HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորը՝ վարչապետին. «Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինել մի մարդ, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում»

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց վարչապետի այն խոսքերը, որ պետք չեն այնպիսի ռեկտորներ, որոնք ուսանողների առաջ դուռ են փակում։

«Այսօր նույնպես, ինչպես և նախկինում, մի քանի անգամ Դուք ընդգծեցիք ձեր ղեկավարած կառավարության կողմից աշխատանքի խրախուսման քաղաքականությունը: Արդյոք ռեկտորների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ բացելու կամ փակելու մե՞ջ է»,- հարցրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ նպատակ չունի որևէ ռեկտորի պաշտպանությամբ զբաղվել:

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ պետք է գնահատական տալ այն իրավիճակին, որն առկա է բուհական համակարգում։

«Պետք է շատ ուղիղ խոստովանենք, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին ու մարտահրավերներին, որ մեր երկրի առջև կա։ Էն, որ դուք ասում եք` դռները բացել կամ փակել, դա, համաձայն եմ, ինքնին էդպիսի չափանիշ դժվար է ձևակերպել, բայց դա կարևոր բանի նշան է։ ՀՀ-ում գաղտնիք չէ, որ բուհերը եղել են իշխանության ձեռքում բութ գործիք՝ որևէ ստեղծարար նախաձեռնություն խեղդելու, բուհերի ուսանողների սոցիալական վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար։ Ես կարող եմ հիշեցնել, թե ինչպես էր ԵՊՀ-ն գումարներ փոխանցում Երիտասարդական հիմնադրամին, որը գտնվում էր ՀՀԿ-ի հսկողության տակ, որը ուսանողներին օգնություն էր տալիս՝ ըստ այդմ, թե ուսանողը ինչ վերաբերմունք ունի ՀՀԿ-ի նկատմամբ։ Այո, էս հեղափոխությունը սկսվել է` ԵՊՀ-ի դռները բացելով, և ԵՊՀ-ի դռները պետք է բաց մնան: Էն ռեկտորը, որ չափահաս մարդու առաջ փակում է դուռը, ինքը անելիք չունի ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման ռեկտորները պետք է հավաքեն իրերը և հեռանան։

Պատգամավորն արձագանքեց՝ բոլորն էլ շահագրգռված են, որ օրենքը խախտածները մեկուսացվեն պաշտոնից, բայց ժողովրդի առաջին ակնկալիքն այն է եղել, որ հեղափոխությունից հետո լինելու է արդարության մթնոլորտ։

«Բայց եթե մենք զարմանում ենք նման ռեկտորների վրա, հանուն արդարության պետք է զարմանանք, թե ինչ գործ ունի պատգամավորը երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ, որն իր գրած տեքստը չկարողանա կարդալ, ինչ իրավունք ունի մարզպետ լինել մի մարդ, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում, ինչ իրավունք ունի մի մարդ լինել ՊՎԾ ղեկավար, որը խախտում է էթիկայի վարքագծի կանոնները, երբ հարց են տալիս, ասում՝ չե՞ք վախենում, որ ձեզ կձերբակալեն, ասում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Ձերբակալվողի նմանը ո՞րս է, բոլորս էլ կարող ենք, եթե հանցագործության մեջ մեղադրվենք, ձերբակալվենք։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հավասարության մթնոլորտը Հայաստանում անխախտ պահելու ուղղությամբ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

«Լիարժեք կիսում եմ ձեր մտահոգությունները, բայց եթե դուք համոզված եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարող են կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ ձեր առաջ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter