերժումներ չեն ունեցել ոչ հիմնավոր, ոչ՝ անհիմն: Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում INTRAC կազմակերպության կողմից անցկացվող «Շահերի պաշտպանություն եւ ազդեցության հմտություններ» խորագրով սեմինարին մասնակցելու էր գործընկերուհու՝ Անահիտ Հակոբյանի հետ:

«Ծրագրի հայտը կար, մենք դիմեցինք, 2018թ. դեկտեմբերի վերջին ստացանք մասնակցության հրավերը, հունվարի 10-ից հետո ուղարկել ենք բոլոր պահանջվող փաստաթղթերը Երեւանում գործող միջնորդ TLS Contact կազմակերպության միջոցով եւ հունվարի 30-ին էլեկտրոնային նամակ ենք ստացել, որ մերժված ենք, բայց էնպիսի պատճառաբանությամբ, որ առնվազն անհեթեթություն էր,- ասում է Մարինա Ջուհարյանը,- մերժման նամակում միակ համընկնումն իմ ու Անահիտի անուններն էին ու դասընթացի վերնագիրը, մնացածը մեզ հետ ընդհանրապես կապ չուներ»:

Կազմակերպությունում սկզբում մտածել են, թե ստացել են կեղծ նամակ եւ դա ինչ-որ մեկի չար կատակն է: Մերժման մեջ նշված է եղել, որ դիմողները չեն կարող 5 շաբաթյա դասընթացին մասնակցելուց հետո ձեռք բերել այնքան հմտություններ, որ դրանք կիրառեն հետ գնալուց հետո ու կարողանան աշխատանք գտնել: Հաջորդ հիմնավորումը եղել է այն, որ իբրեւ ստուգել ու պարզել են, որ կազմակերպության կողմից Լոնդոնում վաղօրոք ամրագրված հյուրանոցը չեղարկված է: Մյուս կետը, որի հիման վրա մերժվել է գյումրեցիների մուտքը Մեծ Բրիտանիա, այն է, որ նրանք չունեն բավարար գումար ոչ Գանայում իրենց կեցությունն ապահովելու, ոչ Օքսֆորդում սեմինարին մասնակցելու համար:

«Ու այստեղ իսկական շոկ ենք ապրել, երբ պարզեցինք, որ մեզ մերժում են, որովհետեւ մենք Գանայի գործազուրկ բնակիչ ենք, չունենք բավարար միջոցներ Մեծ Բրիտանիայում 5-շաբաթյա մեր կեցությունն ապահովելու, մեր ընտանիքները Գանայում չունեն բավարար միջոցներ մեզ ապահովելու, որն էլ հիմք է տալիս մտածելու, որ մենք չենք վերադառնալու եւ մնալու ենք Անգլիայում,- պատմում է Մարինան,- սա էն դեպքում, որ մենք Գյումրու բնակիչ ենք, քաղաք, որ գտնվում է Հայաստանում ու ոչ մի աղերս չունի աֆրիկյան Գանա պետության հետ, մենք գնում էինք մասնակցելու 5-օրյա, ոչ թե 5-շաբաթյա ծրագրի, մեր փաստաթղթերի հետ եղել է ամբողջական տեղեկատվություն մեր աշխատանքի վայրի, աշխատավարձի չափի, բանկային քաղվածք վերջին 6 ամսվա մեր հաշվին առկա գումարի, մեր ընտանիքների կազմի, բնակության վայրի վերաբերյալ: Կար ուղեկցող նամակ մեր տնօրենից, կցված էին Լոնդոն-Օքսֆորդ-Լոնդոն գնացքի տոմսերի պատճենները, ինչպես նաեւ մեր կողմից Լոնդոնում ամրագրված հյուրանոցի հասցեն, որտեղ պետք է մնայինք երկու գիշեր»:

Էլեկտրոնային նամակը ստանալուց 4 օր անց փոստով ստանում են անձնագրերը՝ վերջնականապես համոզվելով, որ մերժումն իրական է: «Ծրարի վրա, որպես մեկնարկային երկիր, նշված էր Սերբիան, սա եւս մեզ համար տարօրինակ էր, քանի որ մտածում էինք, թե մեր թղթերը Երեւանից միանգամից ուղարկվել է Անգլիա: Ես փորձեցի կապվել TLS Contact-ի աշխատակիցների հետ՝ հասկանալու` ինչ է կատարվել իրականում, սակայն մեզ հրաժարվեցին հեռախոսով ինֆորմացիա տրամադրել՝ պահանջելով հասնել մայրաքաղաք»,- պատմում է զրուցակիցս՝ հավելելով, որ նույն կազմակերպությունը, որ միջնորդավորված զբաղվում է նաեւ Իտալիա մեկնողների փաստաթղթերով, այդ երկրի հետ կապված հարցերին հեռախոսով պատասխանում է, իսկ Մեծ Բրիտանիայի դեպքում՝ հրաժարվում:

«2014թ-ին մեր աշխատակիցներից Անգլիայում այս նույն կազմակերպության հայտարարած ծրագրերին մասնակցողներ ունեցել ենք, եւ ոչ մի խնդիր: Մինչեւ այդ թվականը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը դեռ զբաղվում էր վիզաներ տրամադրելով: Բոլոր տեսակի խնդիրները սկսվել են միջնորդ կազմակերպության հայտնվելուց հետո»,- նկատում է Մարինա Ջուհարյանը:

TLS Contact –ից ստացած տեղեկությունները եւս աղքատիկ էին եւ լույս չէին սփռում հարցի վրա, թե ինչպես կարող էր Հայաստանից ուղարկված փաստաթղթերի սկանավորումը հանգեցնել նման թյուրիմացության: «Մենք ճշտեցինք, որ փաստաթղթերը նախ գնացել են Բելգրադ՝ TLS-ի կենտրոնական գրասենյակ, այնտեղ սկանավորել են ու ուղարկել Անգլիա: Որտե՞ղ, ու՞մ մեղքով, ինչու՞ են տեղի ունեցել այդ փոփոխությունները՝ այդպես էլ պատասխան չունեցանք,- նկատում է զրուցակիցս:- Եվ վատն այն է, որ ոչ մեկին չենք կարող բողոքել: TLS-ում ասում են՝ մենք ուղարկողն ենք, մենք անգամ չգիտենք, թե ինչ թղթեր կան ծրարում, որ մեզ է հանձնվում: Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ կապվելը ֆանտաստիկայի ժանրից է, մեր արտգործնախարարությանը դիմեցինք մեր իրավունքների պաշտպանության համար՝ ասեցին` մենք ոչինչ չենք կարող անել, ու չկա մեկը, որ կարողանա մեզ բացատրել, թե ինչպես, ում թեթեւ ձեռքով գյումրեցուց վերածվեցինք գանացու, աշխատողից՝ գործազուրկի եւ այլն»:

Օքսֆորդում 5-օրյա ծրագրի մասնակցության համար հայկական կազմակերպությունը կատարել էր բոլոր պահանջվող վճարները, որոնք փոխհատուցվելու են մասնակիորեն, որոշ գումարներ, օրինակ՝ գնացքի տոմսերի, որոնք վերադարձման ենթակա չեն: «Քանի որ մեր հարցերի պատասխանները Երեւանում չստացանք, փորձեցինք զանգահարել Մեծ Բրիտանիա: Ուրեմն դեսպանատան հետ հեռախոսազանգով կապվելու համար մուծել ենք 12 հազար դրամ ու ոչ մի արդյունք, որովհետեւ էնտեղ 3 ժամ ինքնապատասխանիչ է միանում: Եվ դու վճարում ես ոչ միայն երկրից երկիր կատարածդ զանգի համար, այլեւ էս դեպքում նաեւ ամեն մեկ րոպեի համար լրացուցիչ եւս 1,5 ֆունտ ստերլինգ: Պարզեցինք նաեւ, որ անգլիական դեսպանատուն էլեկտրոնային նամակ ուղարկելը եւս վճարովի է՝ 5 ֆունտ ստերլինգ, դա էլ ենք արել, բայց էլի հույս չունենք պատասխանի»,- ասում է Մարինան:

Զրուցակցիս փոխանցմամբ, իրենք ցանկանում են պետական մակարդակով ունենալ փաստաթուղթ, որ եղած սխալմունքի մեջ իրենք չունեն մեղավորություն: «Դա մեզ անհրաժեշտ է, որ հաջորդ անգամ ծրագրերին մասնակցության հայտ ներկայացնելիս, եթե հարցեր առաջանան, ապացուցենք, որ չենք զբաղվել խաբեությամբ: Ի վերջո, մենք կրել ենք բարոյական եւ ֆինանսական վնաս: Եթե վերջինը որոշ չափով փոխհատուցվելու է, բարոյական վնասի, մեր իրավունքների պաշտպանության հարցը լրիվ բաց է մնում,- նկատում է զուցակիցս,- մեզ թվում է, որ այս ամենը կապ ունի «ԲրԷքզիթ»-ի՝ Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացների հետ»:

Թեպետ մերժման նամակում զգուշացված է եղել, որ իրավունք չկա բողոքարկելու, ամեն դեպքում, Գյումրու «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն TLS Contact-ի միջոցով փետրվարի 11-ին նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիա, իսկ պատասխանը ստանալու են 28 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ընթացքում Մարինա Ջուհարյանը փորձել է համացանցում փնտրել համանման պատմություններ եւ պարզել, որ իրենք միակ տուժողը չեն միջնորդ կազմակերպության միջոցով Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր ստանալու հարցում: 2017թ-ի սեպտեմբերի 11-16 հայ-բրիտանական կրթական երիտասարդական ծրագրին «տեխնիկական խնդիրների» պատճառով չի կարողացել մասնակցել «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Նելլի Փայտյանը:

«Մենք գոնե մեր անձնագրերը հետ էինք ստացել, Նելլի Փայտյանը դրանից էլ էր զրկվել,- ասում է Մարինան,- հետո հոդվածում կար փոքր անդրադարձ բրիտանական «The Guardian» թերթի հրապարակմանը, թե կառավարությունը մեծ գումարներ է աշխատում օտարերկրացիներին տրամադրվող վիզաների համար գանձվող վճարների հաշվին, եւ որ կան վիզաների տեսակներ, որոնց համար վճարը 23 տոկոսով ավելացրել են, այդպիսով բրիտանացիք բյուջե են լցնում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter