HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Ականները պաշտպանում են սահմանը

Հարցազրույց Հակահետեւակային ականների արգելման Հայաստանի ազգային կոմիտեի կոորդինատոր, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ

1988թ.-ից մինչեւ 1994թ.-ը Հայաստանի, Ադրբեջանի, նախկին ԽՍՀՄ զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ դրան հարող տարածքներում տեղադրել են մեծ քանակի հակահետեւակային ականներ եւ պայթուցիկ սարքեր: Հակամարտության ընթացքում տարածքներն ականապատվել են առանց քարտեզագրման: Հաճախ դա արել են հատուկ ինժեներական պատրաստվածություն չունեցող մարդիկ: Ականների հայտնաբերման աշխատանքները դժվարացնում է նաեւ այն հանգամանքը, որ որոշ տարածքներ զինված գործողությունների ընթացքում եղել են մերթ հայկական, մերթ ադրբեջանական վերահսկողության տակ:

- Ե՞րբ սկսվեց հակահետեւակային ականների ոչնչացմանն ուղղված շարժումը Հայաստանում եւ ի՞նչ ընթացք ստացավ:

- Հակահետեւակային ականների հիմնահարցը մտահոգում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին: Դրանք միշտ օգտագործվել են տարբեր պատերազմների ժամանակ, եւ պետք է ասեմ, որ հիմնականում ականների պատճառով ավելի շատ տուժել է խաղաղ բնակչությունը: Հետեւանքները կանխելու համար աշխարհում ձեւավորվեց հակահետեւակային միջազգային շարժում, որի անդամ են 1200-ից ավելի կազմակերպություններ: Ի դեպ, 1997թ. այդ նախաձեռնությունն արժանացավ Նոբելյան մրցանակի: Նույն թվականի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ հակահետեւակային ականների վերաբերյալ ԱՊՀ երկրների առաջին խորհրդաժողովը: Որպես համակազմակերպիչ' այդ խորհրդաժողովին մասնակցեց նաեւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան: Այնտեղ առաջին անգամ մենք ականատես եղանք, թե ինչպե՞ս է համաշխարհային հանրությունը վերաբերվում այդ խնդրին, ի՞նչն է առաջնային, եւ ի՞նչ առաքելություն ունի Օտտավայի կոնվենցիան: Այն ստորագրած երկրները պարտավորվում են չօգտագործել հակահետեւակային ականներ եւ հաջորդ տասը տարիների ընթացքում ականազերծել իրենց տարածքները:

- Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն այս հարցում:

- Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ հնարավոր չի համարում կոնվենցիային միանալը, քանի դեռ լուծված չեն երկրի անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները: Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը, եթե այն միաժամանակ ստորագրեն տարածաշրջանի բոլոր երկրները' Ադրբեջանը, Վրաստանը , Իրանը, Թուրքիան:Համենայնդեպս, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու հիմնախնդրի առանձին հայեցակետերը եւ գործել միջազգային իրավական նորմերի շրջանակներում: Անցած տարի համաձայնագրին միացել է Թուրքիան, մյուս երկրներն առայժմ նման ցանկություն չեն հայտնել: Նման պայմանականությունների պատճառն այն է, որ ականապատված սահմանները մերձակայքի բնակչության անվտանգության կարեւոր գործոն են: Այսինքն' հակահետեւակային ականներն ինչ-որ տեղ սահմանագծի պատնեշներն են: Սակայն, ինչ վերաբերում է սահմանային գծից ներս ընկնող տարածքներին, որոնք մարտական գործողությունների ժամանակ նույնպես ականապատվել են, ապա դրանք, միանշանակ, պետք է ականազերծվեն: Դա շատ կարեւոր է, քանի որ գյուղացիները հնարավորություն կստանան սեփականաշնորհելու եւ օգտագործելու այդ ականազերծված հողատարածքները: Ներկայումս Հայաստանի տասը մարզերից հինգը (Տավուշ, Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք եւ Արարատ) ականային հիմնախնդիր ունեն: ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով' ականապատված տարածքները կազմում են մոտ 840 քառ. կմ, որտեղ վնասազերծված չեն շուրջ 6-8 հազար ֆուգասային եւ բեկորային հակահետեւակային ականներ: Պաշտպանության նախարարության կողմից նախկինում հաշվառված եւ նոր հայտնաբերված ականային դաշտերն արձանագրված են: Այդ տարածքները ցանկապատված են, կան նախազգուշական նշաններ: Ըստ պաշտոնական տվյալների' Հայաստանի եւ Ադրբեջանի 900 կմ ձգվող շփման գծի երկայնքով տեղադրված է 50-80 հազար ական:

- Ի՞նչ կոնկրետ քայլեր են նախաձեռնված ոչ սահմանամերձ տարածքներն ականազերծելու համար:

- Վերջին 4-5 տարիների ընթացքում պետական մարմիններն ու հասարակական կազմակերպությունները սկսեցին լրջորեն հետաքրքրվել այս հարցով: Ֆինանսական դժվարությունների պատճառով Հայաստանը չկարողացավ միայն իր սեփական ուժերով եւ ռեսուրսներով իրականացնել ականազերծման լայնամասշտաբ աշխատանքներ: Ականազերծման լիակատար աշխատանքները հնարավոր դարձան սկսած 2000 թվականից' Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության պայմանավորվածության շնորհիվ: ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Հայաստանին հատկացված 4,3 մլն ԱՄՆ դոլար գումարով Էջմիածնում ստեղծվեց Մարդասիրական ականազերծման ազգային կենտրոն: Ներկայումս կենտրոնի կազմում կան բոլոր անհրաժեշտ բաժանմունքները' հետախույզներ, սակրավորներ, տեղեկատվության հավաքման մասնագետներ, կինոլոգներ, բուժանձնակազմ: 2001-2003թթ. ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում պատրաստվել եւ միջազգային նմուշի վկայական են ստացել 170 հայ սակրավորներ: Այժմ կենտրոնում կան 150-160 աշխատակիցներ: Կենտրոնը լիովին հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ունի 18 որոնող շուն: 2005 թվականին ընդհանուր հաշվով ականազերծվել է 252.503 քմ տարածք: Ականազերծման աշխատանքներն իրականացվում են ձեռքով: Հայաստանի կառավարությանը մարդասիրական ականազերծման նշանակալի օգնություն է ցույց տալիս նաեւ Եվրոպայի Հանձնաժողովի օժանդակությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, որոնք հնարավորություն կտան վերջնականապես գնահատել Հայաստանում ականային վիճակը: Բացի այդ, Հայաստանի կառավարությանը կից ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարը:

- Որքա՞ն տուժածներ են եղել մինչ այժմ, եւ ի՞նչ աջակցություն են ստացել:

- 1990-2004 թվականների ընթացքում հակահետեւակային ականների պատճառով վնասվել է 403 հոգի: Այս տվյալները տրամադրել է «Ինտերորտո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը նախկին պրոթեզավորման երեւանյան կենտրոնն է: Տվյալներ տրամադրել են նաեւ ուրիշ բժշկական հաստատություններ, որոնք վերջին տարիներին օգնություն են ցուցաբերել ականներից տուժած քաղաքացիներին: Պետք է ասեմ, որ տուժածների հաշվառման հարցում մի թերություն կա. Ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին չի գրանցվել, թե որ զենքն է մահվան կամ վիրավորվածության պատճառ եղել: Միակ հաշվառումն իրականացրել է այդ կենտրոնը, որտեղ, սակայն, գրանցված են միայն կենդանի մնացածները: Այժմ արդեն հնարավոր չէ պարզել, թե քանի հոգի է մահացել հակահետեւակային ականների պատճառով: Սահմանամերձ մարզերում բուժհաստատությունները կարող են որոշ չափով անհետաձգելի օգնություն ցույց տալ տուժածներին: Հեռավոր գյուղական շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում, որակավորում ունեցող կադրերի պակաս է նկատվում, շատ գյուղերում չկան նաեւ վնասվածքաբաններ: Սահմանամերձ հիվանդանոցները բավարար չափով հագեցած չեն ժամանակակից սարքավորումներով, չկան արյան փոխներարկման կետեր, բավարար չէ դեղորայքով ապահովվածությունը: Շատ կարեւոր է եւս մեկ հարց. չնայած հակահետեւակային ականներից բոլոր տուժածներն իրավունք ունեն լրիվ ծավալով օգտվելու անվճար բուժսպասարկումից, սակայն, իրականում, տուժածների մի մասը ստիպված է այս կամ այն չափով վճարել հետազոտման, բուժման եւ վերականգնման, նաեւ' դեղորայքի համար: Առաջնահերթ խնդիրներն են՝ սահմանամերձ շրջանների բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածության բարելավումը, բուժանձնակազմի հատուկ վերապատրաստումը հակահետեւակային ականներից տուժածներին համապատասխան օգնություն ցույց տալու համար, պրոթեզավորման հաստատություններին հատուկ մեքենաների հատկացումը տուժածներին Երեւան տեղափոխելու եւ հետագա բուժումն իրականացնելու համար, ինչպես նաեւ՝ սահմանամերձ շրջաններում վերականգնողական կենտրոնների ստեղծումը, լրիվ իրական անվճար բուժօգնության ապահովումը եւ հակահետեւակային ականներից տուժած խաղաղ բնակիչների թոշակների բարձրացումը:

- Որպես հասարակական կառույց ի՞նչ աշխատանք եք իրականացնում եւ ի՞նչ կարեւոր տվյալներ ունեք:

- Ամեն տարի մենք ականապատված տարածքներում կատարում ենք ուսումնասիրություններ: Տարբեր տարիներին ականային վիճակի գնահատում իրականացվել է Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում: Ամեն մի ուսումնասիրությունից հետո կազմում ենք զեկույցներ: 2005 թվականի ընթացքում իրականացրել ենք հարցում Տավուշի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի 250 բնակիչների շրջանում: Հարցվածների 84,7%-ը հաստատում է բնակավայրում ականների առկայությունը: Ուզում եմ նշել եւս մի կարեւոր հանգամանք. մարդիկ շատ ցածր են գնահատում հակահետեւակային ականների եւ դրանց վտանգի կանխարգելման մասին իրենց գիտելիքները: 53%-ը համարում է, որ իրենց գիտելիքները բավարար չեն, մարդիկ չգիտեն' ու՞մ պետք է դիմեն ական հայտնաբերելիս, ինչպե՞ս պետք է վարվեն եւ այլն: Մարդիկ ավելի շատ տեղեկատվություն են ստանում այնտեղ, որտեղ Մարդասիրական ականազերծման կենտրոնը որոշակի աշխատանք արդեն իրականացրել է: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում երկար տարիներ չեն գործել այն կառույցները, որոնք կոչված են տեղեկատվական գործառույթներ իրականացնել բնակչության շրջանում: Անհրաժեշտ է դպրոցական ծրագրերում ավելացնել հատուկ կրթական դասաժամեր: Երեխաները չգիտեն, թե ի՞նչ տեսք ունի ականը, ինչպե՞ս պետք է զգուշանալ դրանից եւ անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս է պետք ցույց տալ առաջին օգնությունը: Ականների վնասազերծման հարցում, իմ կարծիքով, ոչ պակաս դերակատարում պետք է ունենան նաեւ Առողջապահության, Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ' Գյուղատնտեսության նախարարությունները: Այս նախարարությունների մասնակցությամբ պետք է մշակվեն այն ծրագրերը, որոնք կօգնեն բնակչությանը խուսափել վտանգներից, իսկ հարկ եղած դեպքում՝ ստանալ օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter