HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ղարաբաղյան պատերազմը մտել է նրանց տները

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան պատերազմը մտել է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակավայր, այս կամ այն ձեւով՝ գրեթե ամեն մի ընտանիք: Կան հայկական օջախներ, որոնց պատերազմը կրկնակի հարված է հասցրել: Տավուշի մարզի Ոսկեւան գյուղում բնակվող Խաչիկյանների ընտանիք պատերազմը մտել է երեք անգամ:

79-ամյա Սոնիկ Խաչիկյանն այսօր՝ անտանելի դեպքերից տասնվեց տարի անց, չի հիշում ադրբեջանցի այն պատանդի անունը, որին պահում էր իր տանը՝ նկուղում: «Սիրտը կոտրված մարդ էր, վախենում էր: Ես էի ամեն առավոտ հաց տալիս: Նա պատմում էր, որ 10 երեխա ունի, ավագը ծառայում է բանակում: Թեյի մեջ շաքար քիչ էր լցնում, ամաչում էր, վախենում էր»,-հեկեկալով պատմում է կյանքի մայրամուտին մոտեցած այս կինը:

Սոնիկ Խաչիկյանի որդին՝ 42-ամյա Խաչիկը, պատանդ է վերցվել դեռ Խորհրդային Միության ժամանակներում՝ 1990թ. հունիսի 25-ին, վարչականորեն Ադրբեջանի Ղազախի շրջանին պատկանող, իրականում Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի տարածք մխրճված ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղում: Մայրը պատմում է, որ 16 տարիների ընթացքում որդուց որեւէ տեղեկություն չի ստացվել, պատանդ տարվելու առաջին տարիներին Խաչիկի եղբայրը եւ հորեղբայրը քուն ու դադար չեն ունեցել եւ դիմել են բոլոր հնարավորություններին, բայց՝ ապարդյուն:

«Ի՞նչ ես մտածում, 16 տարի առաջ պատանդ տարված մարդուն հնարավո՞ր է ողջ գտնել»,-արտասվում է որդեկորույս մայրը: «Ադրբեջանցուն մերոնք բռնել եւ մեզ էին տվել, որպեսզի փոխանակենք Խաչիկի հետ: Բայց մի քանի ամիս պահելուց հետո կրտսեր որդիս նրան տարավ սահման, բաց թողեց: Միայն խնդրեցինք, որ գնա եւ փորձի Ադրբեջանում տեղեկություններ հավաքի Խաչիկի մասին ու մեզ մի ձեւով տեղեկացնի: Նրանից որեւէ տեղեկություն չստացվեց»,-պատմում է Սոնիկ Խաչիկյանը:

Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղը սեպի նման խրված էր հայկական Ոսկեպար, Ոսկեւան եւ Բաղանիս գյուղերի միջեւ, այդ եւ ադրբեջանական Ներքին Աքսիպարա բնակավայրերով էր անցնում Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան-Թբիլիսի մայրուղին: Հայկական ուժերը 90-ականների սկզբներին վերահսկողության տակ առան ադրբեջանական այդ երկու գյուղերը: Պատերազմի տարիներին եւ 1994թ. զինադադարից հետո այս տարածքներում տասնյակ մարդիկ են սպանվել նշանառուների գնդակներից: Թերեւս, հայ-ադրբեջանական ավելի քան 500 կմ սահմանի միակ հատվածը հենց այստեղ է, որ ադրբեջանական զինուժի դիրքերը ռազմավարական առումով գերազանցում են հայկականին: Պատերազմի տարիներին այս տարածքներն ականապատվել են, մոտակա բարձունքներից սարսափելի ռմբահարվել են հայկական Բարեկամավան, Կոթի, Ոսկեւան, Բաղանիս, Ոսկեպար գյուղերը:
ձախից՝ Սասուն, Վաչիկ

16 տարի առաջ պատանդ տարված Խաչիկ Խաչիկյանի միջնեկ որդին՝ Վաչիկը, դպրոցական տարիքում տնամերձ այգում գտնում է ականանետի չպայթած փամփուշտ, բերում է տուն եւ դանակով քչփորում: Փամփուշտի պայթյունից դպրոցականը կորցնում է ձեռքը եւ աչքը: Խաչիկի կրտսեր որդին՝ Սասունը ծառայում է հայկական բանակում, ողջ-առողջ վերադառնում տուն: Երկու տարի առաջ Սասունը սահմանամերձ շրջանում իրենց միակ կովն արածեցնելիս «հանդիպում» է ցանված ականներից մեկին: Երիտասարդ տղան ականի պայթյունից տեղում կորցնում է ոտքը, արյունաքամ, սողալով հասնում ճանապարհին եւ օգնություն խնդրում անցնող մեքենաներից:

Արյունաքամ Սասունին ավտոմեքենայով Նոյեմբերյանի հիվանդանոց հասցրած Սիրակ Սահակյանին ապշեցրել էր երիտասարդի կամքի ուժը. «Ականի վրա պայթելուց հետո նա իրեն չէր կորցրել: Պատռել էր «վեշ-մեշոկը» եւ կապել ոտքը: Մինչեւ հիվանդանոց հասցնելը Սասունն ասում էր' բան էլ չի եղել, մի վախեցեք: Մե՛զ էր ասում՝ մի վախեցեք»:

Ականների պայթյունները, ռմբահարումները, պատանդներ վերցնելը, ընդհանրապես պատերազմը առաջին հերթին հարվածում է սահմանամերձ տարածքների բնակիչներին: Խաչիկյանների ընտանիքը դրանցից ընդամենը մեկն է: Պատերազմը, ողբերգությունը չեն ճանաչում ո՛չ սահմաններ, ո՛չ ազգություն:

Ոսկեւանին հարեւան եւ նրան կպած Բաղանիս հայկական գյուղում է բնակվում Լալա Սահակյանը կամ Ադիգյոզալովա Համավախ Սաֆար կըզըն (օրիորդական անունն է): Նա հիշում է ամուսնու՝ Դերենիկ Սահակյանի սպանությունը իրենց տան այգում: «Դիակը պահում էինք նկուղում, որովհետեւ գյուղի վրա ադրբեջանցիները կրակ էին թափում: Մի քանի հարեւաններով Դերենիկին տարան, թաղեցին»,-ասում է Լալան:

«Հայրս սպանվեց 1992թ. հունիսի 8-ին, մեղվի փեթակի մոտ: Մենք մեղուներ շատ ունեինք, «պոստից» նոր էի իջել տուն: Մինչեւ շտապօգնությունը եկավ, հայրս արդեն սառել էր»,-ասում է Դերենիկ եւ Լալա Սահակյանների որդին՝ 34-ամյա ազատամարտիկ, այժմ կոշկակար Անդրանիկը:

20 տարեկանում Անդրանիկը գնում է բանակ՝ Մեղրի: Ապա, իր ցանկությամբ, Ղարաբաղ' հետեւում ունենալով պատերազմի փորձ հայրենի գյուղում: Պատերազմով' մահվան կողքով անցած մարդիկ զարմանալի սիրտ ու հոգի ունեն: Ամենադաժան բաները նրանք պատմում են մի տեսակ հեգնախառն ծիծաղով, որն այնքան էլ նման չէ սովորական ծիծաղի:

«Էդ ժամանակ ուժեղ կռիվներ էին: Հորադիզում վիրավորվեցի ու կորցրի ոտքս: Իմ կողքին երկու տղաներ կային Գորիսից՝ երկուսին էլ արկը մաս-մաս արեց»,-հիշում է Անդրանիկը:

Հիմա Անդրանիկը Բաղանիսի ամենալավ կոշկակարն է: Այս արհեստը սովորել է պատերազմից հետո: Ամուսնացել է, ունի լավ ընտանիք ու 2 տղա՝ 9-ամյա Դերենիկն ու 7-ամյա Եգորը: Անդրանիկի նմաններն են, որ պաշտպանել եւ պիտի պաշտպանեն երկիրը, եւ ոչ թե ուսադիրների տակ տռզած գեներալները:

Սահակյանների ընտանիքը, ինչպես Բաղանիսի մյուս ընտանիքները, դժվար է ապրում: Դեռ մի քանի տարի առաջ պատերազմի հաշմանդամ Անդրանիկին օգնություն էին տալիս: Վերջերս նա պարգեւատրվել է արիության մեդալով: Բայց այս համեստ ընտանիքը փող չի ուզում, նրա ուզած միակ բանը խաղաղությունն է: Եվ ոչ միայն նրանց համար:

Բաղանիսի հողատարածքները սահմանին մոտ են: Հայ-ադրբեջանական սահմանակռիվների ժամանակ տասնյակ մարդիկ են սպանվել, վիրավորվել, պատանդ վերցվել: Պատերազմը շատ ընտանիքների է դժբախտություն պատճառել: Հիմա էլ գյուղացիները վախով են մշակում հողը: Սահման կոչվածի մասին յուրաքանչյուր ոք իր պատկերացումներն ունի: Անդրանիկի մոր՝ Լալայի համար (նա հայերեն շեշտադրումներով է խոսում, ճիշտ է, կիսով չափ մոռացել է հարազատ ադրբեջաներենը, որովհետեւ վերջին անգամ այդ լեզվով խոսել է 1990թ., երբ իր հայրական տունը դեռ կանգուն էր ադրբեջանական Բաղանիս-Այրումում, որտեղ ապրում էին նրա հարազատները) սահմանը միայն իր հորական ավերված տունը չէ: Այս դժբախտ եւ բարի ադրբեջանուհին իր կյանքի մի մասը եւ հարազատներին թողել է սահմանի այն կողմում: Նա կյանքում երկու անգամ անիծել է իր ազգակիցներին՝ երբ կրակոցից մեղվի փեթակի մոտ սպանվեց իր ամուսինը, եւ մեկ էլ' երբ արձակված արկից սիրելի որդին՝ Անդրանիկը, կորցրեց ոտքը:

Լալան հիշում է, որ Դերենիկի հետ ամուսնացել է 1966թ. ամռանը, երբ ընդամենը 19 տարեկան էր ու հայերեն բառ չգիտեր: Դերենիկը Երեւանում բաժանվել էր հայ կնոջից, վերջինիս մոտ թողել 3 երեխաներին, իսկ 4-րդին՝ Գառնիկին, իր հետ բերել հայրական տուն:

«Մենք' 12 եղբայրներ ու 2 քույր, միասին Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում գյուղում էինք ապրում: Իմ հայրն ընտանիքը թողել-գնացել էր, մեկ-մեկ էր տուն գալիս: Դերենիկը թուրքերեն շատ լավ գիտեր, նրա հոր եւ իմ հոր ընտանիքները «դոստեր» էին»,-հիշում է Լալան:

Ադրբեջանական Բաղանիս-Այրումը եւ հայկական Բաղանիսը մի քանի հարյուր մետր են միմյանցից հեռու, առաջինը Ղազախի շրջանում է, երկրորդը՝ Նոյեմբերյանի: Խորհրդային լավ, բարի համարվող ժամանակներում «դոստ» պահելու սովորություն կար, այսինքն՝ հայ եւ ադրբեջանցի 2 ընտանիքներ ծանոթանում էին, բարեկամություն անում:

«Մի օր Դերենիկը մեզ իր «Զապ»-ով տարավ Ղազախի շուկա' իբր առեւտուր անելու: Այնտեղ էլ ասաց՝ հայ չե՞ս ուզի: Պատասխանեցի՝ ինչո՞ւ չեմ առնի: Հետո ասաց՝ ինձ չե՞ս ուզի: Ղազախի շուկայից նա ինձ բերեց իրենց տուն: Դերենիկն այդ ժամանակ 45 տարեկան էր, Գառնիկը 5-րդ դասարանում էր, միասին պահեցինք, բանակ ուղարկեցինք: Վերադառնալուց հետո գնաց հարազատ մոր մոտ՝ Երեւան»,-ասում է Լալան:

Բաղանիսցիները խաղաղություն են ուզում, որովհետեւ ուզում են հանգիստ ապրել, ուզում են հող մշակել եւ չսպանվել իրենց հողում: Խաղաղություն է ուզում նաեւ ադրբեջանուհի Լալան, ով Դերենիկի հետ ամուսնանալուց հետո 3 զավակ է ունեցել: Խաղաղությունը նա կարող է կապել իր անցյալի ու հարազատների հետ, որոնց թողել է սահմանի այն կողմում:

«Աղջկաս՝ Արմինեին, ամուսնացրել եմ թուրքի հետ պատերազմից առաջ: Վերջին անգամ մենք հանդիպել ենք 1988-ին: Դրանից հետո ոչ իմ աղջկանից, եւ ոչ էլ իմ հայրական ընտանիքի անդամներից տեղեկություն չունեմ: Միգուցե եղբայրներս սպանվել են պատերազմի ժամանակ, չգիտեմ, կարոտում եմ: Շատ եմ ուզում երազում տեսնել բարեկամներիս, բայց նրանք ինձ երազ չեն գալիս»,-լալիս է Լալան:

Նոյեմբերյանի տեղական հեռուստաընկերությունը տարիներ առաջ այս անբախտ ադրբեջանուհու մասին մի ռեպորտաժ էր պատրաստել: Սոնիկ Խաչիկյանը մոտիկից ճանաչում է ադրբեջանուհուն եւ տեսել է նրա մասին պատրաստված հեռուստանյութը:

«Դժբախտ կին է»,-ասում է նա:

Բաղանիս-Ոսկեւան-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter