HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ պահանջ` ազատ արձակել Հայկ Գևորգյանին

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, չարաշահելով ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորությունները, անձնական շահերից ելնելով, հերթական անգամ հետապնդում է իրեն անցանկալի մարդկանց, որոնց մեջ, որպես կանոն, հայտնվում են կամ իրավապաշտպանները, կամ լրագրողները:

Այս անգամ ՀՀ ոստիկանապետի «սև ցուցակում» է հայտնվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը:

2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի սահմաններում տնից դուրս գալուն պես, քաղաքացիական հագուստով անձինք, ոլորելով Հայկ Գևորգյանի ձեռքերը, նրան տարել են անհայտ ուղղությամբ: Այնուհետև հայտնի է դարձել, որ դեռևս ս. թ. հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը գտնվել է հետախուզման մեջ՝ ս. թ. հունվարի 13-ին պատահական քաղաքացու վրաերթի ենթարկելու կասկածանքով: Որոշ ժամանակ ոստիկանության Կենտրոնի բաժնում պահելուց հետո լրագրող Հայկ Գևորգյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պահման մեկուսարան:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական լրահոսի` Հայկ Գևորգյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» և 244 հոդվածի՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը» հատկանիշներով նախատեսված արարքների կատարման մեջ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը պարզ չէ, կամ նա թաքնվում է քննությունից:

Բայց Հայկ Գեւորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա աշխատանքային ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ ավտոմեքենայով ներկայացել է աշխատանքի, վերադարձել տուն, ներկա գտնվել կառավարության նիստերին, լուսաբանել պաշտոնատար անձանց ասուլիսներն ու հարցազրույցները, ինչը փաստում են նրա գործընկերներն ու նրա հետ անմիջական շփման մեջ գտնվող անձինք, ինչն էլ շատ դյուրին եղանակով կարելի էր պարզել: Հետևաբար, մեզ մոտ նույնպես հարց է ծագում, թե ի՞նչ է նշանակում տաս օր շարունակ անձը գտնվել է հետախուզման մեջ և ոստիկանությանը չի հաջողվել պարզել նրա բնակվելու և/կամ գտնվելու վայրը:

Եթե սա միակ դեպքը լիներ, ապա համբերատարությամբ կարելի էր սպասել մինչև նախաքննության ավարտը, սակայն ոստիկանության այս գռեհիկ աշխատելաոճի արդյունքներն արդեն իրենց «պտուղներն» են տալիս և սովորական երևույթ է դառնում իշխանության ներկայացուցիչների կողմից մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների բացահայտ խախտելն ու անպատիժ մնալը, որը պետք է արմատախիլ անենք:

Մենք համոզված ենք, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրականացվել են իրենց ղեկավարի` ոստիկանապետի հրահանգով: ՀՀ ոստիկանապետն իր գործողություններով, ընդհանուր առմամբ, վարկաբեկել է մի ամբողջ համակարգի հեղինակությունը: Նա իր այս քայլով ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր հանրապետությունում տիրում է անօրինականությունն ու ամենաթողությունը:

Հետևաբար, ՀՀ ոստիկանության համակարգում տարվող ցանկացած բարեփոխում իմիտացիոն բնույթ է կրում, քանզի ժողովրդավարական և իրավական պետություն դառնալու հավակնություն ունեցող պետությունում շարունակում ենք արձանագրել այս տիպի արատավոր երևույթներ, երբ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան իրեն անցանկալի մարդկանց «հեռացնում» կամ «մեկուսացնում է» իր տեսադաշտից:

Սա մարտահրավեր է խոսքի ազատությանը և սեպ` քաղաքացիական հասարակությանը:

Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել լրագրող Հայկ Գևորգյանին` փոխելով նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը: 

Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն հասարակական կազմակերպություն 

04.02.2012թ.

Ք. Երևան

Մեկնաբանություններ (1)

aram
hancagorc@ mnum e hancagorc, inch kap uni haykakan jamanaki txtakic e,taxain hexinakutyun tehasarak mi mahkanacu,mite kareli e, mardun toxnel anognakan ev paxchel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter