HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՍԴ-ի մասին օրենքում փոփոխություններն ընդդիմադիրների համոզմամբ Վահե Գրիգորյանի համար են. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքը

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը: Առաջարկվում է օրենքում ամրագրել, որ եթե ՍԴ դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։ Այս դրույթն էլ խորհրդարանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նույն անձին որպես ՍԴ դատավորի թեկնածու մի քանի անգամ առաջադրել։ Հարցի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքեց, եթե որևէ անձ մի անգամ չի ընտրվել խորհրդարանի կողմից որպես ՍԴ դատավոր, ապա չկա որևէ սահմանադրական արգելք, որ նույն անձին նույն սուբյեկտը չի կարող ներկայացնել նույն կամ այլ խորհրդարանի։ Զեյնալյանի խոսքով՝ չի կարող իրավաչափ համարվել, որ խորհրդարանի կողմից չընտրված նույն անձը կրկին չկարողանա առաջադրվել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ասաց, որ նախագիծն այն տեսքով չի ներկայացվել, որը որոշվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Տեղեկացնենք, որ հանձնաժողովի նիստում վիճաբանություն էր սկսվել ՍԴ դատավորի ընտրության հարցի վերաբերյալ, և ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ մեկ անգամ ներկայացված և չընտրված թեկնածուն չի կարող ներկայացվել որպես թեկնածու, քանի որ դա կլինի անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մի քանի րոպեով դուրս եկան նիստերի դահլիճից՝ քննարկումների։

Ապա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, դիմելով արդարադատության նախարարին, խնդրեց «շարքային մահկանացուների համար» հասկանալի ներկայացնել, թե փոփոխություններն ինչին են վերաբերում։ Զեյնալյանը կրկնեց՝ միևնույն սուբյեկտն իրավունք ունի ՍԴ դատավորի թեկնածու լինել, և եթե նա չի ընտրվել, սահմանադրության մեջ չկա որևէ արգելք, որ նույն անձնավորությունը նորից չի կարող առաջադրվել թե նույն, թե այլ խորհրդարանում։

Հարցի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ օրենքի փոփոխություններն ավելի շատ ամրագրված ժամկետները հստակեցնելուն և որոշակի տեխնիկական թերությունների շտկումներին են վերաբերում։

«Տրամաբանական չէ, որ իքս պաշտոնում անընդհատ նույն մարդուն են ներկայացնում, սա իրոք անհարգանք է այդ կառույցի նկատմամբ, բայց չպետք է մոռանանք, որ խոսքը գնում է երկարատև գործընթացի մասին, խորհրդարանի գումարումեր են փոխվում, և առհասարակ նույն անձի առաջադրման արգելք որևէ նորմատիվ իրավական ակտում չեմ տեսել»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ կերպ սահմանափակվում է տվյալ քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը։

Պատգամավորները հարցեր էին հղում այն մասին, որ նախկին խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել փաստաբան Վահե Գրիգորյանը, հնարավո՞ր է, որ նա նորից առաջադրվի։ Վարդանյանն արձագանքեց, որ նման խնդիր այսօր չկա, քանի որ հանրապետության նախագահն արդեն իսկ թեկնածու է առաջադրել, և նա Գոռ Հովհաննիսյանն է։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքեց՝ ստացվում է, որ եթե Գոռ Հովհաննիսյանը չընտրվի, նա դառնալու է հին թեկնածու, իսկ Վահե Գրիգորյանը նո՞ր։

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նույն անձը նույն գումարման խորհրդարանում չի կարող առաջադրվել մի քանի անգամ, դա իսկապես որոշակի վերաբերմունք կլինի խորհրդարանի նկատմամբ, սակայն տեսականորեն չբացառեց, որ նույն անձին տվյալ սուբյեկտը մի քանի անգամ առաջադրի։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ Վահե Գրիգորյանն այս գումարման խորհդարանում կարո՞ղ է ներկայացվել որպես ՍԴ դատավոր։ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց այդ հարցը հանրապետության նախագահին հղել, քանի որ նա է այն սուբյեկտը, որը ՍԴ դատավոր է առաջադրելու։

Բագրատյանը շարունակեց՝ Վահե Գրիգորյանը չէ, այլ միստր իքսը, որը նախորդ խորհրդարանում չի ընտրվել, այս խորհրդարանում կարող է առաջադրվել, թե ոչ։

Վարդանյանն արձագանքեց, որ եթե վերջինս բավարարում է ՍԴ դատավոր լինելու պահանջներին, ապա տեսականորեն հնարավոր է։

Ի վերջո հարցն առաջին ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության, և ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կներկայացվի վաղը։

Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանը 30 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ որպես ՍԴ դատավոր։

 

Լուսանկարը՝ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter