HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովի բարձրաստիճան հատվածում

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցել է ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես է եկել ելույթով:

Փոխնախարարը սկսել է իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ա. Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, կարևորել է ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:

ԱԳՆ կայքը նշում է, որ անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին` Ա․Ապիտոնյանը մտահոգություն է հայտնել, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նա նշել է, որ ԵԱՀԿ պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն այլ երկրների հետ միասին միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում և Իրաքում` էթնիկ և կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Հավելել է, որ վերջին ութ տարիների ընթացքում Սիրիայի և Իրաքի ժողովուրդները, մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առևանգումների և տեղահանման: Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշել է, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հավելել է, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը իրենց ծագման երկրներ բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա, և կարող է հանգեցնել հակամարտությունների և ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:

Եզրափակելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter