HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ՏՏ ոլորտի երկու կազմակերպության դրամաշնորհ տրամադրեց

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացման նպատակով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, առանց մրցույթի, որպես դրամաշնորհ կստանա մոտ 20 միլիոն դրամ, իսկ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»՝ 15 միլիոն դրամ։

Բացի այդ, տեխնոլոգիական կենտրոնների աջակցություն նպատակով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին կառավարության կողմից կփոխանցվի մոտ 150 միլիոն դրամ։

2019թ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման նպատակով կառավարությունը «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը» փոխանցեց նաև 1 միլիարդ 259 միլիոն դրամ։

Նման որոշումներ կայացրեց կառավարությունն այսօրվա նիստին՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով։

Գումարը կտրամադրվի նախարարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացող երեք ծրագրերի՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների», «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման» և «2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման» նպատակով։

Մինչև 2019թ. այս ծրագրերը ևս իրականացվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից: Նախարարությունը, հաշվի առնելով նրանց բացառիկության հանգամանքը, որոշել է 2019-ի ծրագրերի իրականացումը ևս նրանց վերապահել։

Նախարարությունը ընդգծել է, որ այս դեպքում պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ծրագրերի որոշ բաղադրիչներ համաֆինանսավորման ծրագրեր են։ Օրինակ՝ տարածքների վարձակալությունը, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ստարտափերի աջակցությունը, աշխատակիցների վարձատրությունը իրականացվում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից և պետական բյուջեից նշված ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների մրցութային կարգով տրամադրումը կարող է բացասական անդրադառնալ միջոցառումների լիարժեք և արդյունավետ իրականացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter