HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ալավերդցի Վահագնի» դեմ մահափորձի գործով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է

Քրեական աշխարհում «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է: Նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ խոսքը 2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների մասին է, որի հետևանքով Վահագն Աբգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրա թիկնապահը՝ մահացել:

Ռաֆիկ Խաչատրյանի վերաբերյալ գործն անջատվել ու ուղարկվել էր դատարան, իսկ գործով մյուս երկու մեղադրյալները՝ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը միայն վերջերս՝ 2019 թվականի փետրվարի 5-ին են Վրաստանի իրավապահների կողմից արտահանձնվել Հայաստանի Հանրապետությանը:

Ռաֆիկ Խաչատրյանի գործը դատարանում քննվում էր 2018-ի ամռանից, սակայն դեկտեմբերին վերջինս քրեակատարողական հիմնարկում մահացել է:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Ռաֆիկ Խաչատրյանի դուստրը, պաշտպանն ու մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը չեն առարկել, որպեսզի Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվի:

Կարճման որոշման մեջ նաև որոշ մանրամասներ են ներկայացված գործի նյութերից:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ «Ռաֆիկ Խաչատրյանը 2017 թվականի ընթացքում նախնական համաձայնության է եկել իր մտերիմներ Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի հետ` վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մնացականյանի, Արամ Խաչատրյանի, Դավիթ Բուդաղյանի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար իր վարած ավտոմեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը հանցանքի կատարման վայր փոխադրելու և սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով նրանց օժանդակելու շուրջ»:

Այդ նպատակով Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք են բերել և 2017թ. ընթացքում Երևանում իրենց վարձակալած բնակարանում ապօրինի պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող մարտական ու սպորտային վարժական նշանակության փամփուշտներ, Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և ըստ վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի՝ օրական 15.000 դրամ վարձավճարով վարձակալել են ավտոմեքենա:

Ըստ մեղադրանքի՝  հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով,  հաստատապես տեղյակ լինելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք 2017թ. սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան և գտնվում են «Թուֆենկյան» հյուրանոցում` Ռաֆիկ Խաչատրյանի վարած ավտոմեքենայով հյուրանոցի մերձակայքում շրջելուց, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմացի ավտոկայանատեղիում կայանելուց հետո, դեպտեմբերի 14-ին Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել են Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին:

Այսինքն, Ռաֆիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, օժանդակել է  Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին` Վահագն Աբգարյանին ու նրա ընկերներին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու գործողություններին: Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը ապօրինի կերպով նշված ավտոկայանատեղի է փոխադրել նաև Արմեն Կարադավիդովի կրած մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգը և Ալբերտ Բլբուլյանի ատրճանակը:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վահագն Աբգարյանը, Գագիկ Մոսինյանը, Արթուր Մնացականյանը, Դավիթ Բուդաղյանը և Արամ Խաչատրյանը դուրս են գալիս հյուրանոցից` վերջիններիս ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով և ատրճանակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել հյուրանոցի մուտքի դիմաց` մարդաշատ վայրում գտնվող Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մնացականյանի, Դավիթ Բուդաղյանի և Արամ Խաչատրյանի ուղղությամբ:

Ըստ մեղադրանքի՝ այս ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ռաֆիկ Խաչատրյանը, դուրս գալով ավտոմեքենայից, խմբի անդամների կողմից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի:

Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գագիկ Մոսինյանը տեղում մահացել է:

Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցները Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին չեն դիպել, իսկ հրազենային վնասվածքներ ստացած Վահագն Աբգարյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Դատավոր Արմեն Խաչատրյանն, անդրադառնալով ամբաստանյալ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին, որոշման մեջ նշել է, որ գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պետք է վերացնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter