HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների գրագողության կանխարգելմանն ուղղված նախագծերը

Խորհրդարանը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել ռեֆերատների, կուրսային, դիպպոմային և այլ աշխատանքների գովազդը։

«Տարիներ շարունակ տեսել ենք, գիտենք` ինչպես են այդ օֆիսները վաճառում կուրսայիններ, դիպլոմայիններ և այդպես ազդում կրթության որակի վրա։ Իրականում խնդիրը բազմաշերտ է, այս խնդիրը չպետք է գար ու օրենսդրական լուծում ստանար, եթե մեր բուհերը ապահովեին նորմալ գործիքակազմ պլագիատի դեմ պայքարելու համար, բայց բուհերի հետ իմ քննարկումները ցույց են տալիս, որ շատ բուհերի ղեկավարներ դեռ չունեն այդ գիտակցումը, որ պետք է ներդնել հակապլագիատ գործիքներ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախագծի հեղինակի խոսքով՝ սա նախազգուշական նախագիծ է` դիպլոմայիններ, կուրսայիններ գրելու գովազդն է արգելվելու։

«Նույնիսկ արտագրություններ կան գումարով, սա նշանակում է, որ ՀՀ-ում կան դասախոսներ, որոնք շարունակում են թելադրություններ անել լսարանում, և այդ ուսանողը վերցնում է ընկերոջ աշխատանքը, տանում է գումարով տալիս արտագրության, սա ուղղակի խայտառակություն է։ Առաջին փուլով առաջարկվում են այս երկու օրենքների նախագծերը, հաջորդ քայլով պատրաստվում եմ «Կրթության մասին» և «Առևտրի ու ծառայությունների մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկել, որով ընդհանրապես կարգելվի նման կազմակերպությունների գործունեությունը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց փոխել ստանդարտները, վերացնել այն պատճառը, որը ծնում է նման հետևանք։ «Որ այլևս ընդունելի չլինեն նախկին տեսքով ատենախոսություններ, աշխատանքներ, նոր ստանդարտներ լինեն, որ չհասցնեն այս գրագողությանը»,- ասաց նա։

Հովհաննես Հովհաննիսյանը համաձայնեց, որ խնդիրն ակտուալ է։

«Բուհերը պետք է մտածեն իրենց մրցակցայնության առավելությունների բարձրացման մասին, մեկ էջանոց վերլուծական աշխատանքը շատ ավելին արժե, քան 30 էջանոց արտագրությունը։ Բուհերը պետք է շեշտադրում կատարեն քննական մտածողություն վրա, որ ունենանք քննադատական մտածողությամբ ուսանողություն»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը նկատեց. «Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք հիվանդ սրտով մարդուն ուզում ենք բուժել նրա եղունգները կտրելով, այսինքն` մենք ունենք դպրոցական այն համակարգը, որ ունենք, ընդունում ենք շատ ցածր գնահատականներով բուհ, հնարավորություն ենք տալիս մի քանի անգամ վերահանձնել քննությունները, տալիս ենք դիպլոմ և չենք ուզում, որ պլագիատ լինի,: Մենք հաշվարկե՞լ ենք, թե քանի ուսանող կմնա, եթե էս միջոցներն ամբողջությամբ կիրառենք»։

Հովհաննես Հովհաննիսյանն արձագանքեց՝ պատգամավորը համակարգային հարցեր է բարձրացնում կրթական համակարգի վերաբերյալ։ «Բնականաբար, համամիտ եմ, որ ամբողջ կրթական համակարգում կա խնդիր, և այդ խնդիրները մեկ օրում չեն լուծվում, տարիներ են պահանջվում, որ այդ խնդիրները լուծվեն, բայց ինչ-որ բաներ բուժելը համամիտ չեմ, որ հիվանդ մարդու եղունգները կտրել է, միգուցե հիվանդ սրտով մարդու մեկ ստենդավորում անել է, երկու ստենդ էլ պետք է անել»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց տվյալ կազմակերպությունների կանոնադրությունից, թե արդյոք վերջիններս իրավական տեսակետից իրավունք ունեն նման ծառայություն մատուցելու։ Հովհաննես Հովհաննիսյանն ընթերցեց ընկերություններից մեկի գովազդից մի հատված. «Մեր կայքի գործունեությունն ուղղված է ապագա մասնագետների ուսումնական գործընթացը հեշտացնելուն: Այստեղ դուք կարող եք պատվիրել ռեֆերատներ, կուրսայիններ, անհատական և ստուգողական, դիպլոմային աշխատանքներ, ունենք ութ տարվա աշխատանքային փորձ»։

«Սա գովազդի մի հատվածն է, նման հարցերն այս օրինակով հնարավոր կլինի լուծել, բայց ճանապարհը բավականին բարդ է ու երկար»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարում, որ կրթության և գիտության նախարարությունը ստիպի պլագիատը հայտնաբերող ծրագրերը պարտադիր լինեն բուհերում, և հնարավորինս նվազեցվեն ռիսկերը։

«Մինչև վերջերս շատ նշանավոր բուհերից մեկի ռեկտորը, որը տարիներ շարունակ եղել էր այդ բուհի ռեկտորը, լուրեր կային մամուլում, որ նրա թեկնածուականը կեղծված է եղել, տեղեկություններ ունե՞ք, թե բուհական համակարգում ինչպիսի պատկեր է այս առումով»,- հարցրեց նա։

Հովհաննես Հովհաննիսյանը ճշտեց՝ խոսքը դոկտորականին էր վերաբերվում։ «Ծանոթ եմ այդ խնդրին, բայց չեմ ուզենա մանրամասների մեջ խորանալ, որովհետև ոչինչ ապացուցված չէ, անմեղության կանխավարկածը մշտապես գործում է։ Դուք մի բառ օգտագործեցիք՝ ստիպել, նախարարությունը չի կարող ստիպել, հատկապես նոր իրավիճակում, ես էլ, լինելով նախարարությունում, հորդորել եմ, խնդրել, որ այդ ճանապարհով անցնեն, բայց բուհի ղեկավարությունը պետք է ունենա տեսլական, թե ուր է ուզում իր բուհը տանել, ինչպիսի բուհ է ուզում ունենալ»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter