HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլիմայական աղետները Սալլիին զրկել են կերակրվելու հույսից

Վայոց ձորի Սալլի գյուղը արեւի բնակավայրն է: Լույսն այստեղ ներծծված է ամեն տերեւի ու թփի, մեղուների ոսկեգույն պարսի ու գյուղական անպաճույճ տների ամեն քարի մեջ: Մաքուր փողոցները բնական զովասուն անկյուններ են' ծառերի հովանու տակ ստվերված: Անապակ լույսն ու օդը վայելող գյուղացու համար, սակայն, սրանք արժեքներ չեն, եւ երբ ակնարկում եմ այդ մասին, Երեւանի կենտրոնից այս հեռավոր գյուղը հարս գնացած եւ այժմ գյուղական ուսուցչուհի դարձած նախկին գործընկերուհիս հիշեցնում է Նոյի ագռավին ու Կոբո Աբեի «Ավազուտների կնոջը»: Նրա գյուղապետ ամուսինը բողոքում է, որ փոքր գյուղերին պետությունն առանձնապես ուշադրություն չի դարձնում:

Սալլիի գլխավոր հոգսը ոռոգման ջրի բացակայությունն է: Համաշխարհային բանկի ծրագրով ոռոգման համակարգերի եւ ներքին ցանցերի վերանորոգման ծրագիր այս պահին իրականացվում է մարզի 5 այլ համայնքներում, բայց Սալլիին դեռ հերթ չի հասել: Իսկ գյուղը հանրապետության ամենասակավաջուր համայնքներից է: Աշխատատեղեր չկան, եւ գյուղացու հույսն իր տնամերձն է: Սալլիի ամեն տուն պտղատու ծառերով փոքր անտառայգի է հիշեցնում: Գյուղացու ապավենը բերքն է, որը եւս, վերջին տարիների կլիմայական աղետների պատճառով, անհուսալի է դարձել:

Նախկինում Սալլին հարեւան Քարագլխի հետ մի տնտեսություն էր, 90-ական թթ. Կառավարության որոշմամբ համայնքներն առանձնացվեցին, ու նրանց հետ էլ' Սալլին, սակայն սոցիալական ենթակառուցվածքներ այդպես էլ չստեղծվեցին: Ինչ որ հասցնում են անել, հիմնականում' համայնքի խղճուկ միջոցներով ու ուժերով: Ամեն տարի խմելու ջրի 2 կմ ջրագիծ են նորոգում ու կառուցում: Խմելու ջուրը 13 կմ հեռավորությունից են բերել-հասցրել գյուղի սկզբնամասը: Շարքից դուրս եկած ներքին ցանցն այդպես էլ մնացել է, եւ ջուրը եթե գյուղ հասնում է, ապա' մեծ կորուստներով: Հասնելիս էլ գյուղի տների մեծ մասին չի հասնում: Պետական դոտացիան 1,5 մլն դրամ է, որի զգալի մասը կենսաթոշակային ֆոնդին են փոխանցում, եւ ոչ մի հարց չեն կարողանում հիմնավոր լուծել: Տեղական հարկերի վրա էլ հույս դնել չի լինի: Ընտանիք կա՝ ուտելու հաց չունի, ուր մնաց չօգտագործվող հողի ու ջրի հարկ տա: Ոռոգման ջուրը հրաբխային ապարների միջով է գալիս, ուրիշ գյուղերի կողքով, որոնք հաճախ կտրում են ջուրը, եւ դրա մեկ քառորդն է հասնում գյուղ: Մարգերը հաճախ չորանում են, 20 օրը մեկ անգամ հազիվ կարողանում են ջրել՝ մեծ հերթերով: 1659 հա հողատարածքների մեծ մասը ջրի պակասի, հնացած ու մաշված տեխնիկայի պատճառով չի օգտագործվում:

Սալլին 72 տնտեսություն ունի, 250 մարդ: Մինչ ղարաբաղյան շարժումը գյուղի կեսը թրքաբնակ էր, թուրքերը գնացին, հարեւան գյուղերից հայերը տեղափոխվեցին այստեղ: Բնակիչների մի զգալի մասը Չանախչիից է եկել: Կյանքը լուռ ու հանդարտ է այստեղ, ճահճային խաղաղությամբ: Հանգստի ու ժամանցի մասին խոսելը ծիծաղելի է: Երիտասարդությունը հարմար առիթի դեպքում լքում է գյուղը: Ստվարաթղթե պատուհանով ակումբի մութ ու խոնավ միակ սենյակը, ուր մի քանի շարքով ջարդված աթոռներ են շարված, նախախորհրդային տարիների գյուղական ակումբ է հիշեցնում, ուր գյուղացիները հավաքվում էին նեղ ժապավեններով առաջին ֆիլմերը դիտելու: Կիսախարխուլ շենքում տեղավորված է նաեւ բուժկետ, որի դուռը ամիսը 1-2 անգամ է բացվում: Ամսական 3000 դրամ աշխատավարձով բուժքույրը 10 կմ հեռավորության վրա գտնվող Շատին գյուղից է գալիս: Կենսական նվազագույն հնարավորություններից ու պայմաններից զուրկ է գյուղացին. հեռուստացույցից հազիվ նշմարվում են Հայկական 2-րդ ալիքի ցուցադրած պատկերները: Թերթեր չեն ստանում. բաժանորդագրության 80 հազար դրամի պարտք ունի գյուղապետարանը:

«Փրկեցեք երեխաներին» միջազգային կազմակերպությունը վերանորոգել է 48 աշակերտով դպրոցի շենքը: Դպրոցն ութամյա է, ավարտելուց հետո ով հնարավորություն ու բարեկամ ունի, միայն նա է զավակներին ուղարկում հարեւան Քարագլուխ կամ Եղեգնաձոր: Քարագլխում ուսումը շարունակող երեխաները դպրոց հասնելու համար օրական 5 կմ ճանապարհ են կտրում: Սակայն գյուղացին սովորել է այս եւ այլ կարգի իր մտահոգություններին ու հոգսերին եւ կշարունակեր էլի հարմարվել, եթե բնության անակնկալները վերջին տարիներին իսկական փորձանք չդառնային: Արդեն 4 տարի անընդհատ ցրտահարություն, երաշտ, հիվանդություններ են: «Այս տարվա ապրիլի ուժեղ ցրտերն ամենաշատ վնասը տվին գյուղին»,-ասում է գյուղապետ Սամվել Ղազարյանը: Սալլեցին բերքի հույս չունի: Այգիների պտղատու ծառերի մեծ մասի վրայով ասես խորշակ է անցել, ծառերի միակ զարդը գագաթի շիվերն են մնացել: Համեմատաբար քիչ տուժած ծառերի մի մասին էլ հիվանդություններն են խեղդում: Այս տարի երեւի միայն ընկույզ լինի: Բայց եթե բերք լինում էր, կարողանում էին գլուխները պահել: Գյուղացիները հաշվել են. մի տարի ողջ գյուղը մի շաբաթում 30 հազար դոլարի ծիրան վաճառեց: Քաղաքից գալիս, տանում էին նաեւ դեղձը, տանձը, ընկույզն ու խնձորը:

Այս տարվա գարնանային հեղեղումներից տուժեցին նաեւ առափնյա վարելահողերը, որոնք, ոռոգման ջրի բացակայության պայմաններում, գետաբերանին մոտ լինելու շնորհիվ, հիմնական օգտագործվող տարածքներն էին: Մարզպետարանը 7 մլն դրամի ծախսով առափնյա պատնեշներ էր կառուցել Արփայի, Վայքի միայն խիստ վտանգավոր հատվածներում, այս հատվածներն անպաշտպան էին:

Փետրվարի 2-6-ին տեղացած առատ ձյունից փլվել են նաեւ Սալլիի տների, անասնագոմերի, թոնրատների, ցախանոցների տանիքները: Մկրտիչ Միխայլովը խորհրդային տարիներից այս գյուղ տեղափոխված մի լեհի երրորդ սերունդն է: Բանակում ծառայող նրա տղայի միակ երազանքը տունը նորոգ տեսնելն է, սակայն ձմռանը տեղացած առատ ձյունը փլեց նաեւ հացատունը, խոհանոցը, գոմը: Գոմի ծածկը մի կերպ կցմցել են, իսկ միակ սենյակի տանիքը նորոգելու միջոց չկա: 90-ական թվականներին գցված սենյակի պատերն այդպես էլ մնացել են: Տասնամյակներ անց այս ընտանիքում միայն այս տարի կարողացան կանխավճարով հեռուստացույց գնել: Մկրտիչը հովիվ է, կինը' կթվորուհի: Երկուսը միասին հազիվ 40 հազար դրամ են ստանում, կինը վատառողջ է, եւ ստացած դրամի մեծ մասը բուժման նպատակով են ծախսում:

Ինչպես նախորդ տարիներին, աղետներից հետո մարզպետարանի հատուկ հանձնաժողովը եկավ, արձանագրեց տեղի ունեցածը եւ փոխհատուցման խոստումով հեռացավ: Սակայն գյուղացիներն այս այցելությունների հետ առանձնակի հույսեր չեն կապում: 2 տարի առաջ էլ գյուղը խիստ տուժեց անբարենպաստ եղանակից, բայց, իբրեւ փոխհատուցում, ամեն տուն ընդամենը 10 կգ պարարտանյութ ստացավ, 5 կգ ալյուր ու շաքարավազ: Սալլեցին, սակայն, պետությանը չի մեղադրում, ավելի շուտ հույսը կտրել է նրանից: «Երեւի այս են նրա հնարավորությունները»,-ասում է Մկրտիչը: Եվ չնեղանալով, գլուխը կախ, իր աղքատ միջոցներով ինքն է փորձում իր այս մի խնդիրն էլ լուծել:

Արմեն Հարությունյանը նույնպես գյուղի ու գյուղացու գլխին իսկական փորձանք դարձած եղանակի տուժածներից է: 7 կապտաչյա աղջիկ ունի, նրանցից 5-ն անչափահաս են, մեծը' Անուշիկը, 19 տարեկան է, ի ծնե' խուլ, բայց կարողանում է շատ ու քիչ հաղորդակցվել: Արմենը 3 կով, 10 ոչխար պահելով' հազիվ երեխաների ցամաք հացն ու պանիրն է հասցնում: Չաշխատող տրակտոր ու չօգտագործվող վարելահողեր եւս ունի, եւ բացարձակապես ոչ մի օգուտ չտվող այդ «գույքը» նպաստից զրկվելու պատճառ դարձավ: Դա դեռ քիչ է, կտրեցին նաեւ Անուշիկի հաշմանդամության նպաստը' երկրորդ կարգից փոխադրելով երրորդի, մեր ժամանակներին հարիր այն արտառոց գործելաոճով, որ օրենսգրքի ու իրավական ակտերի տառն ու ոգին ընկալում են միայն մակերեսից. խուլ ու համրը աշխատունակ տարիքի է հասել, ուրեմն կարող է գլուխը պահել, նրա մի 2 հազար դրամը կտրելով՝ կարելի է պետական բյուջեին լավություն անել: Իսկ Անուշիկը մի քայլ անգամ չի կարող անել առանց հարազատների օգնության. դրսի աշխարհի ձայները չեն հասնում նրան:

Գյուղական խանութին ընտանիքի «նիսյայի» պարտքերն անցել են 200 դոլարի սահմանը: Ընտանիքի մայրը' Կարինեն, փող չունենալու պատճառով վերջին 3 աղջիկներին տանն է ծննդաբերել, նախորդներին անփող լույս աշխարհ բերելիս բժիշկներն այնքան փնթփնթացին, որ որոշեց այլեւս նրանց դուռը չգնալ: Եվ առ այսօր համոզված չէ, որ վերջին երեխաների' երկվորյակների ծննդի ժամանակ այնքան սպասված արու զավակի մահը, արդյոք, տանը ծննդաբերելու հետեւա՞նք չէր: Հարությունյանների ընտանիքի բյուջեն այս տարի կզրկվի նաեւ պտղատու այգու բերքից:

Միջազգային կազմակերպությունների զանազան կարգի օգնություններն ընդամենը ջրի կաթիլ են գյուղացու հոգսերի ծովում: Ամերիկացիների հովանավորությամբ Լեւոն Ղազարյանը, օրինակ, մասնավոր այծաբուծարան է հիմնել: Վերջին տարիներին սալլեցին ձեռքը մի այլ փրփուրի էլ է մեկնել' փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար տրամադրվող վարկերին: Մինչ այժմ գյուղատնտեսությունը վարկավորում էր գյուղփոխօգնության վարկը: Այս տարի վարկային ծրագրին միացան եւս 3 բանկային մասնաճյուղեր: Սակայն այս դեպքում էլ խոր հիասթափություն էր սպասվում գյուղացուն: Վարկերի տոկոսադրույքը բարձր է, տրամադրվող գումարը' փոքր, իսկ հաճախակի դարձած բնական աղետները վարկի անվտանգ վերադարձը սպառնալիքի տակ են դնում: Գյուղի հաշվապահ Մարտին Սարգսյանն իր օրինակն է բերում: Հորից ժառանգություն ստացած «Նիվան» գրավադրել է ընդամենը 500 դոլար' տարեկան 26 տոկոսադրույքով վարկի փոխարեն, եւ հույսի չունի փրկել մեքենան: «Գոնե երկարաժամկետ վարկեր տային, այս տարի իմ ողջ 1 հա ծիրանանոցը ոչնչացավ ցրտերից, եթե երկարատեւ լիներ վարկը, հաջորդ տարիներին ծիրանը կծախեի, կտայի»,-ասում է նա: Երկարաժամկետ վարկեր մարզում առայժմ 4-5 հոգի է ստացել:

Ապրիլ ամսվա երկարատեւ տեղումներն ու ցածր ջերմաստիճանը վնասել են մարզի հատկապես միջին եւ բարձր այգեգործական գոտիներին: Արենիի ենթաշրջանը միակ համեմատաբար քիչ վնասված շրջանն է, մնացած համայնքներում ծիրանի, խնձորի, տանձի, հատկապես դեղձի այգիները խիստ տուժել են: Պտուղը կամ ամբողջությամբ ցրտահարվել է, կամ գերխոնավության պայմաններում փոշոտում չի կատարվել: 1500 մ-ից բարձր տարածքներում համարյա ամբողջությամբ վնասվել է նաեւ ընկույզը: Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանն ասում է, որ իրենց նախնական հաշվարկներով' միայն այգեգործության ոլորտում մարզի վնասը կազմում է մոտ 1 մլրդ դրամ: Սա իսկապես սոցիալական աղետ է, որովհետեւ աշխատատեղերի բացակայության պայմաններում այգեգործությունը մարզի զարգացման հիմնական ուղղություններից է: Ցավալին այն է, որ ոչ միայն այս տարվա բերքից են զրկվել, այլեւ հաջորդ տարիների բերքն է կասկածի տակ: Փրկվել են միայն խաղողի այգիները:

Իսկ հետո պակասը լրացրեցին ուժեղ կարկուտները Արփիի, Մալիշկայի համայնքներում: Առաջներում մարզի բազմաթիվ համայնքներում' Աղավնաձոր, Գետափ, Գլաձոր եւ խաղողագործական մյուս գրեթե բոլոր շրջաններում, հակակարկտային կայանքներ կային: Հիմա ոչ մի հատ չկա: Հակակարկտային կայանքների վերատեղադրման ծրագիր այս պահին իրականացվում է միայն Արագածոտնում: Մարզպետն ակնկալում է, որ հաջորդ մարզը կարող է իրենցը լինել: Սպասվում է, որ Տարածքային կառավարման նախարարությունը, տուժած մարզերի ղեկավարների մասնակցությամբ, օրերս կքննարկի գյուղերի վնասների ու փոխհատուցումների հարցը:

Մարզպետ Սամվել Սարգսյանն ասում է, որ հաճախակի դարձած կլիմայական աղետների հակակշիռը պետական գործուն մասնակցությամբ ապահովագրական ծառայությունների ստեղծումն է: Այս կառույցների հանդեպ գյուղացուն հավատ ներշնչելու համար կարելի է փորձնական ծրագիր իրականացնել որեւէ համայնքում եւ, աստիճանաբար, քայլ առ քայլ փորձել նվաճել գյուղացու վստահությունը:

Եվ քանի դեռ դրանք չկան, գյուղերում ժամանակ առ ժամանակ հայտնվում են իրենց ապահովագրական գործակալներ ներկայացնող կասկածելի անձնավորություններ եւ առաջարկում բերքը ապահովագրելու գումար վճարել, ասենք' 10 հազար դրամ: Սալլեցիները պատմում էին, օրինակ, որ «գործակալները» եռանդով խոստանում են անձրեւից, քամուց ու կարկուտից տուժած գյուղացուն հետո անպայման փոխհատուցել: Իրենք, իհարկե, չեն հավատում նրանց. պետությունը չի կարողանում օգնել, ուր մնաց այս կասկածելի առաքյալները: Երբ այդ «գործակալներից» մեկից լիցենզիա են պահանջել, սրանք արագ թողել, հեռացել են: Իրողությունն ուշագրավ է այնքանով, որ խաբեությամբ փող վաստակողների երեւակայությունն անգամ այս հեռավոր գյուղերն է հասել:

Կարինե Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter