HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը կփոխհատուցի «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» պարտված գործով դիմումատուին պետք է վճարի 3600 եվրոյին համարժեք դրամ։

Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։  Փոխհատուցումը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունվարի 24-ին, հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 24-ն է:

Գործի փաստական հանգամանքները

Դիմումատուն, ամբողջ դրույքով անժամկետ պայմանագրային հիմունքներով աշխատելով Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում, ունեցել է 2 երեխա և  2009թ. մարտից սկսած յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերաբար ներկայացրել է դիմում՝ իր բացակայության տևողությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդն երկարացնելու համար:

2011 թվականի դեկտեմբերի 1-ին Բրիտանական խորհրդի տնօրենի հրամանով՝  դիմումատուի աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է: 2012 թվականի հունվարի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ա.Մ.-ն վարույթ է ընդունել դիմումատուի հայցադիմումը, որով վերջինս վիճարկում էր աշխատանքից ազատման հրամանը և պահանջում վերականգնում նախկին աշխատանքում:

Հունվարի 12-ին Բրիտանական խորհուրդը լիազորել է Ար.Մ.-ին և «Պրուդենս» ընկերության մեկ այլ իրավաբան Կ.Բ.-ին միասին կամ առանձին ներկայացնել իր բոլոր շահերը Հայաստանի բոլոր ատյանների դատարաններում:

2012 թվականի հուլիսի 9-ին դատավոր Ա.Մ.-ն մերժել է դիմումատուի հայցը՝ գտնելով, որ նրա աշխատանքից ազատումը եղել է օրինական:

Առաջին ատյանի դատարանի վարույթից հետո բացահայտվել է, որ դատավոր Ա.Մ.-ն և իրավաբան Ար.Մ.-ն երկվորյակ եղբայրներ են, իսկ «Պրուդենս» իրավաբանական ընկերությունը, որտեղ Ար.Մ.-ն և Կ.Պ.-ն հանդիսանում էին ավագ աշխատակիցներ, հիմնադրվել էր Ա.Մ.-ի և Ար.Մ.-ի ավագ քրոջ կողմից և ղեկավարվում էր նրա ամուսնու՝ Է.Մ.-ի կողմից:

2012 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վիճարկելով, որ դատավոր Ա.Մ.-ն իր գործի վերաբերյալ որոշում կայացնելիս չի ցուցաբերել անկողմնակալություն՝ վարույթում պատասխանողի օրինական ներկայացուցիչների հետ սերտ ընտանեկան կապերի պատճառով:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ չանդրադառնալով դատավորի անկողմնակալության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին: Դիմումատուի վճռաբեկ բողոքը դատարանը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գործը քննելով, նշել է, որ այնպիսի իրավիճակում, երբ կարող է առաջանալ կողմնակալության ենթադրություն կամ արտաքին հատկանիշ, պետք է բացահայտվի վարույթի սկզբում, կատարվի գնահատում՝ որոշելու համար արդյոք դատավորին գործից հեռացնելն իսկապես անհրաժե՞շտ է, թե՝ ոչ:

Սույն գործով որևէ նման բացահայտում տեղի չի ունեցել, և դիմումատուն պատասխանողի ներկայացուցչի և դատավորի միջև կապը բացահայտել է միայն առաջին ատյանի վճիռն ստանալուց հետո: «Այսպիսով ստեղծվել է կողմնակալության արտաքին հատկանիշ»,- նշել է դատարանը։

Այս գործով Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել առաջին ատյանի դատարանի վարույթի ժամանակ դատավոր Ա. Մ.-ի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին, հետևաբար բողոքարկման վարույթի արդյունքում առաջին ատյանում կողմնակալության արտաքին հատկանիշը չի վերացվել:

«Այսպիսով Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դատավոր Ա. Մ.-ի մասնակցությունը գործին առաջին ատյանի դատարանի վարույթը դարձրել է կողմնակալ, և այդ թերությունը բողոքարկմամբ չի վերացվել»,- նշել է ՄԻԵԴ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter