HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ ներդրող Պայքար Քեշիշյանը ընդլայնում է Ամրակից գյուղի իր ֆերման

Պայքար Քեշիշյանը 8 ամիս առաջ 200 հազար դոլարով գնել է Գյուլագարակ համայնքի Ամրակից գյուղի վարչական տարածքում գտնվող նախկին թռչնաբուծական ֆերմայի 5,5 հա տարածքն ու գոմերը և սկսել է զբաղվել անասնաբուծությամբ: Տարածքի նախկին սեփականատեր Վաչագան Բաղդասարյանի ասելով՝ թռչնաբուծարանը շատ վատ վիճակում է հանձնվել Պայքար Քեշիշյանին: Գնելուց հետո նա տարածքում մաքրման և վերանորոգման աշխատանքեր է իրականացրել, գոմերը տեսքի է բերել: Ջրի և էլեկտրականության խնդիրներն է լուծել: Սփյուռքահայ գործարարն ասում է, որ գործի մեջ ներդրել է մոտ 300 մլն դրամ:

Պայքար Քեշիշյանը 4 տարի առաջ իր ընտանիքով Սիրիայից գաղթել է Հոլանդիա: «Ես երկաթի գործով կզբաղվեի Սուրիա, արդեն կռիվն եղավ, ձգեցինք, փախանք Սուրիայեն: Մեր տուն, տեղ, մեր գործ, խանութ, այդ ամեն ինչ եղածը Սուրիա մնացել է»,- պատմում է Պայքար Քեշիշյանը:

Նա որոշել է բիզնես սկսել Հայաստանում: «Ես հայ եմ, ինձի համար Հայաստանը շատ ավելի նախընտրելի է: Ես շատ ուրախ եմ՝ այսօր մեր պզդիկ ֆերմայե մեջ էս կառավարությունն ամեն օր կուգա և մեզի կդիմի՝ ինչ պետքություն ունիք: Ասի շատ մեծ բան է մեզի համար: Մարզպետը և Ստեփանավանի քաղաքապետը կուգան»,- ասում է նա:

Պայքար Քեշիշյանը հաշվարկներից հետո որոշել է ֆերմայի համար անասուններ գնել միայն Հայաստանից: «Դուրսեն պետք է բերես հոլանդական կովը, 3 հազար եվրո է գինը: Հոն կուտա 80 կիլո կաթ: Հոս բերես, իրեն նույն ձևով պետք է պահես, քեզի պիտի տա 40-45 կիլո կաթ: Դուրս հանեցիր արածելու աստեղի կովերի պես, հոլանդական կովը ոտքերու ցավ կունենա: Նույն գինով հոս կառնես 3 հատ կով, 3 հատ էլ հորթ և ամենը 20-25 կիլո կաթ կուտա քեզի, ո՞րն է լավը: Երբ որ կովին գոմից չհանես, ծախսը կմեծնա արդեն»,- բացատրեց Պայքարը:

Ֆերմայի բրիգադիր Արման Զաքարյանի խոսքով՝ անասունները գնել են Հայատանի տարբեր վայրերից, ցանկացել են ցեղափոխություն կատարել, ջոկել են լավ որակի անասուններ: Մեծ մասամբ բեղնավորված կովեր են գնել: Խոզերը ընտրել են սպիտակ խոշոր, եւ «Լանդրա» տեսակի: Գնել են նաև հավեր և հնդկահավեր: «Ուզում ենք ունենալ մերը, ամեն ինչ ձևափոխենք»,- ասում է Արման Զաքարյանը:

Անցած 8 ամիսներին Պայքար Քեշիշյանի անասնաբուծական ֆերմայում ստեղծվել է 40 աշխատատեղ: Դրանցից 17-ը մշտական աշխատատեղեր են: Պայքարի ասելով՝ մեկ ամիս հետո մշտական աշխատատեղերի թիվը կհասնի 70-ի: «Պայքարը որոշել է անասունների կերը ապահովելու համար ունենալ իր սեփական ցանքատարածքները: Պ. Քեշիշյանի անասնաբուծական ֆերմայում հիմնականում գործազուրկ ստեփանավանցիներ են աշխատում: Վստահ ենք, որ առաջիկայում նա աշխատատեղեր կապահովի մեր գործազուրկների համար»,- ասաց Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

Պայքարի խոսքով՝ մինչև տարեվերջ ոչխարների քանակը կհասցնի 4 հազարի: Այժմ ունի 1000 ոչխար, 100 կով և հորթ, 15 մայր՝ իրենց գոճիներով: Գործարարն անասունների կերի ապահովման գործում ձմռանը դժվարություններ է ունեցել: Թեև 60 տոննա գարի, ցորեն, վարսակ, 16-17 հազար տուկ խոտ է գնել, այսուհանդերձ ձմռանը մի կերպ է ապահովել անասունների կերը: Ասում է՝ էկոլոգիապես մաքուր սննդով է կերակրում իր անասուններին: Այդ նպատակով եկող տարի որոշել է իր ցանած կերային կուլտուրաներով ապահովել անասունների սնունդը: Հիմա 100 հա խոտհարք ունի: Պայքարի ասելով՝ տեղում 40 հա վարելահող կա: «Մինչև 300 հա հողի կարիք ունենք: Ինձի ինչ չափի հող տան, խնդիր չունիմ: Պիտի ցանենք դրանք»,- ասում է նա:

Վարելահողեր հատկացնելու հարցով Պայքար Քեշիշյանը դիմել է Լոռու մարզպետին: Նա կառավարությունից աջակցություն է խնդրել նաև էժան դիզվառելիք գնելու համար:

«Երբ 200 հա հող պիտի ցանեմ, չեմ կարող վառելիքը թանգով առնեմ: Կառավարությունը ինձի պետք է ինչ-որ ձևով օգնե, կամ ինձի թույլ տա՝ ես երթամ դուրսին դիզվառելիք բերեմ. այդ դեպքում ինձի անհրաժեշտ կլինի հարկային արտոնություն»,- ասում է Պայքարը:

«Վարելահողեր հատկացնելու մասին ես զրուցել եմ Պայքար Քեշիշյանի հետ: Մենք կբավարարենք նրա այդ խնդրանքը: Նրա հետ նայել ենք Բովաձոր գյուղի վարելահողերը, վարելահողեր ունենք նաև Գյուլագարակ համայնքում»,- ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Վերադառնալով Պայքար Քեշիշյանին կառավարության կողմից դիզվառելիքի ներկրման հարկային արտոնությանը՝ մարզպետը բացատրեց. «Հարկային արտոնություն հենց այնպես կառավարության կողմից չի տրվում: Դրա համար Պայքար Քեշիշյանը պետք է հետագա ներդրումների մասին իր ծրագիրը ներկայացնի կառավարությանը: Պետք է հայտնի նաև, թե մինչև օրս ինչ ներդրումներ է իրականացրել: Դրանից հետո կառավարությունը կքննարկի ներդրողին դիզվառելիքի ներկրման հարկային արտոնություն տալու հարցը: Ես դեռ այս մասին չեմ զրուցել նրա հետ»,- հայտնեց Ա. Ղուկասյանը:

Պայքար Քեշիշյանի ասելով՝ անասունների համար իրեն գարի շատ է հարկավոր: Որոշել է գարի չլինելու դեպքում՝ ցորեն ցանել և փոխանակել գարիով: «Հոս գարին չի աճեր, որովհետև շատ անձրև կուգա, և արևը քիչ է, չի չորնար գարին: Հոս ցորենը կաճի»,- բացատրեց Պայքարը: Ասաց՝ հետագայում զբաղվելու է մսի, կաթի և մյուս գյուղմթերքների արտադրությամբ և վաճառքով:

Առայժմ սփյուքահայ գործարարն իր անասունների արտադրած կաթը հորթերին և գառներին է տալիս: Առաջին տարին փորձեր է անում՝ որոշելու, թե որ գյուղմթերքների արտադրությամբ զարգացնի իր տնտեսությունը. «Եթե կաթին լավ է, դրա համար մասնավոր, ավելի մեծ և լավ կովերը կընտրենք, որ կաթ, պանիր, մածուն ծախենք»,- ասաց նա:

Պայքարի ընտանիքի անդամները դեռեւս չեն վերադարձել: «Վերջը կուգան հայրենիք, իրանք ալ Հայաստանը կսիրեն ինձմե ավելի»,- ասում է Պայքար Քեշիշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter