HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արագածավանի համայնքապետը օբսիդիանի արդյունահանման անօրինական թույլտվություններ է տրամադրել

Արագածավան համայնքը հարուստ է հանքավայրերով՝ պեռլիտ, օբսիդիան, բազալտ, տուֆ, սակայն, դրանք համայնքի սեփականությունը չեն: Հանքավայրերում ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, իսկ Արագածավանի համայնքապետարանն ընկերություններին հանքավայրում աշխատանքներ իրականացնելու թույլտվություն է տրամադրում:

Արագածավան համայնքի ավագանին վերջին տարիներին համայնքի վարչական տարածքում գտնվող օբսիդիանի հանքավայրում արդյունահանման թույլտվություն է տվել կազմակերպությունների, որոնք դրա իրավունքը չեն ունեցել։ Անօրինական թույլտվությունների հիման վրա, այդ ընկերություններն օբսիդիան են արդյունահանել, այնուհետեւ արտահանել են երկրից:  

«Արթվան» ՍՊԸ-ն Արագածավանի օբսիդիանի հանքավայրի մշտական շահագործողներից է: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն այս ընկերությանը շարունակաբար ընդերքօգտագործման իրավունք է տրամադրել, հիմնականում, երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար: Սակայն, դա չի խանգարել, որ ընկերությունն անօրինական հանքարդյունահանում իրականացնի, նաեւ՝ արտահանի այլ երկրներ:

«Արթվան» ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2016 թ-ի հոկտեմբերի 20-ին (ներկայումս ընկերության 100 % բաժնեմասը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Սուրեն Սարգսյանին)։ Պետական գրանցումից 10 օր առաջ, Արագածավան համայնքի ավագանին 2016 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշումով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրից 20 հա հատկացրել է ընկերությանը՝ օբսիդիան հանքաքարի պաշարների ծավալը հայտնաբերելու նպատակով ընդերքի երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ կատարելու համար: «Արթվան» ՍՊԸ-ն պաշարների ուսումնասիրության հետ մեկտեղ, օբսիդիանի արդյունահանում է իրականացրել:

Արագածավան համայնքի ավագանին այդ որոշումից մոտ 10 ամիս անց՝ 2017 թ.-ի հունիսի 14-ի թիվ 29 որոշումով «Արթվան» ՍՊԸ-ին Արագածավան համայնքի վարչական տարածքում գտնվող 528 ծածկագրի տակ գրանցված 5 հա արոտավայրում, Արտենիի օբսիդիանի հանքաքարի 3-րդ տեղամասում, օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն է տվել։ 

«Արթվան» ՍՊԸ-ն այդ ժամանակ արդյունահանում իրականացնելու թույլտվություն չի ունեցել: Բնական պաշարների նախարարությունը «Արթվան» ՍՊԸ-ին 20.01.17 թ.-20.01.19 թ.-ին ընկած ժամանակահատվածի համար, Արտենիի օբսիդիանի հանքավայրի 3-րդ տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու թույլտվություն է տվել։

«Փաստ» լրատվական կայքը 2017 թ. մայիսի 12-ին հրապարակել էր մի տեղեկություն, ըստ որի՝ «Արթվան» ՍՊԸ-ն անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սեւ, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածավանի օբսիդիանի հանքերից, չնայած նրան, որ ընդերքօգտագործման իրավունք չի ունեցել: «Փաստի» տվյալներով` այս ՍՊԸ-ն ապրիլին 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, եւս 100 տոննա արտահանել է մայիսին:

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մեր հարցմանը տրված պատասխանով հաստատել է, որ ընկերությունն այդ ժամանակահատվածում չմշակված օբսիդիանի հանքաքար է արտահանել: «Ըստ ՊԵԿ տեղեկատվական բազաների, 01012016 թ-15032019 թ ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 1779 տոննա չմշակված օբսիդիանի քար, հիմնականում, դեպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն։ Արտահանող 10 ընկերություններից մեկը «Արթվան» ՍՊԸ-ն է։

Obsidian.jpg (53 KB)

Հայաստանում օբսիդիանի (վանակատ) կուտակումներ կան մի քանի սարերում, բայց ամենախոշորը եւ ուսումնասիրվածը Արտենիի հանքավայրն է։ Որոշ աղբյուրների համաձայն՝ աշխարհում օբսիդիանի ամենամաքուր տեսակը միայն Հայաստանում է գտնվում: Դեռեւս մթա II-I հազարամյակներում վանակատը Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ ծագել է անվանումը) տարվում էր Պարսից ծոցի եւ Միջերկրածովյան երկրներ։

Համայնքապետը «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ին վաճառել է համայնքին չպատկանող օբսիդիանը

«Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ն ընդերքաօգտագործման իրավունք ձեռք բերելու համար չորս անգամ դիմել է (ընկերությունը դիմել է 14.07.2014 թ., 29.02.2016 թ., 03.08.2016 թ., 12.10.2016 թ.) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ ամեն անգամ մերժվել է։ Չնայած նրան, որ «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ն ընդերքաօգտագործման իրավունք չի ունեցել, Արագածավան համայնքի ավագանին 2014 թ. հունիսի 20-ի թիվ 14 որոշումով ընկերությանը հանքաքար վերամշակելու թույլտվություն է տրամադրել:

«Հիմք  ընդունելով «ՏԻՄ» ՀՀ  օրենքի 16 հոդվածի  20-րդ կետը համայնքի ավագանին որոշեց` թույլատրել «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ին Արագածավան համայնքի վարչական տարածքի 02-016-214  ծածկագրի տակ գտնվող պեռլիտի հանքաքարի մշակումից առաջացած թափոնը, որի մեջ կա 30-40% օբսիդիանի հանքաքարի պարունակություն, վերամշակել 1 մ/ք 320 դրամով, ընդամենը՝ 3000 մ/ք»:

Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը 2014 թ. հունիսի 20-ին «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Մինասյանի հետ կնքած պայմանագրով հանդես է եկել որպես վաճառող, իսկ Վահագն Մինասյանը՝ որպես գնորդ։ Պայմանագրով ամրագրվել է, որ հիմք ընդունելով համայնքի ավագանու 20 հունիսի 2014 թ. թիվ 6 արձանագրությունը, պեռլիտի հանքաքարի մշակումից առաջացած թափոնի համար, որի մեջ կա 30-40 % օբսիդիանի հանքաքարի պարունակություն՝ 1 մ3-ին՝ 320 դրամ, ընդամենը՝ 3000 դրամ, գնորդը պետք է համայնքին վճարի 960 000 դրամ։

Հետագայում պարզվել է, որ հանքանյութը, որը Արագածավան համայնքի ղեկավարը վաճառել է ընկերությանը՝ համայնքի սեփականությունը չէ։ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարցում է կատարել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, որի տված պարզաբանման համաձայն՝ «խնդրո առարկա ապրանքները համայնքի սեփականությունը չեն կարող լինել, հետեւաբար, առանց այդ իրավունքի համայնքը չի կարող տիրապետել, օգտագործել եւ տնօրինել, այդ թվում՝ օտարել այդ ապրանքը որեւէ մեկին»:

2018 թ․մայիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արագածոտնի մարզում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք: «2014-17 թթ. ընթացքում Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արեւելք գտնվող տարածքի ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնների խախտմամբ, այն է՝ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության եւ պայմանագրի, կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում: Այն է՝ քանդել-փորելու միջոցով ընդերքից դուրս է բերել վանակատ (օբսիդիան) տեսակի օգտակար հանածո հանդիսացող հանքաքար, ինչն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին, ընդերքին: Այնուհետեւ դուրս բերված եւ առանձնացված հանքաքարն իրացրել է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանել եւ իրացրել այլ երկրներում։ ՍՊԸ-ի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 129 մլն 275 150 դրամ»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

«Գրանդ Բլեք Սթոն» ընկերության հիմնադիր Վահագն Մինասյանին Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ.-ի մայիսի 21-ին իր հիմնադրած եւ ղեկավարած «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊԸ-ի միջոցով, մինչեւ 2017 թ.-ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արեւելք ընկած տարածքում, առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության եւ պայմանագրի, կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում, որն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին եւ ընդերքին: Քրեական գործի քննությունը ներկայումս ընթանում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում։

Դեռեւս 2015 թ.-ի հուլիսին «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊԸ-ն դիմել էր վարչական դատարան՝ խնդրելով վերացնել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊ ընկերության օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն հայցելու դիմումի 30.10.2014 թ. մերժումը։ Դատարանը մերժել էր ընկերության հայցը, այսինքն՝ ընկերությանն ընդերքի օգտագործման իրավունք չի տրամադրվել։

Նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ թույլտվության տրամադրումը մերժվել է ընկերության հայտը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Սակայն, մեր կարծիքով, այս հարցում վճռորոշ է եղել ընկերության հիմնադիրի խարդախության մեղադրանքով նախկինում ունեցած երեք դատվածությունները։

Վահագն Մինասյանը 2008-ին դատապարտվել է խարդախություն կատարելու համար՝ քաղաքացիներին ներկայացել է որպես Երեւանի քաղաքապետարանի աշխատակից եւ գումարներ է վերցրել նրանց պատկանող տան ու շինությունների սեփականաշնորհումը կազմակերպելու համար եւ գումարները յուրացրել է: Դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ նյութական վնասը վերականգնել է: Դատվածությունը դեռեւս չմարված, 2009-ին նա երկրոդ անգամ է դատապարտվել խարդախություն կատարելու համար՝ դարձյալ քաղաքացիների շինությունների ու հողամասի սեփականաշնորհումը կազմակերպելու պատրվակով խոշոր գումարներ է հափշտակել: Նույն մեղադրանքով նա երրորդ անգամ դատապարտվել է 2010 թ.-ին:

Դատարանը նախորդ դատվածությամբ չմարված պատժաչափը գումարել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2009 թ.-ի դատավճռով նշանակված 3 տարի 6 ամիս ազատազրկման պատժին եւ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով: Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 27.04.2010 թ.-ին: Հավանաբար վաղակետ ազատվելով պատժի կրումից, Վ.  Մինասյանը 2014 թ.-ի մայիսից ձեռնամուխ է եղել օբսիդիանի արդյունահանման գործին:

Ավելին, ըստ ՊԵԿ տեղեկատվական բազաների՝ 01012016 թ-15032019 թ-ն ընկած ժամանակահատվածում «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊԸ-ն ՀՀ-ից չմշակված օբսիդիանի քարեր է արտահանել։

«Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն: «Գրանդ Բլեք Սթոն» ընկերությունը, տեղյակ լինելով թույլտվության առկայության պարտադիր պահանջի մասին, այնուամենայնիվ, առանց լիազոր մարմնի թույլտվության Արագածոտնի մարզի Արագածավան եւ Կանչ համայնքներում իրականացրել է օբսիդիան պարունակող հանքաքարի վերամշակում եւ վերամշակման արդյունքում գոյացած օբսիդիանի գլաքարը վաճառել է այլ ընկերությունների»,- հայտնել է ՊԵԿ-ը:

Կոմիտեն հայտարարել է, որ նշված համայնքների եւ «Գրանդ Բլեք Սթոն» ընկերության միջեւ օբսիդիանի գլաքարի գործարքների վերաբերյալ փաստաթղթերը հանգամանորեն ստուգվելու եւ քննության առարկա են դառնալու:

Դատախազությունից տեղեկացանք, որ Արագածավան եւ Կանչ համայնքների ղեկավարներին այս գործի շրջանակում մեղադրանք չի առաջադրվել:

Պետեկամուտների կոմիտեի դիմումի հիման վրա 08.09.2017 թ.-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով, «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել։ Կոմիտեն դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ 03.05.2017 թ. դրությամբ ընկերության հարկային պարտավորությունների հանրագումարը պետական բյուջեի նկատմամբ կազմում է 8 մլն 422.849 դրամ, որից ապառք` 7.627.510 դրամ, տույժ` 815.339 դրամ: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարտապանը սահմանված կարգով եւ ժամկետում չի կատարել պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունները, դատարանին խնդրել է «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչել:

Դատարանը ՊԵԿ-ի հայցը բավարարել է եւ 2018 թ.-ի տարեսկզբից կազմակերպվել է «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊԸ-ի գույքի աճուրդը։ Աճուրդի է դրվել պեռլիտի հանքանյութի մշակումից առաջացած օբսիդիան (վանակատ)՝ 2 լոտով:

ԼՈՏ-1. Օբսիդիան (վանակատ) - 1 տոննայի արժեքը 75,000 դրամ: Ընդհանուր՝ 50 տոննա արժեքը 3,750,000 դրամ: Հնարավոր է նաեւ մասնակի վաճառք:
ԼՈՏ-2. Պեռլիտի հանքային մշակումից առաջացած օբսիդիան (վանակատ) - 1 տոննայի արժեքը՝ 70,000 դրամ: Ընդհանուր 300 տոննա արժեքը 21 000 000 դրամ:

Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 28.11.2017 թ.-ին, պետեկամուտների կոմիտեից բացի իբրեւ պարտատերեր ներկայացել են նաեւ այլ անձինք՝  17 000 000, 3 000 000, 1 մլն 150 000 դրամի պահանջներով։

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. սեպտեմբերի 8-ի վճռով «Գրանդ բլեք սթոն» ՍՊԸ-ից եւս 500 730 դրամի բռնագձման պահանջ է ներկայացրել էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկարաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը՝ մատուցած ծառայության դիմաց, որը բավարարվել է։

06.09.2018 թ.-ին աճուրդի է դրվել 186 տոննա օբսիդիան (վանակատ)՝ 1 տոննայի արժեքը 33,482 դրամ, ընդհանուր արժեքը՝ 6 մլն 227 652 դրամ։ 168 տոննա քաշով օբսիդիանը ձեռք է բերել «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲԸ-ն, եւ ցանկացել է արտահանել Չինաստան:

Պետեկամուտների կոմիտեն գնորդներին արգելել է օբսիդիանն արտահանել՝ պատճառաբանելով, որ «Գրանդ Բլեք Սթոն» ՍՊԸ-ն այն արդյունահանելու թույլտվություն չի ունեցել։ 2018 թ.-ի օգոստոսին «Էյչ Բի Ջեներալ Թրեյդինգ» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միքայելյանը եւ «Գ եւ Ժ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ժորա Գասպարյանը լրատվամիջոցներով արված հայտարարություններով ՊԵԿ-ին մեղադրել են օբսիդիանի արտահանումը խոչընդոտելու մեջ: ՊԵԿ-ը պարզաբանել է, որ խնդրո առարկա օբսիդիան տեսակի քարը հիշյալ ընկերությունները ձեռք են բերել սնանկ ճանաչված «Գրանդ բլեք Սթոն» ՍՊԸ-ից, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա կայացած աճուրդով: Իր հերթին «Գրանդ բլեք Սթոն» ՍՊ ընկերությունը օբսիդիան տեսակի քարը ձեռք է բերել Արագածավան եւ Կանչ համայնքներից, որի թույլտվությունը չի ունեցել: 

«Խնդրո առարկա ապրանքները համայնքի սեփականությունը չեն կարող լինել, հետեւաբար, առանց այդ իրավունքի համայնքը չի կարող տիրապետել, օգտագործել եւ տնօրինել, այդ թվում՝ օտարել այդ ապրանքը որեւէ մեկին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն չի կարող թույլատրել ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով տնօրինված տվյալ խմբաքանակի օբսիդիանի գլաքարի արտահանումը»,- ասված է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ:

Այդուհանդերձ, ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության, «Էյչ բի ջեներալ թրեյդինգ» ՓԲԸ-ին հաջողվել է 01012016թ-15032019 թթ ժամանակահատվածում չմշակված օբսիդիանի քարեր արտահանել երկրից:

Օբսիդիան արդյունահանելու հերթը համայնքապետարանի աշխատակցինն է

Արագածավան համայնքի ավագանին 2018 թ.-ի ապրիլի 3-ի թիվ 32 որոշումով երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն է տվել «ՄԵՐՍԱՐ» ՍՊԸ-ին։

«2017 թ.-ին պետական գրանցում ստացած ընկերության հիմնադիրը  համայնքապետարանի իրավաբան Արթուր Հովհաննիսյանն է: 2018 թ․ ապրիլին Ա Հովհաննիսյանն իր 100% բաժնեմասը փոխանցել է որդուն՝ Տիգրան Հովհաննիսյանին։ Ընկերությունը պետք է զբաղվեր սննդամթերքի առեւտրով, բայց որոշել է օբսիդիանի պաշարներ ուսումնասիրել Արտենիի օբսիդիանի հանքավայրի 4-րդ տեղամասում։

2019 թ. փետրվարի 2-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հրամանով ընկերությանն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք է տրվել՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

Սակայն, ավագանին հիշյալ որոշումով երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար հատկացված հողատարածքը 3 տարի ժամանակով է տրամադրել ընկերությանը։ «Տալ համաձայնություն «ՄԵՐՍԱՐ» ՍՊԸ-ի  կողմից 02-016-0528-0004 ծածկագրի տակ վարձակալած  տարածքի 5 հա հողատարածքում օբսիդիան հանքաքարի պաշարների ծավալը հայտնաբերելու նպատակով իրականացնել ընդերքի երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքներ՝ երեք տարի ժամանակով»,-նշված է որոշման մեջ:

Մեր հարցին՝ ընդերքի ուսումնասիրությունը մասնագիտական գործունեություն չէ՞, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրա համար մասնագետներ են ներգրավում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ Կիրակոսյան
Այս հոդվածը շատ կարեւոր հարցեր է առաջացնում: Ասվում է, օրինակ, որ ,,ընդերքը, բացառապես պետությանն է,, Սակայն այդ դեպքում համայնքի ու համայնքապետարանի իրավունքները որն են սրա հետ կապված? Այսինքն իրենցից ինչու է թույլատվություն պահանջվում? Եթե իրենց համաձայնությունը հողի օտարման ու օգտագործման նպատակի փոփոխման համար պարտադիր է (որը բնական է, քանի որ հողն իրենց սեփականությունն է եւ իրենց գոյատեւելու միջոցը) ապա պետության ,,բացառիկ իրավունքն ուր է մնում? Ախ հա՜ - հնարամիտները երեւի կասեն ,,այ ընկեր, խոսքն ընդերքի հարստություններին է վերաբերվում ոչ թե անմիջապես հողին!,, Ես էլ (այսինքն համայնքը) իրենց կասէի՝ խնդրեմ - եկեք ձեր ընդերքը մտեք ու ձեր գանձերը տարեք, բայց իմ հողիս ու ջրիս եթե կպել եք, ինձնից չնեղանաք, ձեռքիցս եկածն ու չեղածը կանեմ! Հույսով եմ հասկանում եք, որ այս հարցը չափազանց լուրջ է շլով-թփով տալու համար: Հույս ունեմ որ մեր նոր օրենսդիրներն այս կարեւոր հարցի վրա պիտի մտածեն, որովհետեւ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿՆ Է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter