HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «Էս ինչ սովորություն է. նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն, վերջում ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, ասաց, որ Սյունիքի մի շարք համայնքներում բնակիչների հետ հանդիպումներ է ունեցել և պարզել, որ գրեթե բոլորում ոռոգման ջրի խնդիր կա։

«Բռնակոթում 2018-ին սեզոնի կեսից դադարեցվել է ոռոգման ջրամատակարարումը, և սպասվելիք բանջարաբոստանային մշակաբույսերի բերքի 80 տոկոսը փչացել է»,- ասաց պատգամավորը։ Գրիգորյանը խոսեց նաև ջրօգտագործողների միության աշխատակիցների աշխատավարձերի մասին՝ ասելով, որ վերջիններս նախորդ տարվա ապրիլից աշխատավարձ չեն ստացել.

«Այսինքն մինչև աշխատավարձ չստանան, նրանք բոյկոտում են նախապատրաստվել ոռոգման սեզոնին»,- ասաց Սրբուհի Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ջրօգտագործողների միության աշխատավարձերը գոյանում են իրենց հավաքագրումների հիման վրա:

«Կա ջրօգտագործող, որն իր համար ստեղծել է միություն, ընտրել է միության նախագահ, ջուր օգտագործողը ջրի համար վարձը վճարում է, միությունը վարձը հավաքագրում է, և ինքը ստանում է աշխատավարձ։ Ի՞նչ է նշանանում՝ բոյկոտում են… Ես երեկ տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մի միլիարդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում՝ ամեն մեկն իր արած-չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ աշխատավարձ չե՞նք ստացել։ Չեք աշխատել, չեք ստացել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինայնի խոսքով՝ կառավարությունը դեռ այդ ոլորտում ստուգումներ կիրականացնի և կպարզի, թե ով ինչքան է գողացել։

«Հետո չգաք ասեք, թե ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ինչ սովորություն է. նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն, վերջում ասեն՝ աշխատավարձ չենք ստացել կառավարություն, դե վճարի, ինչի՞ պետք է վճարի կառավարությունը»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս անդրադարձավ նաև ոռոգման ջրի խնդրին՝ հիշեցնելով, որ նախորդ տարվանից կառավարությունը մտադիր է եղել 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար:

«Անցած տարի մենք 10 միլիարդ հատկացրել ենք, բայց դրանից 1,6 միլիարդ դրամն ենք կարողացել ծախսել, որովհետև համայնքներն ի վիճակի չեն, կարողություն չունեն, որպեսզի այդ ծրագրերն իրականացնեն: Մի տեղ մասնագիտական համապատասխան կարողություն չկա, մի տեղ չեն կարողանում ճիշտ կառավարել համայնքը, չեն կարողանում բյուջեի միջոցները հավաքագրել»,- ասաց կառավարության ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter