
«Իմ քայլի» պատգամավորը՝ ՊԵԿ նախագահի համակուրսեցի, «հարկերից խուսափող, հարկայինի աշխատողի մասին»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց իրեն հղված դիմումների մասին, որոնք, իր խոսքով, մեծ մասամբ նույն ոլորտից են։
«Ստիպված եմ լինում բողոքներից մեկը հրապարակել, որը վերաբերում է ՊԵԿ-ում մրցույթներին, որը անցկացվում է, կարծես թե, նորմավորված ձևով, սակայն նշանակումները լինում են ծանոթ-բարեկամի միջոցով»,- ասաց պատգամավորը։
Սոֆիա Հովսեփյանն ասաց, որ ստիպված է իրեն հղված նամակը հրապարակել՝ խնդրին ուշադրություն գրավելու համար։
«Արմեն Հակոբյան, որը Շիրակի մարզում հայտնի է որպես օպերի Արմեն, ով եղել է հարկայինում նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, աշխատանքի ընթացքում իրեն ճանաչել են որպես հարկայինի աշխատող, որը հարկերից խուսափել է, և այդ մարդը նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, և նա Դավիթ Անանյանի համակուրսեցին է»,- ասաց Հովսեփյանը։
Պատգամավորը հայտնեց, որ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել է ՊԵԿ, սակայն այն «լոլոները», որ ՊԵԿ-ից են պատասխանել, իրեն չեն բավարարում։ Պատգամավորը, խոսքը հղելով ՊԵԿ նախագահին, ասաց, որ եթե վերջինս մտածում է, որ այդ պաշտոնում վստահելի մարդու է նշանակել, ապա այդպես չէ, քանի որ Հակոբյանը տարբեր պաշտոններում նշանակում է ոչ թե մրցույթներում հաղթածներին, այլ նրանց, ում ինքն է համարում վստահելի։
«Արդյունքում ունենք մի վիճակ, որ մրցույթներում հաղթում են անձինք, ովքեր չեն նշանակվում այդ պաշտոններում, այլ նշանակվում են, ով այդ մարդու դաբրոյով է հայտնվել այդտեղ»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը՝ կոչ անելով ՊԵԿ նախագահին ուշադրություն դարձնել ՊԵԿ-ի Շիրակի մարզի կառույցին։
Մեկնաբանել