HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը՝ ռազմաարդյունաբերական համալիրի նոր արտադրանքների մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց վերջինիս խոսքերը՝ խորհրդարանական վերահսկողությունը կառավարության համար ամենակարևոր գործիքներից մեկն է։

«Մենք առաջին անգամ իրականացրինք լսումներ՝ ուղղված կառավարության ծրագրի կատարողականին։ Այդ փաստաթուղթը, որ մեզ ներկայացվեց, ոչ ամբողջական էր, որպեսզի կարողանայինք լսումների ընթացքում բոլոր հարցերի կատարողականի մասին ինֆորմացված լինել։ Ուզում եմ հնչեցնել կարևոր մի ուղղության մասին, որտեղ 2019 թվականի ծրագրում հստակ քաղաքական մեսիջ էր դրված՝ դրա կարևորության մասին, դա ռազմական արդյունաբերության լոկոմոտիվ դերն էր՝ որպես տնտեսական հիմնական ուղղություն, կուզեի այդ բացը լրացվեր»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ռազմաարդյունաբերական համալիրն այն ոլորտներից է, որտեղ հետազոտական աշխատանքի արդյունքում կառավարությունը պարզել է, որ հատկացված գումարները, որոնք շատ չեն, շատ դժվարությամբ են կարողանում ծախսել կամ էլ չեն կարողանում ծախսել։

«Որովհետև այդ գումարը ծախսելու համար պետք են որոշակի ինֆրաստրուկտուրաներ, մասնագիտական կարողություններ, մենք էս խնդիրն ունենք, ուստի քաղաքականությունն այն է, որ ռազմաարդյունաբերությանը պետք է լուրջ ֆինանսավորում հատկացնենք որպեսզի սայլը տեղից շարժենք»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հաջողություններ կան այդ ոլորտում, վարչապետն ասաց.

«Այո, որոշ հաջողություններ ունենք այն առումով, որ ունենք որոշ մշակումներ, որոնք կարող են դառնալ շատ լուրջ սերիական արտադրություն, բայց էս փուլում մեր հիմնական խնդիրն է փորձաքննության ենթարկել էդ մշակումները, համոզվել այդ մշակումների մարտունակության մեջ և դրանից հետո նոր սկսել արտադրությունը, պետք է հաշվի առնենք, որ միայն հայաստանյան շուկայով բավարարվելու պարագայում մենք էդ արտադրության համար հեռանկար չենք ստեղծում, արտահանմանը միտված պետք լինի, որովհետև զենքի շուկան աշխարհում շատ մեծ շուկա է, և պետք է փորձենք առաջարկ ունենալ այդտեղ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ռազմաարդյունաբերական համալիրի ամբողջ փիլիսոփայությունը և տրամաբանությունը պետք է փոխվի.

«Օրինակ եթե մենք արտադրում ենք զենքի մի տեսակ, որը շատ վաղուցվանից տարբեր տեղերում արտադրվում է, արդյոք դա մենք համարո՞ւմ ենք ռազմաարդյունաբերական համալիր, ես, անկեղծ ասած, էդպիսին չեմ համարում, մեր պատկերացմամբ այն պետք է հիմնված լինի նոր տեխնոլոգիաների վրա, պետք է նոր բան ստեղծել»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter