HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառը հաշվեհարդար է տեսնում

«Շեկ եռանդ». այսպես են սարից իջնող հողագունդն անվանել անտառի հենց փեշին ապրող վանաձորցիները: Վանաձորի Խնձորուտ փողոցի բնակիչներն ասում են, որ գրեթե ամեն տարի գարնան հեղեղումներն իրենց գլխին պատուհաս են դառնում: Սարը «փախչում» է, ու նրա հետ եկած տիղմն ու կոճղերը հայտնվում են մարդկանց տներում: Անտառի անմիջապես ստորոտում է գտնվում Ջիվան Իսրայելյանի երկհարկանի սեփական տունը: Տունը շրջապատող փայտե ցանկապատից մի քանի կտոր է մնացել: Սելավի բերած քոթուկներն ու կոճղերը հայտնվել են նրա բակում, բանջարանոցում, իսկ տիղմը ողողել է նկուղը, լցվել կաթսայատունը:

«Աղետը գիշերը սկսվեց: Երեխեքս մի շաբաթ դասի չեն գնացել. վախեցել էին: Հնարավոր էլ չէր փողոցով իջնել ներքեւ»,-ասում է 43-ամյա Ջիվանը: Անտառից եկած տիղմի բարձրությունը Ջիվանի բակում հասել է 70 սանտիմետրի: Երկու բեռնատար մեքենայով Ջիվանը տիղմը բակից դուրս է տարել:

Ջիվան Իսրայելյան Հրաչիկ Մխիթարյան

Ութ տարի առաջ սեփական ուժերով նա յոթ մետր խողովակ է բերել, միացրել անձրեւաջրատար խողովակին, որպեսզի անձրեւաջրերը շրջանցեն տունն ու խողովակով լցվեն գետը: Սելավի բերած կեղտերից ջրատարը խցանվել է. «Մենակ մի բան եմ խնդրում իշխանություններից' գան, բացեն խողովակի բերանը, որ ջուրը գետնի տակով գնա»,-ասում է Ջիվանը:

Խնձորուտի մեկ այլ բնակիչ' 77-ամյա Հրաչիկ Մխիթարյանը, մտահոգվում է, որ օրերից մի օր էլ հողագունդը կգա, իր հետ կքշի, կտանի ամեն ինչ: «Որ բարձրանաս վերեւ, տենաս ճաքերը, կասես' ստեղից գնացեք, իզուր եք ստեղ ապրում»,-բողոքում է ծերունին: Նման աղետի խնձորուտցիներն ականատես են եղել երկու տարի առաջ: Նրանց համար միայն անցյալ տարին է անվտանգ անցել: Հրաչիկ Մխիթարյանը պատմում է, թե ցեխաջուրը հասել էր ավտոտնակ, ողողել բանջարանոցն ու վնասել ցանած կարտոֆիլը: «Հիմա ավելի վախենալու է, որովհետեւ խորհրդային տարիներին անտառ է եղել, տարածքը լիքն է եղել, իսկ հիմա բաց է, ամեն կողմից ջուրը գալիս է, լցվում»,-անցյալի եւ ներկայի սելավներն է համեմատում թաղամասի հնաբնակը:

Անտառից Խնձորուտ փողոցով Երեւանյան խճուղին ողողած տիղմը մի քանի օր խոչընդոտել է Վանաձոր-Դիլիջան երթուղու երթեւեկությանը: Վանաձորի քաղաքապետարանը սելավի օրերին հասցրել է մաքրել խճուղու տիղմն ու ավազը: Դեռեւս խցանված է անձրեւաջրատարի 20-30 մետրանոց հատվածը: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Կարապետյանն ասում է, թե սարից եկող հողագունդը փակել է ջրատար հոսող ջրի ճանապարհն այն աստիճան, որ մեծ քանակությամբ կուտակված ջուրը դեպի ջրատար է հրել տիղմն ու այն խցանել:

«Խնդիրն այն է, որ եթե այդ ամբողջ շրջանը փլուզվի, իսկ ջուրն անընդհատ մտնի գրունտի մեջ, շատ հնարավոր է, որ սարը տների հետ միասին հայտնվի գետում»,-ասում է Լյովա Կարապետյանը: Մասնագիտությամբ քաղաքաշինարար, Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը այս ամենն անտառը վերացնելու հետեւանք է համարում. «Քիչ է ծառերը կտրեցին, այսօր արդեն կոճղերն են հանում՝ չհասկանալով, որ իրենց տունն են քանդում»: Բացի այն, որ անձրեւաջրատարը լցվում է անտառից բերած տիղմով, ցեխաջրերով, Տիգրան Պապանյանը մեղադրում է նաեւ թաղամասի բնակիչներին. «Իրենց կոյուղին են միացրել այդ համակարգին, մենք մաքրում ենք, բայց ներսից գոմաղբից բռնացրած ամեն ինչ հանում ենք»:

Խնձորուտ թաղամասում տեղի ունեցած հողի հոսքի պատճառով վնասվել էր Ծովասար կոչվող ջրատարը, որը խմելու ջուր է մատակարարում Վանաձորի 45 000 բաժանորդի: Ջրմուղի շահագործման հարցերով փոխտնօրեն Սամվել Ղազարյանն ասում է, որ մայիսին երկու անգամ դադարեցրել են ջրամատակարարումը, զբաղվել ջրատարի նորոգմամբ: Մի անգամ ջրատարի 35 մետր երկարությամբ հատվածը փոխարինել են նորով, հաջորդ անգամ արդեն ստիպված են եղել սողանքի գոտուց խողովակը տեղափոխել այլ տարածք: Եթե այսպես շարունակվի, Ջրմուղը ստիպված կլինի ջրագիծը տեղափոխել այլ հատված:

Երկրաբան Արտակ Դեմիրճյանը Խնձորուտ թաղամասի գրեթե ամեն տարի կրկնվող աղետը որակում է որպես սողանքային երեւույթ, որի առաջացման հիմնական պատճառն անտառահատումն է. «Մեր սարալանջերը անկման բարձր անկյուն ունեն, ինչը պահվում էր անտառների միջոցով»: Անտառների ոչնչացմանը հաջորդեց կտրված ծառերի արմատային համակարգի փտումը. արմատը հող է դառնում ու նպաստում է սողանքի առաջացմանը: Արտակ Դեմիրճյանն ասում է, որ կախված սարի թեքությունից ու բնակլիմայական պայմաններից, ինչպես նաեւ սեյսմիկ իրավիճակից՝ հողը սկսում է սահել: Սահելով' գետն է թափվում սեւահողը, որի մեկ սանտիմետրն առաջանում է 20.000 տարվա ընթացքում: «Եթե ճանապարհների եզրերին կարելի էր տեսնել 20-25 սմ սեւահող, հիմա արդեն դա էլ չկա»,-նկատում է երկրաբանն ու ավելացնում, որ նույնիսկ կավն է ոչնչացել, ու մնացել են դատարկ ապարները:

Սողանքներից պաշտպանվելու մի քանի եղանակ գոյություն ունի, որոնց թվում են անտառատնկումները, պատնեշների ու ջրահեռացման համակարգերի կառուցումը: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Նորիկ Բաբայանը ամենանպատակահարմար միջոցը համարում է ջրահեռացման համակարգ կառուցելը ոչ միայն Խնձորուտ թաղամասում, այլեւ քաղաքի այն հատվածներում, որտեղ եւս առկա են սողանքային երեւույթներ: Խրամատների նման կառուցված համակարգով հավաքված ջրերը կուտակվելու փոխարեն կհեռանան: Վանաձորի քաղաքապետարանում դա համարում են իրենց ուժերից վեր աշխատանք:

«Պետական հոգածության խնդիր է, մեծ ծախսեր պահանջող»,-ասում են քաղաքապետարանի մասնագետները: Լոռու մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության ընդերքի գծով մասնագետ Արտակ Դեմիրճյանը կարծում է, որ տարբեր ոլորտի մասնագետներ են անհրաժեշտ, օրինակ՝ երկրաբաններ, հիդրոերկրաբաններ, գեոֆիզիկներ, գեոդեզիստներ, ջրաշինարարներ, բնապահպաններ, որոնցից յուրաքանչյուրն իր չափումներն ու ստուգումները պետք է անցկացնի: Դրանից հետո պարզ կդառնա, թե ինչքան գումար է պետք եւ ինչպես կարելի է այն կառուցել բնությանը լրացուցիչ վնաս չհասցնելու համար: Տիգրան Պապանյանը հիշում է, որ դեռ երկու տարի առաջ ՀՀ կառավարություն նամակ են հղել՝ ներկայացնելով մեկ այլ՝ Ֆիդայիների փողոցի հատվածում կատարված գեոդեզիական հետազոտություններն ու խնդրել գումար հատկացնել՝ բնակիչներին տարածքից տարհանելու համար: Մինչ հիմա Վանաձորի քաղաքապետարանը պատասխան չի ստացել: Տիգրան Պապանյանը կարծում է, որ գուցե կառավարությունը դեռ ուսումնասիրում է խնդիրը:

«Գրունտի ուսումնասիրություն պիտի կատարվի, ստուգվի՝ արդյո՞ք գրունտային ջրեր կան, հոսքի, սահքի վտանգ կա՞, թե՞ ոչ»,-կառավարական մակարդակով խնդրի ուսումնասիրումը կարեւորում է նաեւ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Կարապետյանը:

Ամեն դեպքում, եթե խնդրի լուծման փոխարեն միայն շարունակվի հետեւանքների վերացումը, Խնձորուտ թաղամասի բնակիչներին ստիպված կլինեն տարհանել: «Կրած վնասները շատ ավելի մեծ են լինելու: Բացի նյութականից, մարդկային կորուստներ եւս կլինեն,-կարծում է Լոռու մարզպետարանի ընդերքի գծով մասնագետ Արտակ Դեմիրճյանը եւ հիշում Լոռու մարզում դեռ խորհրդային տարիներին տեղի ունեցած դեպքերը:- Ադրբեջանաբնակ Վերին Քիլիսա գյուղն այդ տարիներին մնաց սողանքի տակ: Միայն մի քանի մարդ փրկվեց»:

«Չկա անտառը, չկա խոնավության պահպանողը: Մթնոլորտային տեղումներն արագորեն գոլորշիանում են: Չգոլորշիացող մասը, որը պետք է կլաներ սեւահողը, մեծ հոսքով թափվում է Դեբեդի գետավազան: Եվ մակերեսային ջրերի հետ միասին, որոնք եւս չեն կլանվում արդեն գոյություն չունեցող անտառի կողմից, ծնվում են սելավասողանքային երեիույթներ»,-պարզաբանում է Արտակ Դեմիրճյանը:

Մասնագետները փաստում են, որ Լոռու մարզում սողանքների թիվը գնալով ավելանում է: Երեք տարի առաջ ձնհալներն ու վարարումները մի շարք համայնքներում նպաստեցին սողանքների առաջացմանը, կամուրջներ փլվեցին, գետերը դուրս եկան ափերից:

Լոռու մարզպետարանում վկայում են, որ մարզի 98.000 հա անտառից վերջին 18 տարում հատվել է 30 տոկոսը, որը կարելի է համարել անդառնալի կորուստ: 15 տոկոսն իսպառ վերացվել է, մյուս մասի գրեթե կեսն էլ վերացման վտանգի տակ է: Վանաձորում 5.000 հա անտառից անցած տարիներին հատվել է մոտ 1.500 հա-ն: «40-50 տարի է պետք, որ անտառը վերականգնվի»,-ասում է Արտակ Դեմիրճյանը:

Բնապահպաններն ասում են, որ անտառահատումներից հետո առաջացող, այսպես կոչված, երկրորդային անտառն այլեւս չունի նախկին նշանակությունը, «որովհետեւ արժեքավոր ծառերը կոճղաշիվեր չեն տալիս ու մահանում են, իսկ սովորական ծառերի կոճղաշիվերը մարդիկ կտրում են, հողն օգտագործում գյուղատնտեսական նպատակներով, անասուններ արածեցնում»: Այս պայմաններում սողանքների վտանգը տարեցտարի ավելանում է:

«Իրավիճակը չեն փրկի անգամ ծառատնկման աշխատանքները»,-ասում է կենսաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Վարդանյանը: Արտակ Դեմիրճյանն էլ ավելացնում է, թե մինչեւ այժմ կատարված ծառատնկումները ոչ մասնագիտական են եղել ու նվազ արդյունավետ են. «Քիչ է ակտիվացել են բնակլիմայական երեւույթները, մի կողմից էլ մարդու կատարած արհեստական գործողությունները բերում են էկոլոգիական համակարգի խաթարման»:

Նրա տվյալներով' անտառների հատման արդյունքում Լոռու մարզում ցամաքել են 500-600 բնական աղբյուրներ ու առուներ:

«Ի վերջո, բնության ամեն մի օղակը փոխկապակցված է, ու եթե վնասում ես մեկը, խախտվում է ողջ համակարգը,-կարծում է Արտակ Դեմիրճյանն ու խոստովանում, որ կանգնած ենք անապատացման ճանապարհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter