HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Նվազագույն կենսաթոշակից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել». խորհրդարանը քննարկեց կենսաթոշակների նախագիծը

Խորհրդարանը քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով՝ նախագիծն արտացոլում է կառավարության ծրագիրը։

«Համաձայն այդ ծրագրի՝ նախատեսվում է որպես թիրախային նպատակ բացառել ծայրահեղ աղքատությունը, և այս ճանապարհին սա շատ կարևոր քայլ է»,- ասաց փոխնախարարը։

«Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր տերմին՝ նվազագույն կենսաթոշակի չափն է, որից պակաս կենսաթոշակ ուղղակի չի կարող վճարվել, և այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ 18 հազար կենսաթոշակառուի։ Սա, իհարկե, պետական բյուջեում կբերի ծախսերի որոշակի մեծացման՝ շուրջ 800 միլիոն։ Օրենքն ընդունվելուց հետո կկատարվի վերահաշվարկ, օրենքին կտրվի հետադարձ ուժ, այն անձանց կվճարվի գումար, ովքեր փաստացի ցածր են ստանում 25500 դրամից, կկատարվի վերահաշվարկ և չվճարված գումարները կվճարվեն նրանց»,- ասաց Սաիյանը։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց՝ կառավարության ծրագրում հստակ գրված էր ծայրահեղ աղքատության հաղթահարում և աղքատության ցուցանիշների նվազում։

«Այս նախագիծը փաստորեն ընդամենը մեկ քայլ է դեպի այս հարցերի լուծումը, բնականաբար, սրանով չենք հաղթահարում աղքատությունը, սա մեկ դրական քայլ է պարազապես։ Խոսքը վերաբերում է մոտ 83 հազար բնակչի, որոնք պարենային գծից ցածր գումար էին ստանում, այսքան բնակչի մասով ավելանում է եկամուտը։ Բնականաբար ցանկալի կլիներ երկու-երեք անգամ ավելացնել գումարը, բայց այս պահին բյուջեի հնարավորություններն այսքան են»,- ասաց Զեյնալյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին։

Նախագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կներկայացվի վաղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter