HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վարկային ծրագրով նախատեսված 5 ավագ դպրոց չի հիմնանորոգվի. «վատ պլանավորման» հետևանքը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի միջոցներով այս տարի Հայաստանում կսկսվի 7 ավագ դպրոցի հիմնովին վերանորոգումը։

«Մեր նպատակն է, որ մեր երեխաները այլևս չհաճախեն ահա այսպիսի վիճակում գտնվող դպրոցներ, և փուլ առ փուլ գնալու ենք այդ ճանապարհով», - գրել էր նախարարը՝ տեղադրելով դպրոցների լուսանկարները։

Ա. Հարությունյանի գրառումը բազմաթիվ հավանությունների արժանացավ, տարածվեց, նաև քննարկումների առիթ դարձավ, մարդիկ կային` շնորհակալություն էին հայտնում նախարարին նախաձեռնության համար։

Իրականում նախարարի այս գրառումը պաշտոնապես տեղեկացնում էր, որ ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագիրը իրականացվելու է կիսատ։

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որով իրականացվելու է նախարարի նշած 7 դպրոցի հիմնանորոգումը, հանրապետությունում նախատեսում էր 17 ավագ դպրոցի հիմնանորոգում։

Դրանցից 5-ի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Մնում էր 12-ի հիմնանորոգման հարցը։ Բայց Արայիկ Հարությունյանի գրառումը պաշտոնապես ազդարարեց՝ հիմնանորոգվելու է միայն 7-ը։

Ստացվում է՝ նախատեսված 17-ից հիմնանորոգվելու է միայն 12-ը, բայց մարդիկ շնորհակալություն են հայտնում: Իհարկե, պատճառը կոնտեքստից դուրս տեղեկություն հաղորդելն է:

ԿԳ փոխնախարար. «Դա վատ պլանավորման արդյունք է»

«Կրթության բարելավում» վարկային ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը։ Այն հաստատվել է 2014թ.-ին, ըստ ծրագրի նախնական պլանի՝ պետք է հիմնանորոգվեին հանրապետության 17 ավագ դպրոց։ Յուրաքանչյուր դպրոցի հիմնանորոգման միջին արժեքը պետք է կազմեր մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։

Դեռ 2016թ.-ից կառավարությունն իր տարեկան հաշվետվությամբ «հասկացրեց», որ բոլոր 17 դպրոցները չեն հիմնանորոգվելու։ Այդ ժամանակ արդեն մեկնարկել էին 5 դպրոցների շինարարական աշխատանքները, և կառավարությունը տեղեկացնում էր, որ մնացած 12-ի համար նախատեսված գումարը չի բավականացելու։

Ծրագիրն իրականացնող պետական կառույցը Կրթության և գիտության նախարարությունն է՝ ի դեմս նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ)։

Այն ժամանակ պարզաբանումներ փորձեցինք ստանալ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանից, ով ծախսերի ավելացման հստակ պատճառները չասաց՝ նշելով, թե դրանք դեռ ուսումնասիրում են։ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար Հասմիկ Ղազարյանը բացատրեց, թե սկզբում մոտավոր հաշվարկ էին արել, և հետագայում է պարզվել շինարարական աշխատանքների իրական ծավալը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն էլ պարզաբանեց, որ սկզբում նախատեսված է եղել նորոգում առանց սեյսմակայուն կոմպոնենտի, հետագայում՝ դպրոցների վիճակն ուսումնասիրելուց հետո, որոշվել է կատարել սեյսմակայուն շինարարություն, որը բարձրացրել է հիմնանորոգման գինը։

Օրեր առաջ մեզ հետ զրույցում ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն ասաց, որ ուսումնասիրել են վարկային ծրագրով հիմնանորոգվող ավագ դպրոցների կրճատման հարցը։

«Սեյսմակայունություն խնդիր են ունեցել դպրոցները, սեյսմակայունության խնդիրը հաշվի առնված չի եղել: Նույն պատմությունը եղել է մեկ այլ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում քոլեջների մասով. 8-ն էին ընդգրկել, հետո դարձրել ենք 4-ը, որովհետև սեյսմակայունությունը հաշվարկած չէր։ Ու այդ սեյսմակայունությունը երկու անգամ շինարարության գինն ավելացնում է։ Դա վատ պլանավորման հետևանք է»,- ասաց փոխնախարարը։

Հարցին, թե ինչպես նախապես հաշվարկված չի եղել սեյսմակայունության կոմպոնենտը և ինչու է հետո դարձել ծախսերի աճի պատճառ, փոխնախարարը պատասխանեց՝ վարկի նախնական ծրագիրը, որը ենթադրում էր 17 դպրոցի հիմնանորոգում, կազմվել է նախքան քաղաքաշինության նախարարի այն հրամանը, որը պարտադիր պահանջ էր դարձնում սեյսմակայունության չափանիշը։ Փոխնախարարը նշեց, որ դա ասում է՝ ըստ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՀԲ-ի տված զեկույցների։

Հարցին՝ արդյո՞ք կատարել են ծրագրի ծախսերի խորքային ուսումնասիրություն, խոսե՞լ են նախագծողների հետ, Արևիկ Անափիոսյանն ավելացրեց. «Եթե դրա կարիքը լինի, և դրա մեջ քրեական տարրեր լինեն, էդ դեպքում արդեն համապատասխան մարմինները կնայեն, ես իմ առօրյայում, եթե անկեղծ ասեմ, դրա հետևից գնալու ժամանակը չունեմ, որովհետև այն բարեփոխումները, որը մեզնից ակնկալում են, էլի կգնա եսիմ որերորդ պլան»։

Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Հայաստանի ամենախոշոր կրթական ֆինանսական աջակցություններից մեկն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37,5 մլն ԱՄՆ դոլար։ 17 ավագ դպրոցի հիմնանորոգման համար նախատեսված էր 18 մլն ԱՄՆ դոլար: Նշված գումարով այժմ նախատեսվում է 12 դպրոցի հիմնանորոգում, ինչը նշանակում է՝ միջինը շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար՝ ամեն դպրոցին:

Մինչև փոխնախարարի հետ զրույցը գրավոր տարբերակով նույնաբովանդակ պարզաբանում էր մեզ տվել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը։ Ըստ Գ. Հովհաննիսյանի՝ ուսումնական հաստատության սեյսմազինվածության բարձրացումը պարտադիր պահանջ է դարձել ծրագրի գնահատումից և հիմնական փաստաթղթերի մշակումից ու փոխհամաձայնությունից հետո։ Այսպես, ըստ ԾԻԳ-ի ղեկավարի, այդ փաստաթղթերը, որոնք նախատեսել են 17 դպրոցի հիմնանորոգում, մշակվել և փոխհամաձայնեցվել են 2014թ. փետրվարի 18-ին, իսկ քաղշին նախարարի՝ սեյսմակայունությունն ավելացնող և ծախսերը մեծացնող թիվ 87-Ն հրամանը ուժի մեջ է մտել հետո՝ նույն տարվա մայիսին։

Եթե իսկապես 2014թ. այս հրամանը ծրագրի նախնական պլանի վրա այնքան է ազդել, որ ծախսերը միանագամից աճել են, ապա միանգամից պետք է կասկածի տակ դրվեր հիմնանորոգվող դպրոցների թիվը։ Սակայն ԾԻԳ-ի պաշտոնական կայքում ոչ միայն այդ տարի, այլ հաջորդ երեք տարիներին հաղորդագրությունների տեսքով անընդհատ հանրությանը տեղեկացվել է, որ հիմնանորոգվող դպրոցների քանակը լինելու է 17։

Սա հատված էր ԾԻԳ-ի 2017թ. փետրվարի 2-ի հրապարակումից, որը ներկայացնում էր նախորդ տարվա հաշվետվությունը. «Մեկնարկել են վարկային ծրագրով նախատեսվող հիմնանորոգման ենթակա 17 ավագ դպրոցից 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են համաձայն աշխատանքային ժամանակացույցերի»։

Այս հրամանից հետո հազարավոր դոլարներ ծախսվել են անարդյունավետ. քրգործ չի հարուցվել

Հիմնանորոգվող առաջին հինգ դպրոցի նախագծերի կազմման առաջին պայմանգիրը կնքվել է «Ինժեներ լիգա» ընկերության հետ, ըստ ՀԲ-ի պաշտոնական փաստաթղթերի՝ պայմանագրի գումարը կազմել է 7,6 միլիոն դրամ։ Պայմանագիրը ընկերության և ԾԻԳ-ի միջև կնքվել են 2015թ. հոկտեմբերին, այսինքն՝ այն ժամանակ, երբ քաղաքաշինության նախարարի հրամանով սեյսմակայուն շինարարությունը արդեն պարտադիր նորմ էր դպրոցների համար։ Սակայն պարզվում է՝ ընկերությունը ոչ ճիշտ նախագծեր է կազմել։

ԾԻԳ-ը գումարը վճարել է ընկերությանը, սակայն նախագծերն այդպես էլ չի ընդունել՝ պայմանավորված որոշ փոփոխություններով, որով դպրոցները ոչ թե «վերանորոգվելու, այլ հիմնանորոգվելու են»։ Վերահսկիչ պալատի 2016 թ. հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այս 7,6 միլիոն դրամը ընկերության հետ կնքված պայմանագրի ընդամենը փոքր մասն էր, պայմանագրի ամբողջ գումարը կազմել է 38 միլիոն դրամ և ամբողջությամբ վճարվել է վարկի նախապատրաստման դրամաշնորհից։

«Հետք»-ը 2017թ. հարցում ուղարկեց դատախազություն՝ պարզելու արդյոք Վերահսկիչ պալատի բացահայտումների ուսումնասիրություն կատարվել է, թե ոչ։ Դատախազությունը տեղեկացրեց, որ հաղորդում է ներկայացվել ԿԳՆ՝ արձանագրված խախտումները վերացնելու և արդյունքների մասին դատախազությանը հայտնելու վերաբերյալ։ Այսքանը։ Հազարավոր դոլարների աննպատակ ծախս կատարելու համար որևէ քրեական գործ չի հարուցվել։ Հետագայում նույն դպրոցների նախագծման համար պայմանագիր կնքվեց «Բաբայան-ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի հետ։

Ո՞ր դպրոցները չեն հիմնանորոգվելու. համաչափության սկզբունքը չի պահպանվել

«Հետք»-ը 2017թ. կրթության և գիտության նախարարությունից գրավոր հարցմամբ ստացել էր այն ավագ դպրոցների ցանկը, որոնցում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել հիմնանորոգում:

Դրանք հանրապետության տարբեր մարզերի 17 դպրոցներ էին: Դրանցից հինգի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են. «Կրթական ծրագրերի կենտրոն»-ը մեզ տրամադրել է Արարատի, Հրազդանի, Մարտունու, Մեծամորի, Նոյեմբերյանի ավագ դպրոցների շիանարարության ավարտական ակտերը (շահագործման թույլտվություն):

Նախարար Հարությունյանի հայտարարած հաջորդ 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթներն արդեն բացվել են: Շուրջ 37 կազմակերպություններ հայտ են ներկայացրել Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցների, Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան, Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1, Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոցների, Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի (նախկին 17 դպրոց), Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի հիմնանորոգման աշխատանքների համար:

Արդյունքում այս վարկային ծրագրով չեն հիմնանորոգվելու նախնական ցանկում առկա Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5, Սևանի Խ. Աբովյանի անվան, Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139, Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 դպրոցները:

Նշենք, որ ԿԳ նախարարի 2015թ. փետրվարի 9-ի 70-Ա/Ք հրամանով հաստատվել էր «Կրթության բարելավում» ծրագրի գործառնական ձեռնարկը: Ըստ դրա՝ վարկային ծրագրով նախատեսված էր վերանորոգել մոտ 17 ավագ դպրոց, որոնց թվում պետք է ներառվեր առնվազն 1 դպրոց յուրաքանչյուր մարզից:

Սակայն ծրագրից փաստորեն դուրս են մնում Արագածոտնի և Լոռու մարզերը: Փոխարենը Գեղարքունիքի և Շիրակի մարզում կլինի այս ծրագրով հիմնանորոգված երկու, իսկ մայրաքաղաք Երևանում՝ 3 կրթական հաստատություն:

Ծրագրից դուրս մնացած 5 դպրոցների հիմնանորոգման համար, ըստ ԾԻԳ-ի մեզ տված պատասխանի, Համաշխարհային բանկը չի նախատեսում հավելյալ վարկավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter