HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Զադոյանն աչքիս լույսը չէր, մեկ այլ գործով թշնամացել էինք». կաշառքի գործով մեղադրյալ փաստաբան Գայանե Գալոյանը պաշտպանական ճառ ասաց

Փաստաբան Գայանե Գալոյանի, քննիչ Միքայել Զադոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի գործով այսօր դատարանում պաշտպանական ճառ ասացին ամբաստանյալ փաստաբան Գալոյանն և վերջինիս պաշտպան Անժելա Հոբոսյանը:

«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել և չեմ ընդունում: Դա արել եմ ոչ թե նրա համար, որ ինձ եմ պաշտպանել, այլ որովհետև հայտնել եմ բացարձակ ճշմարտությունը: Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու համար ես գումար չեմ առաջարկել, Բաբկեն Գասպարյանին խորհուրդ չեմ տվել որևէ մեկին գումար առաջարկել: Վերը նշված քրեական գործով ես լիարժեք կատարել եմ իմ պարտականությունները», - հայտարարեց Գայանե Գալոյանը՝ նշելով նաև, որ Բաբկեն Գասպարյանն իրեն միայն իր կատարած ծառայության գումարն է վճարել:

Ըստ Բաբկեն Գասպարյանի` հանցագործության մասին հաղորդման՝ ինքը որդու` Սոս Գասպարյանի մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում: Ըստ գործի նյութերի` գումարի դիմաց պետք է Սոս Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա արարքը մեղմ որակվեր և նա ազատությունից չզրկվեր:

Գալոյանը պատմեց, որ Բաբկեն Գասպարյանը 2016 թվականի դեկտեմբերի վերջին իր մոտ է գնացել երկու տղաների հետ ու ասել, որ նրանց հրավիրել են Էրեբունու քննչական բաժին:

«Ըստ նրանց պատմածի՝ Սաս Գասպարյանն իր ընկերուհու ընկերուհուն հաղորդագրություն էր ուղարկել այն բովանդակությամբ, որ նրա կյանքը դժոխք կդարձնի, և նրա մորաքրոջ որդին պարզաբանում էր պահանջել», - ասաց Գայանե Գալոյանը` նշելով, որ վերը նշված անձը նաև ոչ մարդաշատ վայրում հանդիպում է պահանջել Սոս Գասպարյանից, և վերջինս հրաժարվել է, ինչպես նաև ասել, որ կդիմի ոստիկանություն:

Ըստ Գայանե Գալոյանի` Սոս Գասպարյանն ու վերջինիս եղբայրը` Հովհաննես Գալոյանը, նկատել են, որ խանութից դուրս գալիս իրենց հետևում են, հասկացել են, որ հետևողները հանդիպում պահանջող տղաներն են: Գալոյանը նշեց, որ հետո այդ տղաները մոտեցել են Գասպարյան եղբայրներին, որտեղ էլ տեղի է ունեցել վիճաբանությունը, ինչի հետևանքով 4 երիտասարդներից երեքին Սոս Գասպարյանը դանակով մարմնական վնասվածք է պատճառել:

Փաստաբան Գալոյանը պաշտպանական ճառ ասելիս ներկայացրեց Սոս Գասպարյանի գործի հետ կապված այնպիսի մանրամասներ, որոնց մասին ինքը Գասպարյաններին հորդորել էր ոչ ոքի չհայտնել, մանրամասներ ներկայացրեց նաև այն մասին, թե ինչ ցուցմունքներ է հորդորել տալ, որպեսզի Գասպարյան եղբայրների համար անբարենպաստ հետևանքներ չառաջանան:

Ըստ Գայանե Գալոյանի` ինքը Բաբկեն Գասպարյանին հորդորել է հանդիպել տուժողներին, փոխհատուցել վնասը:

Այս գործի շրջանակներում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք են բերվել տեսանյութեր, որոնցից մեկում, այն բանից հետո, երբ Սոս Գասպարյանի գործը ծանր հոդվածով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, Սոս Գասպարյանը Գայանե Գալոյանից, այսպես ասած, հաշիվ է պահանջում: Դրանում Գասպարյանը Գալոյանին հարցնում է, թե ինչի համար է տվել 3000 դոլարը: Այս  հանգամանքին անդրադառնալով` Գալոյանը նշեց, թե ինքը կարծել է, թե խոսքը տուժողներին տրված գումարի մասին է:

Փաստաբանի խոսքով` ինքը կարծել է, որ Բաբկեն Գասպարյանը գումար է տվել տուժողներին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում վերջիններիս վերաբերմունքը Գասպարյանների նկատմամբ փոխվել է, և եթե նախնական շրջանում նրանք ագրեսիվ տրամադրվածություն ունեին, ապա հետագայում ավելի բարեհամբույր էին դարձել:

Ըստ Գալոյանի՝ այն ժամանակ, երբ իր աշխատասենյակում ներքին դիտում է իրականացվել, նրա և Բաբկեն Գասպարյանի հարաբերությունները ծանրահեղ լարված են եղել, և վերջինս ինչ էլ խոսել է, ինքը ձգտել է հարցեր չտալ ու չարձագանքել:

«Բաբկեն Գասպարյանի հետ ես շփվել են որպես փաստաբան, որպես անձ նրան չեմ հարգել», - ասաց փաստաբանը:

Իր նախկին պաշտպանյալ Սոս Գասպարյանի մասին խոսելիս ևս Գայանե Գալոյանը ցույց տվեց իր ակնհայտ բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ:

«Սոսի տեսքից ակնհայտ էր, որ վախկոտ, թուլամորթ անձնավորություն էր, և իմ տարիների փորձն ինձ  իրավունքն է տալիս հանգելու եզրակացության, որ նման կարգի մարդիկ ունակ են ցանկացած ստորության», - ասաց Գայանե Գալոյանը և դատավոր Մեսրոպ Մակյանը նրան հորդորեց իր ճառում այլ անձանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ չանել:

Ըստ Գայանե Գալոյանի` Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները իրենից վրեժ են լուծել:

Փաստաբանի խոսքով՝ երբ  ինքն ու Բաբկեն Գասպարյանը առերես հարցաքննվել են ու վերջինս պնդել է, որ իրեն՝ Գալոյանին գումար է տվել, Գասպարյանը, դիմելով քննիչ Օհանյանին, ասել  է՝ «ես Գալոյանին դեմ առ դեմ պնդեցի, Սոսին ե՞րբ եք բաց թողնելու: Ապա, ըստ Գալոյանի, քննիչը զարմանք է հայտնել ու հարցրել, թե ինքն ի՞նչ կապ ունի Սոսի բաց թողնելու հետ,  գործը դատարանում է, և այդ  հարցը դատարանում է լուծվելու:

«Այդ պահին ես հստակ հասկացա,որ դատախազությունն է ուղղորդել հաղորդում տալ և խոստացել, որ դեմ առ դեմ մեղադրանքը պնդելու դեպքում Սոսն ազատ կարձակվի»,- ասաց Գայանե Գալոյանը:

Վերջինս  նշեց, որ Սոս Գասպարյանի գործով բազմաթիվ միջնորդություններ է արել, բողոքարկել ցանկացած որոշում, որը բողոքարկելու անհրաժեշտություն է եղել: Ըստ փաստաբանի` այն բանից հետո, երբ Բաբկեն Գասպարյանը եկել է իր մոտ, ինքը գնացել է Էրեբունու քննչական բաժին` այնտեղ Սոս Գասպարյանի հիվանդ լինելու վերաբերյալ դիմում հանձնելու:

Գալոյանը նշեց նաև, թե էրեբունու քննչական բաժնում երևի չի գտնվի քննիչ, ում գործողություններն ինքը բողոքարկած չլինի:

Ինչո՞ւ պիտի Սոս Գասպարյանի դեպքում ինչ-որ բան պայմանավորվեի, և սա այն դեպքում, երբ Զադոյանն աչքիս լույսը չէր, մեկ այլ գործով թշնամացել էինք», - հայտարարեց Գայանե Գալոյանը:

Նրա պաշտպան Անժելա Հոբոսյանը իր ճառում մանրամասն ներկայացրեց վկաներից յուրաքանչյուրի ցուցմունքը, գործում առկա այլ ապացույցները, և այս ամենի վերլուծությամբ պնդեց, որ Գալոյանի մեղադրանքը չի հաստատվել:

Պաշտպանն ընդգծեց, որ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումը կատարվել է Գալոյանի աշխատասենյակում, ինչն անթույլատրելի է և դիրքորոշում հայտնեց, որ այդ ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Հոբոսյանի խոսքով՝ գործի քննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե ըստ մեղադրանքի՝ Գալոյանին վերագրվող արարքը կոնկրետ երբ է կատարվել, ինչ եղանակով, որտեղ: Հոբոսյանի խոսքով՝ պատշաճ մեղադրանք չլինելու պատճառով Գալոյանը զրվել է պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից:

Ըստ Հոբոսյանի՝ առողջ տրամաբանությունը հուշում է, որ 3000 դոլարը ոչ ոք չէր տա՝ առանց հետաքրքրվելու, թե ինչ եղավ դրա ճակատագիրը, մինչդեռ ըստ Բաբկեն Գասպարյանի՝ կաշառքի գումարը Գայանե Գալոյանին տալուց հետո ինքը չի հետաքրքրվել, թե այն ում է հասել:

Հոբոսյանը ևս կարծիք հայտնեց, որ Գասպարյանները, հանցագործության մասին հողորդում տալով, փորձել են վրեժխնդիր լինել Գայանե Գալոյանից, Միքայել  Զադոյանից և Էրեբունու քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանից այն բանի համար, որ Սոս Գասպարյանի գործը դատարան է գնացել ծանր մեղադրանքով: Հոբոսյանը դատարանին խնդրեց ճանաչել ու հռչակել ամբաստանյալ Գայանե Գալոյանի անմեղությունը, հիշեցրեց, որ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը «գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարևանությամբ և որ երկրային արդարադատությունից զատ, կա նաև երկնային արդարադատություն»:

«Մենք՝ հայերս, հավատավոր ժողովուրդ ենք և պետք է հիշենք, որ բացի դատարանից, կա նաև երկնային դատավոր, որը բոլորին կդատի իրենց կատարած մեղավոր գործերին համապաատասխան և հատկանշական է, որ սույն դատարանը գտնվում է եկեղեցու դիմացի հատվածում՝ նրա հովանու ներքո, որը ենթադրում է, որ դատական գործերը պետք է քննվեն արդար», - ասաց Անժելա Հոբոսյանը:

Այսօրվա նիստն ավարտվեց, հաջորդը նշանակվեց ապրիլի 18-ին:

 

Լուսանկարում` դատավոր Մեսրոպ Մակյանը:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter