
Լևոն Երանոսյանի գործը դատարանում է
Լևոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Երանոսյանի գործի նախաքննությունն ավարտվել է:
Երանոսյանին մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել է մարմնական վնասվածքներ:
Մեկնաբանել