
BBC-ն ներողություն է խնդրել Պորոշենկոյից՝ նրա և Թրամփի հանդիպման մասին կեղծ տեղեկություն հրապարակելու համար
Բրիտանական հեռարձակման ընկերությունը (British Broadcasting Corporation, BBC) ներողություն է խնդրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից և պատրաստակմություն է հայտնել փոխհատուցում վճարել՝ նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին կեղծ տեղեկություն հրապարակելու համար:
2018թ. մայիսին BBC-ն հոդված է հրապարակել այն մասին, որ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը Պորոշենկոյի շահերը ներկայացնող միջնորդներից իբրև թե ստացել է 400 հազար դոլար գումար՝ Ուկրաինայի նախագահի հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ կազմակերպելու համար:
2018-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Պյոտր Պորոշենկոն դատական հայց է ներկայացրել ընդդեմ BBC-ի: Ուկրաինայի նախագահի փաստաբանները հայտարարել էին, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Հայցադիմումի համաձայն՝ այդ հոդվածը վնաս է հասցրել Պորոշենկոյի հեղինակությանը, մասնավորապես այն համատեքստում, որ նա Ուկրաինայում ակտիվ հակակոռուպցիոն պայքար է մղում:
Գործը քննվել է Լոնդոնի բարձրագույն դատարանում, որի որոշմամբ էլ BBC-ն ստիպված եղավ ներողություն խնդրել Ուկրաինայի նախագահից:
«Մենք ուրախ ենք խոստովանել, որ հրապարակման մեջ առկա պնդումները ճիշտ չէին: Մենք ներողություն ենք խնդրում պարոն Պորոշենկոյից՝ հասցված վնասի համար, և պատրաստ ենք փոխհատուցել նրա կորուստներն ու դատական ծախսերը: Մենք նաև մասնակցություն ենք ունեցել դռնբաց դատական նիստի ընթացքում արված համատեղ հայտարարությանը»,- նշել է BBC-ի փաստաբանը:
Հավելենք, որ Պյոտր Պորոշենկոյի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ հրապարակումը BBC-ի բոլոր ռեսուրսներից հեռացվել է:
Մեկնաբանել