HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է սահմանափակել դուստր ընկերության կողմից մայր ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը

Խորհրդարանը քննարկեց կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» և հարակից ներկայացված նախագծերի փաթեթը։ Այն ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Նախագծերն ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը, դրանք մշակվել են բաժնետիրական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունն ընդլայնելու, կազմակերպությունների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության աստիճանը բարձրացնելու, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը բարձրացնելու նպատակով»,- ասաց նախարարը։

Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվող կարևոր փոփոխություններից է այն, որ կարող է սահմանափակվել դուստր և կախյալ ընկերությունների կողմից հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերի ձեռքբերումը։

«Գիտենք, որ դուստր և կախյալ ընկերություններում հիմնական ընկերության որոշումները ազդեցիկ են, համապատասխան հակառակ իրավիճակ է, երբ դուստր և կախյալ ընկերությունները կարող են ձեռք բերել մասնակցություն մայր ընկերության կանոնադրական կապիտալում։ Հաճախ գործնականում առաջացնում են այնպիսի իրավիճակներ, որոնք չեն նպաստում կազմակերպության կողմից որոշումների ընդունման թափանցիկությանը, և հիմնվելով միջազգային փորձի վրա՝ առաջարկվում է հստակորեն կիրառել այդ սահմանափակումը։ Հաջորդը՝ առաջարկվում է սահմանել, որ բաժնետերերի ժողովում որևէ դասի արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակման որոշում կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել տվյալ արտոնյալ բաժնետոմսերի ¾-ի սեփականատերերը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Առաջարկվող փոփոխություններից է նաև այն, որ խորհրդի անդամ կարող է լինել անձը, եթե չի զբաղեցրել գործադիր ղեկավար պաշտոն տվյալ կազմակերպությունում վերջին երեք տարիներին, չի աշխատել այդ կազմակերպությունում կամ դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունում։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ եթե օրինակ «Գազպրոմ Արմենինա» ընկերությունը ուզում է ձեռք բերել մայր Գազպրոմի բաժնետոմսերը, արդյոք օրենսդրությունը արգելելու է դա, թե ոչ։

«Դուստր ընկերության կողմից մայր ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումն օրենքով առաջարկվում է սահմանափակել՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում մայր ընկերությունը»,- արձագանքեց նախարարը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց այն մասին, թե առաջարկվող փոփոխություններով որ շրջանակները չեն կարող լինել անկախ խորհրդի անդամ և նկատեց, որ այդ շրջանակում ներառված անձանց ընտանիքի անդամները ևս չեն կարող լինել։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամ, օրինակ հորեղբոր տղան կարո՞ղ է համարվել ընտանիքի անդամ։

Նախարարն աձագանքեց, որ հորեղբոր տղան ընտանիքի անդամ չէ, սակայն նախագծով կհստակեցնեն, թե որ իրավական կետով է դա որոշվելու։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, հանձնաժողովում քննարկումները ընթացել են հիմնականում տեխնիկական հարցերի շուրջ, ուստի առաջարկեց կողմ քվեարկել նախագծին։

Նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կներկայացվի վաղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter