HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լիդիան Արմենիա»-ի իրավաբանը պատասխանել է Թեհմինե Ենոքյանին

«Լիդիան Արմենիայի» իրավաբան Խորեն Նասիբյանն անդրադարձել է Թեհմինե Ենոքյանի հայտարարություններին այն մասին, թե ընկերության աշխատակիցներն իրեն գաղտնի լուսանկարել են և հավաքագրել իր կյանքին վերաբերող անձնական տվյալներ: Ստորեւ` «Լիդիան Արմենիա»-ի իրավաբան Խորեն Նասիբյանի պարզաբանումը:

«Օրերս ֆեյսբուքյան օգտատերերի և մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակվել է մի ակտիվիստի կողմից տարածված «Լիդիան Արմենիա» ընկերության և վերջինիս աշխատակիցների վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունը, որով հեղինակը մասնավորապես նշել է, թե իբր ընկերության աշխատակիցները իրեն գաղտնի լուսանկարել են և «հավաքագրել իր կյանքին վերաբերող անձնական տվյալներ»: Այս կապակցությամբ, որպես «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար կցանկանայի հայտնել հետևյալը․

Նախ՝ հակառակ հրապարակման մեջ տեղ գտած բացահայտ ապատեղեկատվության, Գնդեվազ գյուղի բնակիչներ Աննա Ներսիսյանը և Հռիփսիմե Խաչատրյանը չեն հանդիսանում և երբևէ չեն հանդիսացել «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողներ: Հետևաբար վերջիններիս գործողությունները մեկնաբանելու անհրաժեշտություն «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի տեսնում, սակայն անհրաժեշտ եմ համարում նշել, որ դրանք թերևս Ամուլսարի շուրջ ստեղծված տևական ապօրինության հետևանքով համայնքում տիրող մթնոլորտի տրամաբանական արդյունք են:

Երկրորդը՝ պնդումներն առ այն, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները որևէ տեսակի հետապնդում են իրականացրել որևէ ակտիվիստի՝ այդ թվում Թեհմինե Ենոքյանի նկատմամբ ևս իրականությանը չեն համապատասխանում։ Վերոգրյալի առնչությամբ ընկերությունը կդիտարկի նշված ակտիվիստի դեմ՝ ի լրումն արդեն իսկ դատարան ներկայացված զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հերքելու վերաբերյալ պահանջի մեկ այլ նույնական հայցով դատարան դիմելու անհրաժեշտությունը։

Ինչ վերաբերում է վստահորդիս՝ Հովսեփ Ասոյանի ներգրավվածությանը տվյալ գործին, ապա փաստում եմ, որ վերջինս երբեք չի օգտվել Facebook սոցիալական ցանցից, առավել ևս չի վարել այլոց անուններով ֆեյսբուքյան էջեր, հետևաբար՝ չէր կարող վերը վկայակոչված հրապարակումներում նշվածը հայտնել, ուստիև այս տեղեկությունը ևս անհիմն է։ Նշված քրեական գործը կարճվել է և ապատեղեկատվությունը տարածած ակտիվիստին հայտնի են կարճման հիմքերը և հիմնավորումները:

Միաժամանակ, կցանկանայի հորդորել «պետության կարգավորիչ ֆունկցիան իրենց ուսերի վրա վերցրած անձանց» (ինչպես որ նշված է խնդրո առարկա հրապարակման մեջ), պետական կառավարմանը մասնակցել ՀՀ սահմանադրությամբ վերջիններիս վերապահված իրավունքների շրջանակներում ու օրենքով սահմանված եղանակներով միայն, ինչպես նաև նախքան որևէ նյութի հրապարակումը՝ պատշաճորեն ստուգել նման հրապարակման բովանդակությունը կազմող տվյալների համապատասխանությունը իրականությանը»:

Լուսանկարում` «Լիդիան Արմենիայի» իրավաբան Խորեն Նասիբյանը, լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter