HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Արեգ Կյուրեղյանը բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է». ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տվեց տուժող ոստիկանը

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ տված տուժող ոստիկան Դավիթ Գևորգյանը Հայաստանը լքել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գնդի գրավման գործի քննության ընթացքում հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:

Գևորգյանը նախաքննական առաջին ցուցմունքում գրել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին մեկ այլ ոստիկանի հետ ծառայություն է իրականացնելիս եղել Ալեք Մանուկյան փողոցում, երբ ռադիոկապով լսել են, որ ՊՊԾ գնդի վրա մի խումբ անձինք հարձակում են գործել, և օգնություն է անհրաժեշտ: Դրանից հետո, ըստ Գևորգյանի, իր մեքենայով ինքն ու ոստիկան Սարգսյանը գնացել են ՊՊԾ գնդի տարածք:

«Հասնելով ՊՊԾ գնդի դարպասների մոտ՝ տեսա, որ մի մարդ կրակում է: Երբ նա սկսեց մեր ուղղությամբ կրակել, մենք մեքենան թողեցինք և վազեցինք հակառակ ուղղությամբ: Շրջանցելով ՊՊԾ գունդը՝ պատի վրայով մուտք գործեցի և վազեցի դեպի հերթապահ մաս, որպեսզի ստանամ անձնական հաշվեցուցակային զենքը»,- գրել է Գևորգյանն ու նշել, որ այնտեղ մի խումբ երիտասարդներ զենքերն ուղղել են դեպի իրեն և պահանջել, որ հանձնվի, ու ինքը տիպված է  եղել կատարել նրանց պահանջը: Գևորգյանի ցուցմունքի համաձայն՝ նույն ժամանակահատվածում մի խումբ երիտասարդներ զենքի պահասենյակում գտնվող ոստիկաններին ստիպելիս են եղել բացել մնացած պահարանները:

Գևորգյանը պատմել է նաև, որ հսկիչ անցագրային կետում գտնվող ոստիկաններից մեկը տուժել էր, ինքը ցանկացել է օգնել, բայց թույլ չեն տվել՝ ասելով, որ շտապօգնությունը կգա, կօգնի:

Ըստ ոստիկանի՝ գնդում բոլորը զինված են եղել, նրանց մոտ եղել է ավտոմատ՝ պահեստատուփերով, ատրճանակ, եղել են նաև նռնակներ: Գևորգյանն, ըստ ցուցմունքի, տեսել է, թե ինչպես են կապված ձեռքերով ներս բերում այն ժամանակ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և փոխոստիկանապետ Վարդան Եղիզարյանին: Ըստ Գևորգյանի ցուցմունքի, Պավել Մանուկյանն ասել է, որ ազատեն նրանց ձեռքերը:

Գևորգյանը գրել է, որ իրենք մշտապես վերահսկողության տակ են գտնվել, զինված երիտասարդների ուղեկցությամբ  են օգտվել սանհանգույցից, ամեն մի շարժում նրանց ներկայությամբ է կատարվել: Ըստ ցուցմունքի՝ խմբի անդամները մի քանի ժամ ՊՊԾ գլխավոր մուտքի մոտ տեխնիկա են տեղափոխելիս եղել: Տուժողը պատմել է նաև, որ տղաներից ոմանք իրենց թույլ են տվել զանգել տան անդամներին, որպեսզի նրանք չանհանգստանան:

Գևորգյանը գրել է, որ խմբի երիտասարդ անդամներն իրենց նկատմամբ ագրեսիվ, իսկ տարեցները՝ բավականին լավ վերաբերմունք են ցույց տվել:

«Երեկոյան մեզ ուղեկցեցին դեպի մեր գումարտակ: Այնտեղ փշալարով փակել էին: Բարձրացանք երկրորդ հարկ՝ մի սենյակ, որտեղ 20 րոպե մնալուց հետո մեզ տարան մեկ ուրիշ սենյակ: Այստեղ մահճակալներ կային: Այնտեղ մեզ ստիպեցին պառկել լուսամուտի մոտ: Նրանցից մեկն ասաց՝  պառկեք պատուհանի մոտ, որ առաջինը ձեզ սպանեն»,- ցուցմունքում գրել է Գևորգյանը: Վերջինիս խոսքով՝ առավոտյան, երբ իրենց տարել են լվացվելու, տեսել է, որ ամբողջ գնդի տարածքում մարդիկ են հերթապահում, իրենց ասել են, որ նրանց կանգնեցրել են, որպեսզի եթե իրավապահները փորձեն մուտք գործել գնդի տարածք, նրանց ոչնչացնեն:

Ըստ  ցուցմունքի՝ երիտասարդների խումբն անընդհատ տարեցների հետ վիճաբանության մեջ է մտել:

«Այդպես եղավ նաև իմ այնտեղից դուրս գալու ժամանակ: Ես Պավելին պատճառաբանեցի, իբր մի քանի օրից պիտի նշանվեմ, նա էլ խորհրդակցեց մյուսների հետ ու որոշեցին, որ պիտի ինձ բաց թողնեն, սակայն երիտասարդները դեմ էին, նույնիսկ երբ ես արդեն պետք է դուրս գայի, Պավելը խորհուրդ տվեց ինձ զրահաբաճկոն հագնել՝ պատճառաբանելով, որ երիտասարդներից մեկը կարող է ինձ ոչնչացնել»,-  գրել է Գևորգյանը և նշել, որ երիտասարդներն այլևս Պավելին չէին լսում:

Ավելի ուշ տված ցուցմունքներից մեկում Դավիթ Գևորգյանը գրել է, թե խաբել է Պավելին, երբ ասել է, որ պիտի նշանվի, ապա առավել մանրամասն ներկայացնելով իր՝ գնդի տարածքից դուրս գալու պահը՝ նշել է, որ Պավել Մանուկյանն է իրեն ուղեկցել ու պահել թիկունքը, որպեսզի երիտասարդներն իրեն չսպանեն:

«Զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանն ասել էր, որ եթե ինձ բաց թողնեն, սպանելու են ինձ»,-ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը:

Ըստ Գևորգյանի՝ ինքը լսել է Արեգ Կյուրեղյանի և Սմբատ Բարսեղյանի միջև տեղի ունեցած խոսակցությունը, որից ենթադրել է, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է Սմբատ Բարսեղյանը. ըստ ցուցմունքի՝  Արեգ Կյուրեղյանը Սմբատին ասել է՝ ինչո՞ւ ես սպանել, և վերջինս պատասխանում  է, որ կրակել են, որից հետո է ինքը  կրակել: Ավելի ուշ տված մեկ այլ ցուցմունքում ոստիկանը խոսել է նաև այն մասին, որ Արեգ Կյուրեղյանը Սմբատի հետ զրույցում հիշեցրել է պայմանավորվածությունն այն մասին, որ մարդ չեն սպանելու, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ոտքից են կրակելու, բայց նաև նշել, որ Սմբատ Բարսեղյանն այդ խոսակցության ժամանակ, այնուամենայնիվ, չի նշել, թե ինքն է սպանել Վանոյանին:

Ոստիկանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ ինքը խոսակցություններ է լսել այն մասին, որ «հենց Ժիրայր Սեֆիլյանը գա, իշխանափոխություն կանեն, երկիրը կվերցնեն իրենց ձեռքն ու կզբաղվեն Ղարաբաղի հարցով»: Ոստիկանը գրել է նաև, որ խմբի անդամները Վալերիյ Օսիպյանի դեմ տարբեր պահանջներ են դրել, ցույց տվել, որ շարժի դեպքում կոչնչացնեն:

Գևորգյանին ցույց են տվել լուսանկարներ, և նա ճանաչել է խմբի անդամներից ոմանց: Մասնավորապես՝ լուսանկարներից մեկում, ըստ Գևորգյանի, եղել է խմբի անդամ Մխիթարն, ով, ամենայն հավանականությամբ, ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն է:

«Մխիթարն ասել է, որ եթե կռիվ սկսվի, մեզ գցելու են առաջ, ու իրենք առաջ  գնան»,- գրել է Գևորգյանը: Վերջինս լուսանկարներից մեկում խմբի անդամ Արեգին է ճանաչել: Խոսքն, ամենայն հավանականությամբ, խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի մասին է:

«Արեգն ամենաագրեսիվն է եղել, անընդհատ կրկնել է, որ ավելի լավ ա մահանա, քան 15 տարի դատապարտվի»,-գրել է ոստիկանն ու նշել, որ Արեգն, ինչպես նաև խմբի անդամ Էդուարդը իրենց ոչնչացնելու համար պատճառ են փնտրել:

«Արեգ Կյուրեղյանն ամենաագրեսիվներից էր, բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է, ասում էր, որ եթե շտուրմ լինի, մեզ՝ բոլոր ոստիկաններիս, շարելու են առաջին շարքում, որպեսզի առաջինը մեզ վրա կրակեն»,- մեկ այլ ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը:

Նա ճանաչել է նաև խմբի անդամներից Մարտիրոսին, ով, ամենայն հավանականությամբ, Մարտիրոս Հակոբյանն է. ըստ Գևորգյանի՝ Մարտիրոսն այն անձն է, ով դարպասների մոտ կրակոցներ է արձակելիս եղել, երբ իրենք գնդի դարպասների մոտ են գնացել:

Ոստիկանը հայտնել է, որ Արայիկ  Խանդոյանը՝ «Միայնակ գայլն», իրեն մարդկային է պահել, դրական է բնութագրել նաև խմբի անդամ Սեդրակ Նազարյանին՝  նշելով, որ նա լավ մարդ է:

Դավիթ Գևորգյանը ցուցմունքներից մեկում հայտնել է, որ խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն, ըստ խոսակցությունների գնդի հարակից տարածքի բնակիչների միջոցով դրսերը գումար է ուղարկել:

Նշենք, որ մինչև այս վկայի նախաքննական ցուցմունքների հրապարակումը գործում ներգրավված փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիրքորոշում հայտնեց, որ, նկատի ունենալով հանգամանքը, որ տուժողը դատարանում չէ և հնարավոր չէ ապահովել ամբաստանյալների հակընդդեմ հարցման իրավունքը դրանք չպետք է հրապարակվեն, չպետք է դրվեն հետագա դատական ակտում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, սակայն, որոշեց հրապարակել այդ ցուցմունքները՝ միաժամանակ նշելով, որ պաշտպանական կողմը զրկված չէ վիճարկել այդ ցուցմունքները հետագայում դատական ակտի հիմքում դնելու հանգամանքը:

Ըստ դատավորի՝ միայն այդ ցուցմունքների հրապարակելուց հետո պարզ կլինի՝ դրանք մեղադրական են, թե ոչ,  պետք է դրվեն մեղադրանքի հիմքում, թե ոչ, և արդյոք մեղադրանքի հիմքում դրանք դնելը կխախտի ամբաստանյալների իրավունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter