HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով բողոք է ներկայացրել Երևանի դատախազը

Քրեական հեղինակություններ «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և «Բդո» անունով հայտնի Արմեն Գասպարյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Դատախազը պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, նրանց մեղավոր ճանաչել իրենց մեղսագրվող արարքներում ու Պետրոս Իսրայելյանի նկատմամբ պատիժ նշանակել՝ 14, Ալիկ Բանդուրյանի նկատմամբ՝ 8 և Արմեն Գասպարյանի նկատմամբ` 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, հրապարակել էր Ալիկ Բանդուրյանի և մյուսների գործով դատավճիռ, որով հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու մեջ մեղադրվող Ալիկ Բանդուրյանին, սպանության մեջ մեղադրվող Պետրոս Իսրայելյանի արարքը վերաորակել էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել, նրան դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատել պատժից: Դատարանն արդարացրել էր նաև հանցագործության մասին տեղյակ լինելու և չհայտնելու մեջ մեղադրվող Արմեն Գասպարյանին:
Ըստ  մեղադրանքի` Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով, Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:
Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել:
Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter