HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել քննիչ Միքայել Զադոյանին գրավով ազատելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

Զադոյանն առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ ազատ է արձակվել հունվարի 25-ին, և մեղադրող դատախազ Արա Մնացականյանը որոշումը բողոքարկել է փետրվարի 4-ին:

Հիշեցնենք, որ կաշառքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է տվել քաղաքացի Բաբկեն Գասպարյանը: Վերջինս, մասնավորապես, ասել է, որ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում (Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, ըստ գործի նյութերի, հարվածել է իր հետ վիճաբանած մի քաղաքացու՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս):

Կաշառքի վերաբերյալ հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց ինքը` ԱԱԾ-ում հաղորդում տված Բաբկեն Գասպարյանը, ինչպես նաև փաստաբան Գայանե Գալոյանը, Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը և Միքայել Զադոյանն, որը Բաբկեն Գասպարյանի որդու գործով քննիչն է եղել:

Ըստ գործի նյութերի` գումարի դիմաց պետք է Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սոս Գասպարյանին մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրվեր, մասնավորապես՝ նրա արարքը պետք է որակվեր ոչ թե «դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառել», այլ «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»:

Քննիչ Միքայել Զադոյանը, ինչպես նաև փաստաբան Գայանե Գալոյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter