HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված է՝ Արթուր, Յուրի, Գագիկ»,- ՊՊԾ-ի գործով ցուցմունք տվեց նախկին ոստիկան Գեղամ Խաչատրյանը

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց գնդի 4-րդ գումարտակի նախկին հրամանատար Գեղամ Խաչատրյանը, որն այս պահին ոստիկանությունում չի աշխատում:

Խաչատրյանը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Էրեբունու ՊՊԾ գնդից դուրս է եկել ստուգայցի, ժամը 06:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում է եղել, երբ ոստիկաններից մեկը զանգահարել ու ասել է, որ գունդը գրավել են:

«Զանգից անմիջապես հետո գնացել եմ դեպքի վայր, տեղում եղել են բազմաթիվ ոստիկաններ, որից հետո սկսել ենք մեր ծառայությունը իրականացնել տվյալ տարածքում: Դեպքի վայրի զննության արդյունքում իմ աշխատասենյակի մուտքի մոտ նկատեցի իմ չհրկիզվող պահարանը, որը գտնվել է իմ աշխատասենյակում. այն կոտրված էր: Պահարանում եղել է գումար, որը գոյացել էր ավտոմեքենայի վաճառքի արդյունքում՝ մոտ 3500 ԱՄՆ դոլար, 340 հազար ՀՀ դրամ, 500 կամ 700 եվրո: Դրանից հետո հրաձգարանում նորից չհրկիզվող պահարանում  հայտանաբերվել է գումար կապույտ պայուսակի մեջ, որն ինձ է պատկանել, գումարը կազմում էր մոտ 1 միլիոն  դրամ»,- պատմեց Գեղամ Խաչատրյանը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանի հարցին՝ ի՞նչի եք ականատես եղել, ի՞նչ տեղեկատվության եք տիրապետել այդ ընթացքում նշված դեպքի վայրում տեղի ունեցող իրադարձություններից և մանրամասներից, տուժողը պատասխանեց, որ տեղ հասնելուց հետո իրենց ասել են, որ մոտ 30 հոգի գունդը գրավել են՝ վնասելով դարպասները, պատանդ վերցրել ոստիկաններին: Խաչատրյանի խոսքով՝ դրանից հետո ինքը ծառայության շրջանակներում հսկել է, որպեսզի գնդի տարածք մարդ չմտնի ու ոչ ոք դուրս չգա:

Գեղամ Խաչատրյանի խոսքով՝ ինքը գնդապետ Արթուր Վանոյանի մահվան մասին իմացել է գնդում գտնվող ոստիկաններից, իսկ Գագիկ Մկրտչյանին տեսել է գնդից դուրս գալիս. նա արնահոսում էր:

Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ Գագիկ Մկրտչյանն ո՞ւմ հետ էր, Խաչատրյանը պատասխանեց, թե չի հիշում:

Փոստանջյանի հարցին՝ որ տեսաք արնահոսությունը, չմոտեցա՞ք նրան, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց, որ շատերը մոտեցան, կարիք չկար 100 հոգով մոտենալու, շտապօգնությունը եկել էր, նրան հասցրել են հիվանդանոց:

«Ձեր աչքի առջև Գագիկ Մկրտչյանը արնահոսում էր, ձեր ընկերն էր. չհետաքրքվեցի՞ք՝ ուր են տանում նրան»,- հարցրեց Փոստանջյանը: Ի պատասխան Գեղամ Խաչատրյանն ասաց, որ հետաքրքրվել են, որ հիվադանոցում է:

Փոստանջյանի հարցին ի պատասխան, թե երբ է Խաչատրյանն իմացել, որ Գագիկ Մկրտչյանը մահացել է, Խաչատրյանն ասաց, թե չի հիշում:

 «Չհետաքրքրվեցի՞ք»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանը:

«Հետաքրքրվել ենք, իհարկե, ո՞նց կարող էինք չհետաքրքվել, եթե մեր ընկերոջը վիրավորել են կամ սպանել»,- պատասխանեց Գեղամ Խաչատրյանը:

Ապա Զարուհի Փոստանջյանը հարցերի միջոցով փորձում էր պարզել, թե ինչո՞ւ Գեղամ Խաչատրյանը չի այցելել հիվանդանոցում գտնվող Մկրտչյանին, Խաչատրյանն էլ ասում էր, թե չի հասցրել, ծառայություն է իրականացնելիս եղել, բայց շատ կցանկանար այցելել:

Նմանատիպ մի քանի հարցերից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց, որ Փոստանջյանը բարոյախրատական հարցեր է քննարկում:

«Եթե թույլ չէին տալիս՝ Գագիկին գնան, տեսնեն, ո՞ւր գնան տեսնեն»,- տեղից արձագանքեց Մկրտչյանի կինը:

Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը հարցրեց՝ Գագիկ Մկրտչյանի արյունահոսությունը մարմնի ո՞ր մասից էր, տուժողն ասաց՝ չի կարող ասել, քանի որ չի հիշում:

«Վերքը չեմ տեսել, սպիտակ մայկա էր, եթե չեմ սխալվում արյունահոսում էր, ես չեմ կարող ասել՝ որտեղից էր»,- ասաց Խաչատրյանն, ապա պարզաբանեց, որ արյունը Գագիկ Մկրտչյանի ձեռքից կաթում էր:

Գեղամ Խաչատրյանը ոստիկան եղած ժամանակ բազմիցս հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Վերջինս ներգրավված է եղել Շանթ Հարությունյանի և ընկերների, Գևորգ Սաֆարյանի գործերով, և հանրության մի հատված նրան մշտապես մեղադրել է քաղաքացիներին ծեծի ենթարկելու մեջ:

«Գեղա՛մ Խաչատրյան, հիշո՞ւմ եք՝ ոնց էիք ՀՀ քաղաքացիներին լավ ծեծի ենթարկում»,- նախկին ոստիկանին հարցրեց Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալ Արմեն Բիլյանը:

«Իսկ դուք հիշում ե՞ք, որ բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված ա՝ Արթուր, Յուրի, Գագիկ»,- պատասխանեց տուժողը:

«Հլը էդ շատ մեծ հարց ա՝ ում ճակատին ա գրված»,- ի պատասխան՝ ասաց Արմեն Բիլյանը:

Նախկին ոստիկանն իրեն տրվող կրկնվող հարցերին չէր պատասխանում՝ կողմերին հորդորելով ուշադիր լինել:

Խաչատրյանը դատարանի հարցին ի պատասխան՝ ասաց, որ իր անհետացած գումարների մասին տեղեկություն չունի, բայց չունի նաև որևէ բողոք կամ պահանջ:

Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter