HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «2019 թվականի բյուջեի եկամտային մասը կգրերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով»

Խորհրդարանն այսօր քննարկում է կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, հիմնական զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

«Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով` մենք եկել ենք այն համոզման, որ 2019 թվականի բյուջեի եկամտային մասը կգրերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, այսինքն` պետական եկամուտները 2019-ին կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ վերջին ինը տարիների համար դա աննախադեպ երևույթ է։

Փաշինյանը մանրամասնեց, թե կառավարությունն ինչպես է մտադիր տնօրինել հավելյալ եկամուտները: «Մենք մտադրված ենք 2019 թվականի հուլիսի մեկից 10 %-ով բարձրացնել ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի մեկից՝ նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը. մոտ 38 հազար ուսուցչի մասին է խոսքը։ Մենք պլանավորում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների՝ տարբեր մակարդակների նորոգում, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին ինը տարիների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով, որ այդ ցուցանիշի չի ներառում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։

Կառավարությունը ևս 10 միլիարդ դրամ մտադիր է հատկացնել սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ սուբվենցիոն են կոչվում այն ծրագրերը, որոնց մի մասը ֆինանսավորում է կառավարությունը, մյուս մասը՝ համայնքները, չնայած նախորդ տարվա մեր պատրաստակամությանը 10 միլիարդ հատկացնել համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը, նախորդ տարի, ցավոք սրտի, այս նպատակի համար կարողացանք ծախսել 1,6 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ 40 մլրդ հավելյալ դրամի հավաքագրումը ստվերի դեմ ՊԵԿ-ի վարած քաղաքականության արդյունք է։

«Եվ քանի որ ունեմ կանխատեսումներ, որ մտահոգություններ կլինեն, թե ինչքանով է սա նեգատիվ ազդեցություն ունենալու տնտեսության վրա, ուզում եմ ասել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ կիրառվում է բանակցային, երկխոսության մեթոդը»,- ասաց Փաշինյանը։

Հաջորդ կարևոր գործոնը, ըստ վարչապետի, քաղաքացիների և կառավարության համագործակցությունն: «Ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերի դեմ պայքարի հարցում: Իմ այն կոչը, որ պետք է պահանաջել ՀԴՄ կտորն, 2018-ի մայիսից մինչ այսօր երկրում 65 մլն հատ կտրոն ավելի է տպվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Սա ևս մեկ ապացույց է, որ կառավարությունն ու հանրությունը գործնական երկխոսության մեջ են իրար հետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ԶՈՒ զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելը կառավարությունը չի համարում հեղափոխական ու դարակազմիկ քայլ, բայց դրանով սկսվում է դարակազմիկ ու հեղափոխական նշանակություն ունեցող գործընթաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter