HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «765 մլն դոլար արժողությամբ 49 ծրագիր գնահատվել է իրատեսական և գտնվում է իրագործման փուլում»

Կառավարության հետ քննարկումների փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3,1 մլրդ դոլար արժողությամբ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողական զեկույցը։

«Դրանցից 49 ծրագիր 765 մլն դոլար արժողությամբ գնահատվել է իրատեսական, և կարող ենք արձանագրել, որ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում։ 2018-ի ներմուծումների ծավալում մենք ունենք ռեկորդային թվով կապիտալ ապրանքների ներմուծում՝ նախորդ տարվա համեմատությամբ կապիտալ ապրանքների 33 տոկոս աճը կազմել են կապիտալ ապրանքները, դրանք այն ապրանքներն են, որոնք ներկրվում են բիզնես ծավալելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ հեղափոխությունից հետո իրականացված տարբեր տնտեսագիտական վերլուծություների, թե ինչ է անում կառավարությունը տնտեսական զարգացման համար, և արդյոք անում է, թե ոչ։

«Ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը տնտեսական քաղաքականության հին ու նոր մոդելների մասին է, հին մոդելի էությունն այն է, որ կառավարությունը յուրաքանչյուրի բիզնեսի մեջ, կներեք այս բառի համար, օրթախ է, ո՞րն է իրենց ներդրումը, վարչապետը, նախարարը, պատգամավորները գնում են, ինչ-որ տեղից բիզնեսմեն են ճարում, ասում են` սենց բիզնես դնենք, պետք է պայմանականորեն քսան տոկոս հարկ տաս, կտաս հինգ տոկոս հարկ, տասը կտաս ինձ, մնացածն էլ քեզ։ Եկեք խոստովանենք՝ Հայաստանում տեղի ունեցած ներդրումների 90 տոկոսի նկարագրությունն է սա, հենց էս մոդելով են արվել տնտեսական ներդրումները։ Մենք հայտարարել ենք, որ նման մոդելով չենք կարող աշխատել, որովհետև դա հակասում է մեր քաղաքական ծագումնաբանությանը»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց՝ հեղափոխությունը ոչ միայն գործող քաղաքական մոդելի դեմ է եղել, այլև տնտեսական մոդելի։

«Տնտեսագիտական միտքը վերջին քսան տարվա ընթացքում ադապտացվել է այս մոդելին, իրենք չեն կարող ընկալել, որ ո՞նց կարող է էդպես չլինել, որ առանց վարչապետի դաբրոյի երկրում ներդրում կարող է տեղի ունենալ, սա է պատճառը, որ կառավարության գործունեության և տնտեսագիտական մտքի մեջ կա խզում»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս համոզմունք հայտնեց՝ տնտեսական հեղափոխությունը հաղթելու է այնպես, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, Փաշինյանն ասաց, որ լրացուցիչ 100 հազար տոննա կարտոֆիլի, գազարի, կաղամբի, ճակնդեղի չարտահանված պոտենցիալ կա, այս տարի 40 հազար տոննա լոլիկի հավելյալ պահանջարկ` ներքին սպառման համար։

«Արտահանման ոլորոտում մենք ունենալու ենք 55 հազար տոննա թարմ բանջարեղենի պահանջարկ, 15 հազար տոննա գինու խաղողի պահանջարկ. մենք այս վերլուծությունն անում ենք` ցույց տալու համար, որ աշխատանքը պետք է խրախուսվի, դրա համար տեղ կա, բայց արդյոք կառավարությունն ասում է՝ հարգելի գյուղացի, էսքան սրա պահանջարկ կա, գնա, ինչ ուզում ես արա: Վերջին շրջանում կառավարությունը տասնյակ որոշումներ է կայացրել, որոնց նպատակն աշխատանքի քաջալերումն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր է ներդնում, որն ի սկզբանե իրականացվելու է վեց մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր։

«Ապահովագրվելու են խաղողի և ծիրանի այգիները` որպես մեկնարկ, ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հրդեհ: Կառավարությունը գյուղացուն ասում է՝ եթե գնեք ապահովագրություն, ձեր ապահովագրության հիսուն տոկոսը կառավարությունը կսուբսիդավորի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հայտնեց նաև, որ ծրագիր կա սերմնաբուծության ոլորտում։

«Գյուղացուն ասում ենք` եթե բարձր որակի սերմ ստանաք և ստիպված լինեք վաճառել որպես հացահատիկ, այլ ոչ թե որպես սերմ, կառավարությունը ձեր վնաս ստացած մասը կփոխհատուցի»,-ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ ծրագիր կա նաև տավարաբուծության զարգացման ոլորտում՝ այստեղ կառավարությունը վարկերի տոկոսները նվազեցրել է մինչև երկու տոկոս, որպեսզի գյուղացիները տոհմային կենդանիներ գնեն, որոնք իրենց մսատվության և կաթնատվության ցուցանիշներով բարձր որակ են ապահովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter