HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Նոր Երզնկայից շատ համայնքներ սովորելու բան ունեն

Համարվում է, որ եթե ծիծեռնակը բույն է դնում տան տանիքի տակ, ուրեմն այդ տանը բարիքն ու երջանկությունն անպակաս են: Դա նույնիսկ գիտական բացատրություն ունի' տեղանքի խաղաղությունն ու բարեբերությունը այս թռչունը զգում է ժամանակի ընթացքում անսխալ դարձած բնազդով: Պատահականորեն, թե օրինաչափությամբ' Կոտայքի մարզի Նոր Երզնկայի գյուղապետարանի ներսում՝ առաստաղին մոտիկ, բույն էր դրել ծիծեռնակը, եւ նրան չէին անհանգստացնում ներսուդուրս անող մարդիկ ու նրանց ձայները: Արտաքինից ծաղկուն այս գյուղի ու նրա գյուղապետ Ալինա Հարությունյանի հետ մեր շփումը առաջին տպավորությամբ կարծես հաստատում էր ծիծեռնակի անսխալականությունը: Սակայն, իհարկե, թռչունը չի կարող համատարած երջանկություն երաշխավորել:

Նոր Երզնկա մտանք' նախապես չպլանավորված այցով. ձգեցին կանաչ օազիս հիշեցնող այգիները: Քասախ գետի ձախ ափին մոտիկ՝ Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգի տարածքում գտնվող գյուղը, ենթադրվում է, որ ոռոգման ջրի պակաս չպետք է ունենա' թիվ մեկ խնդիրը, որի մասին մեր գյուղական համայնքների բնակիչները սովորաբար ամենից շատ են բողոքում: Բայց պարզվեց' այստեղ էլ դժգոհողներ կային: Հենց գյուղապետարանի մոտ թղթախաղի մեջ խորացած տղամարդիկ ընդհատեցին խաղը, որպեսզի մեզ բողոքեն, թե ապրիլից սովորաբար բացվող ոռոգման սեզոնի սկզբից մինչեւ հիմա' մայիսի վերջը, ոչ մի անգամ դեռ չեն ջրել իրենց տնամերձները, այդպիսի պայմաններում ի՞նչ բերք պետք է տան խաղողի, խնձորի այգիները: Մեզ նույնիսկ տարան տնամերձ հողակտորներ, ուր ցույց էին տալիս ջրի ծարավ ծառերը. «Գիշերը պիտի մնաս դուրսը, որ հեռու Ծաղկեվանքից ջուր բերես' հաճախ էլ իրարից խլելով, մեր կողքի 8 տնտեսությունն էս վիճակում է»,-ասում էր կենսաթոշակառու Աստղիկ տատը' պատմելով, որ տնամերձի բոստանային կուլտուրաները չորանալուց հաճախ փրկում են խմելու ջրով:

Նրա երեսունհինգամյա որդին, որ կին ու երեխաների տեր է, մշտական աշխատանք չունի եւ ապրում է պատահական վաստակով: Նրանց ընտանիքի հիմնական եկամուտը խաղողի այգուց է ստացվում. ժամանակին չջրվող վազի պտուղը ծաղկելուց հետո թափվում է, եւ բերքը քիչ է լինում: Գարեգին Դավոյանի ասելով էլ' ջուր տվողը մասնավոր ընկերություն է, ասում է' վճարեք, տամ: Մի մասը վճարում է, մի մասի ձեռքին էլ առձեռն փող չկա, որ վճարի. թաց ու չոր խառնվում է, վճարողի ու չվճարողի այգիները ծարավ են մնում միասին: Ստիպված մնում են աղբյուրի ջրի հույսին, ամսվա վերջին էլ ջրաչափը մի կլորիկ ցուցմունք է գրում' 3-4 հազար դրամ: Ելքն այն է, որ ջրօգտագործողների միությունները մի փոքր ավելի ճկուն աշխատեն՝ նախօրոք «չորով» չուզեն ոռոգման ջրի վարձը, դրա կեսը թողնեն գյուղացին վճարի բերքն իրացնելուց հետո (ի դեպ' գյուղն օգտվում է Երեւանը սպասարկող խմելու ջրատարից, այնպես որ ամռանը Երեւանի խմելու ջրի մշտականությունը պայմանավորված է նաեւ նրա մերձակա տարածքները ոռոգման ջրով սպասարկող ջրօգտագործողների միությունների ավելի ճկուն եւ նպատակային աշխատաձեւով): Ըստ Գ. Դավոյանի հաշվարկի' 1հա խնձորի այգին մի 6 անգամ սեզոնին ջուր է ուզում, որը մոտ 40 հազար դրամ է կազմում, տնամերձն էլ հետը' տարեկան 60 հազար դրամ ոռոգման ջրին է տալիս: Ամենաշատը 1 տոննա խնձոր է լինում, բայց անցած տարի բերքը պակաս է եղել' ընդամենը 200 կգ, որը նա փոխել է կարտոֆիլի հետ ու 2 կովի տված կաթնամթերքի հետ ապրեցրել իր 12 անձից կազմված ընտանիքը: Այսինքն' միշտ չէ, որ ստացված արդյունքը հանում է ծախսերը եւ ընտանիքի եկամուտ ձեւավորում: Նոր Երզնկայի հողը կավային է եւ անընդհատ ջրել է ուզում, միայն այդ դեպքում նա կարող է բերքատու լինել:

Նոր Երզնկայի գյուղապետ Ալինա Հարությունյանը, սակայն, չի համարում, թե ոռոգման հետ կապված խնդիրները նրա ղեկավարած համայնքում շատ են. «Հիվանդություն է՝ որքան էլ ջուր ունենան, բողոքելու են, տարիներ առաջ մի 7 օր պիտի քնեինք ծառերի տակ, որ Երզնկային ջուր տային, ջրեինք: 1998 թվականին 2 կմ նոր ջրատար կառուցվեց, ու ողջ Երզնկայի հողերը դարձան ոռոգելի, ուղղակի ներքին ցանցի տեխնիկական վիճակը լավ չէ' նորոգման կարիք կա»: Գյուղապետի ասելով' ինքը միշտ փորձում է միջնորդ լինել, որ ոռոգման ջուրը, անկախ գյուղացու վճարել-չվճարելուց, տան, սակայն վերջին մի շաբաթը որոշել է չխառնվել. «Ուզում եմ տեսնել' վերջապես տնամերձների օգտագործած ոռոգման ջրի վարձը հավաքելու-տալու՞ են, որքա՞ն կարող են «Աշտարակ», «Կարբի» ընկերությունները մեր փոխարեն փակել տնամերձների ոռոգման վարձավճարները»:

Գյուղացին էլ իր բացատրությունն ունի. ընկերությունը կարող է սպասել մինչեւ աշուն' մինչեւ գյուղացին բերքը հավաքի, իրացնի, ապա վճարի: Իհարկե, նախորդ տարվանից չվճարողներ եւս կան. մի մասը օբյեկտիվ պատճառով (բերքն այն չի եղել), բայց կան եւ պարզապես չվճարողներ:

Գյուղը երկու' Արզնի-Շամիրամ եւ Ապարանի դոտացիոն ջրանցքներից է օգտվում: Ստացվում է, որ ջուրը քթի տակ' այգիները չորանում են, քանի որ մասնավոր ընկերությունները ջրի փականը բացում են միայն, գյուղացու խոսքով' «նաղդ» փող տեսնելուց հետո: Դա զայրացնում է հատկապես տարիքավոր երզնկացիներին, որոնց պատկերացմամբ լումաներ արժեցող ջուրը ոչ մի ծառայություն չմատուցող ընկերությունն իրենց վրա ոսկու գնով է ծախում: «æուրը մեր կողքն է, իրենք հեռուներից գալիս, մեր ջուրը մեզ չեն տալիս, գնանք ջարդենք-բացե՞նք»,-սպառնում-հարցնում են նրանք, ու խոսքը ներքեւից կամաց-կամաց տանում-հասցնում ամենավերին իշխանավորին' թե ժողովրդի մասին մտածող չկա, ոռոգման ջուրն ի՞նչ է՝ էն էլ ժամանակին չեն տալիս' բերք աճեցնեն-ապրեն:
Նոր Երզնկան 100 տոկոս գույքահարկ ու հողի հարկ է վճարում

Նոր Երզնկա համայնքի ղեկավարից, ով 1996 թվից արդեն 4-րդ անգամ գյուղապետ է ընտրվում, զարմանալի բաներ լսեցինք: Այն, ինչ սովորաբար լսում ենք մեր տարբեր եւ ավելի հաճախ' սահմանամերձ գյուղերում, այստեղ պարզապես չկա. գյուղը որեւէ պարտք չունի' ո՛չ աշխատավարձերի դիմաց, ո՛չ կենսաթոշակային հիմնադրամին, հարկ ու տուրքերն էլ այստեղ համարյա հարյուր տոկոսով հավաքվում են. այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով 57 տոկոս հողի հարկ է հավաքվել: Գյու՞ղն է հարուստ: «Ոչ»,-պատասխանում է գյուղապետը,-ուղղակի ժողովուրդը սովորեց' պիտի վճարի, որ իր համար ինչ-որ բան կառուցվի: Եվ թվեց' 57 երեխայով մանկապարտեզ է գործում, գյուղի 70%-ը գազիֆիկացված է, խմելու ջրատար է կառուցվել սեփական միջոցներով, գյուղի հանդիսությունների շենքն է վերակառուցվել, Մշակույթի տան հիմնանորոգման նախնական աշխատանքներն արվել են, շուտով կսկսվի նորոգումը:

Գյուղը կոմունալ հարմարություններով ապահովված է. սեփական միջոցներով 1կմ կոյուղի է փոխվել, օրը երկու անգամ ավտոբուսային երթուղով կապված է Երեւանի հետ, երեկոյան էլ Երեւանից լրացուցիչ երթուղի կա, որն ուսանողներին եւ Երեւանում աշխատող շինարարական աշխատուժին վերադարձնում է գյուղ: 300 աշակերտ ունեցող դպրոց է պահում-ջեռուցում գյուղը, որն, ի դեպ, կապիտալ նորոգել է Սոցիալական ներդրումների հիմնադրամը: Գյուղի գլխավոր հիմնախնդիրը Ա. Հարությունյանը ճանապարհների բարեկարգումը համարեց. «Հիմա հաշվարկ եմ անում' մեկ կիլոմետրանոց ճանապարհ բարեկարգելու համար իմ մեկ տարվա, գուցեեւ երկու տարվա բյուջեն պետք է դնեմ»: Գյուղի բյուջեն 16 մլն դրամ է: «Վարչական բյուջեն»,-ճշտում է անում գյուղապետը: Նա այս տարի ֆոնդային բյուջե էլ է պլանավորել' մտածելով, որ հողեր կօտարվեն, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն դրամ: Դոտացիան այդ գումարում 8 մլն դրամ է' այն այս տարի կես միլիոնով պակասեցրել են. «Երեւի լավ ենք աշխատում, այդ պատճառով»,-ծիծաղում է գյուղապետը: Գյուղի ներքին ջրատարներից որը կարողացել է' գյուղապետարանը փոխել է, հիմա որ ջրմուղը հանձնվել է ֆրանսիացիներին, մնացածը գուցե նրանք նորացնեն, քանի որ գյուղը ոչ մի պարտք չունի ջրմուղին:

Բյուջեի ֆոնդային մասը գյուղապետը հույս ունի լրացնել մասնավորեցման ենթակա գյուղնշանակության հողերի օտարումից, որոնց մեծ մասը վարձակալության են տրված. վարձակալման վճարները լիարժեք վճարվում են, այնպես որ գյուղի ղեկավարությունը հակված է դրանք օտարել հենց վարձակալներին, թեեւ աճուրդների դեպքում չի բացառվում ավելի բարձր գին առաջարկողին վաճառելը: Ի դեպ' այդ հողերի մեկ հեկտարի արժեքը Երեւանից 17 կմ հեռավորություն ունեցող այս գյուղում ամսեամիս թանկանում է եւ այժմ կազմում է 4 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Գյուղի բնակիչների մեծ մասը միջին բարեկեցության են. սա նաեւ գյուղացիներն էին ասում, միջինը 2-5 կով ունեն, սակայն արոտավայրերում ոռոգման ջրի պակասի պատճառով կովերը հյութալից խոտով չեն հասցնում սնվել, եւ կաթնատվությունը պակաս է:

1850 բնակիչ, 325 տնտեսություն ունեցող Նոր Երզնկան հիմնվել է 1949 թվականին, խորհրդային տիպային ավան է եղել' 2-3 հարկանի տներով, որտեղ 4-5 ընտանիք են ապրում: Սկզբում հիմնվել է Վերին Երզնկան' Արզնի-Շամիրամ ջրանցքը կառուցողների համար, ապա եւ Նոր Երզնկան' համալրվելով մարտունեցիներով, ապարանցիներով, թալինցիներով: Գյուղում զբաղվում են անասնապահությամբ եւ այգեգործությամբ' հիմնականում խնձորի եւ խաղողի այգիներ են, վերջերս ծիրանի եւ սալորի այգիներ եւս հիմնվել են: Խաղողը հանձնում են Պռոշյանի գինու-կոնյակի գործարան: Չնայած առկա բարդություններին' հերթեր են գոյանում, ընդունման գներն էլ շատ ցածր են: Ընդհանրապես, բերքը շատ դժվար է իրացվում: Թեեւ Երեւանին գյուղը մոտ է, բայց էլի վերավաճառողին է շատը բաժին ընկնում, որն էլ ցածր գնով է միրգն առնում՝ գյուղացուն չթողնելով նորմալ գնով բերք իրացնել: Մեր երկրում դեռեւս այդպես է' արտադրողն ավելի քիչ է շահույթ ստանում, քան իրացնողները: Կաթնամթերքը Երեւան են հասցնում' ապրել լինում է: Սակայն գյուղում աշխատանք չկա: Մեր գյուղերի թույլ տեղն այն է, որ տեղերում դեռեւս գյուղատնտեսական մթերքներ արտադրող մանր ձեռնարկություններ չկան: Մինչդեռ հենց նոր Երզնկայում կարելի էր կաթի եւ մրգի վերամշակման ձեռնարկություններ հիմնել: Երիտասարդ տղամարդիկ հիմնականում աշխատանք են փնտրում Երեւանում, Հրազդանում, մոտակա մյուս քաղաքներում, հիմնականում շինարարության վրա են աշխատում' առավոտյան գնալով եւ ուշ երեկոյան վերադառնալով: Կան նաեւ վճարի դիմաց այգեգործական եւ անասնապահական աշխատանքը մասնավոր մարդկանց համար անողներ:
Կրթված եւ իր գործն իմացող գյուղապետը' գյուղի բարեկեցության երաշխավոր

Լինելով Հայաստանի շատ գյուղերում եւ զրուցելով գյուղապետերի հետ' կարելի է անսխալ ասել, թե ինչի է ընդունակ տվյալ համայնքի ղեկավարը: Նոր Երզնկայի գյուղապետը օրենքներից տեղյակ, բարդույթներից ազատ, ամեն նորից չվախեցող կին է. կին լինելու հանգամանքը ոչ թե խանգարում, այլ օգնում է նրան նախաձեռնություններն իրականացնելիս:
Տարբեր գյուղերում անընդհատ լսելով գյուղական համայնքներին տրվող վարկերի բարձր տոկոսներից բողոքող գյուղապետերին' շատ զարմացանք Նոր Երզնկայում իշխող տրամագծորեն հակառակ կարծիքի մասին եւ հայտնաբերեցինք, որ այդ կարծիքի արմատավորողը հենց Ալինա Հարությունյանն է: Այս գյուղում 50 ընտանիք-վարկառու կա «Ակվա» բանկից, նրանք այնքան պարտաճանաչ կերպով են իրենց վարկային պատմությունը ստեղծել, այնպես ժամանակին են վերադարձրել պարտքը, որ գյուղին տրվող վարկային տոկոսներն իջել են 16-ի. սկսել են 300 դոլարին համարժեք դրամից, այժմ 1000 դոլար' առանց գրավի եւ ավելին' գրավով են վերցնում:

Առաջին վարկերը, ինչպես եւ ուրիշ համայնքներում, այստեղ էլ վախեցել են վերցնել, շատերին ստիպել է հենց գյուղապետը, հիմա նրանք բոլորն էլ գոհ են. վարկերի շնորհիվ հիմնվել են 30 հա նոր այգիներ, անասնաֆերմաներ, հացի փուռ, փոքրիկ կրպակներ: Վարկ է վերցրել նաեւ գյուղապետը եւ իր եղբոր հետ ֆերմա հիմնադրել' 70 գլուխ խոշոր եղջերավոր անասունով: Դեռ վնասով են աշխատում, քանի որ ներդրումներ էին անում, սակայն հուսով է ծախսերը շուտով վերադարձնել:
Նոր Երզնկայի գյուղապետը կարծում է, որ բողոքելու փոխարեն գյուղապետերը պետք է հետեւողականորեն աշխատեն. վատ գյուղեր չկան, ուղղակի կան գյուղապետեր, ովքեր ծուլանում են, կուլ գնում իրենց հարազատներին, համագյուղացիներին չեն պարտադրում հարկ վճարել' իբր չեն ուզում վատություն անել, բայց հենց այդպես են գյուղին վատություն անում, քանի որ դրա հետեւանքով գյուղում ոչինչ չի կառուցվում: Իսկ ի՞նչ են ասում մեր գյուղապետերը վարկերի բարձր տոկոսների մասին, գուցե փորձի փոխանակու՞մ է պետք կազմակերպել...
Գյուղացին մասնակի՞ց է համայնքային կյանքին

Ասացինք, որ գյուղապետը չի վախենում ամեն նորը փորձելուց: Մեր առաջարկին, թե գյուղում պետք է վահանակներ ստեղծել' ավագանու եւ համայնքի ղեկավարի զանազան որոշումները դրանց միջոցով մարդկանց հասցնելու համար, նա անմիջապես համաձայնեց՝ միաժամանակ մեզ ուղեկցելով գյուղապետարանի ներսում տեղադրված այդպիսի վահանակների մոտ: Տեղեկացանք, որ նա մասնակիցն է Հայաստանի համայնքների միության եւ մարզպետարանի կազմակերպած սեմինարների, փորձում է մշտապես տեղյակ լինել օրենսդրական բոլոր փոփոխություններին, թեեւ դրանք այնքան շուտ-շուտ են փոխվում, որ իսկապես դժվար է դրանց հետեւելը:
«Բայց համայնքապետի գրագետ ու տեղեկացված լինելը համայնքային կյանքի խնդիրները լուծելու տեսակետից չափազանց կարեւոր է»,-կարծում է նա: Համայնքային բյուջեն քննարկվում է մարզպետի, տարբեր ծառայությունների, տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հետ: Սակայն մեր հարցումները համայնքի բնակիչների շրջանում ցույց տվեցին, որ նրանցից շատերը ամբողջական պատկերացում չունեն բյուջեի եկամուտների եւ ծախսերի ընդհանուր բնութագրից. մի մասին չէր հետաքրքրում, հետաքրքրվողներն էլ չգիտեին դրան ծանոթ լինելու մեխանիզմները: Նորը չմերժող գյուղապետը այդ ոլորտում դեռ անելիք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter