HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության տակ պաշտոնից ազատված փոխնախարարի ստորագրությունն է դրված

Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր նորից կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: Պաշտպանը չգիտի, թե կոնկրետ ինչու են այս անգամ Գրիգորյանին տեղափոխել հիվանդանոց, մեզ հետ զրույցում նշեց միայն, որ, իր տեղեկություններով, առողջության պլանային ստուգումներ նախատեսված էին ապրիլի 1-ին:

Ըստ Բաղդասարյանի՝ թեև Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին՝ իրականում նա լուրջ հիվանդություններ ունի:

«Հատուկ քննչական ծառայությունը հղում է  կատարել միջգերատեսչական  հանձնաժողովին, սակայն դրա տված եզրակացությունը չի կարող լինել իրավաչափ,  հանձնաժողովի անդամի անվան տակ ստորագրել է մի անձնավորություն, ով իրավունք չուներ ստորագրելու, ազատված էր պաշտոնից»,- ասաց Լևոն Բաղդասարյանը՝ կարծիք հայտնելով, որ հանցագործություն է կատարվել:

Նշենք, որ խոսքն, ըստ Լևոն Բաղդասարյանի, Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի մասին է: Պաշտպանի խոսքով՝ վերջինս դեկտեմբերի 28-ին ազատվել է պաշտոնից, բայց հունվարին տրված եզրակացության տակ առկա է նրա ստորագրությունը՝ որպես առողջապահության փոխնախարարի: Այս ապացույցը, որը Բաղդասարյանի գնահատմամբ ապօրինի է, տրամադրվել է Վերաքննիչ քրեական դատարանին այն ժամանակ, երբ քննվում էր Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը:

Պաշտպանը նշեց նաև, որ միջգերտեսչական հանձնաժողովը տարօրինակ եզրակացություն է տվել ու դրանում տեղ գտած ձևակերպումնով ապահովագրել ինքն իրեն:

«Նշված է, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կյանքին վտանգ սպառնացող չեն, կարող է կալանք կրել, բայց միևնույն ժամանակ կարող է կյանքին վտանգ սպառնալ: Ըստ էության իրենց ապահովագրել էին՝ նկատի ունենալով, որ նա կարող է կալանավայրում առողջական լուրջ խնդիր ունենալ»,- ասաց Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ նման օրինակ եզրակացությունն է պատճառ դարձել, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով: Մասնավորապես՝ նրանք խնդրել են պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանարապետության ներկայացուցչության կայքը տեղեկացնում է, որ մարտի 22-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը տեղեկացրել է համապատասխան դիմումի առկայության մասին, որոշում կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել քննարկվող խնդրի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

«Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար»,- ասված է ներկայացուցչության պաշտոնական կայքէջում:

Մեզ հետ զրույցում Լևոն Բաղդասարյանը նշեց նաև, որ գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացվել է մարտի 19-ին, նորից մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին: Այս դատավորը բազմիցս քննել է Գրիգորյանի խափանման միջոցի հարցն ու մշտապես գտել, որ նրա կալանավորման համար առկա են հիմքեր: Թե երբ է նշանակվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության գործով դատական նիստը, դեռևս հայտնի չէ:

Պաշտպանը նշեց նաև, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո Գրիգորյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել քրեական գործը կարճելու վերաբերյալ, սակայն ՀՔԾ-ն միջնորդությունը մերժել է:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter