
Ուսանողները պետպատվերի շրջանակում օրդինատուրա ընդունվելիս պարտավորվում են ավարտելուց հետո հինգ տարի աշխատել մարզում
Առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակում օրդինատուրա անցնող ուսանողների հետ պայմանագիր է կնքում, և նրանք ուսումնառությունն ավարտելուց հետո հինգ տարի ժամկետով ուղեգրվում են նախարարության նշած մարզ՝ աշխատելու:
Այս մասին խորհրդարանում՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը պետական պատվերի շրջանակում տարեցտարի փոփոխական են, հիմնականում աճման միտում կա, սակայն այն տեղերի քանակը, որը տրամադրվում է առողջապահության նախարարությանը, այդտեղ բավականին աճ կա, բայց, ցավոք, դա բավարար չէ, որ մենք մարզային բոլոր թափուր տեղերը կարողանանք լրացնել: Ներկա պահին օպերատիվ կերպով հավաքագրում ենք մարզերում առկա թափուր տեղերը, մոտավորապես՝ 200 թափուր տեղ կա»,- ասաց փոխնախարարը:
Նանուշյանի խոսքով՝ 49 տեղ նախորդ տարի պետպատվերի շրջանակում ԿԳՆ-ն տրամադրել է առողջապահության նախարարությանը, և դրանք համալրվել են օրդինատորներով:
«Մեխանիզմն այսպիսին է՝ նրանք օրդինատուրա ընդունվելիս պայմանագիր են կնքում առողջապահության նախարարության հետ և ավարտելուց հետո ուղեգրվում են այն մարզը, ուր առկա է իրենց մասնագիտությամբ թափուր տեղ, հինգ տարի աշխատում են այդ մարզում»,- ասաց Նանուշյանը:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ այս տարի մեկ այլ ծրագիր ևս նախաձեռնել են և իրականացնելու են:
«Մարզային թափուր տեղեր ուղեգրելու ենք Երևանի ԲԿ-ներում աշխատող բժիշկներին՝ մոտ 3 ամիս ժամկետով, որ աշխատանքային վայրում թրեյնինգ իրականացնեն իրենց կոլեգաների համար և միաժամանակ տրամադրեն իրենց ծառայությունները»,- ասաց նա:
Մեկնաբանել