HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով 3600 եվրո փոխհատուցում կտրամադրի

Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով։ Որպես փոխհատուցում կառավարությունն ընկերությանը պետք է վճարի 3600 եվրոյին համարժեք դրամ։ Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից։

ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունվարի 24-ին, հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 24-ն է:

Գործի փաստական հանգամանքները

1990-ական թվականներից սկսած՝ դիմումատու ընկերությունը Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ից կանոնավոր գնել է մետաղական ջարդոն։

1999 թվականի փետրվարի 8-ին, 2000 թվականի ապրիլի 10-ին և 2003 թվականի ապրիլի 2-ին «Շոլց ԱԳ» և «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները ՍՊԸ-ի հետ կնքել են երեք պայմանագիր։ Դրանց համաձայն «ՔեյԲիՔեյԷս»-ն և դիմումատու ընկերությունը պետք է ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց։ Համաձայն 2003 թվականի ապրիլի 2-ի պայմանագրի՝ դրա կատարումից բխող ցանկացած վեճ և հակասություն պետք է կարգավորվեր բանակցությունների միջոցով՝ փոխադարձ շահավետ լուծման հասնելու նպատակով, հակառակ դեպքում, բացառությամբ սովորական դատարանների իրավազորության շրջանակում գտնվող հարցերի, պետք է հանձնվեին պատասխանողի երկրի Առևտրային պալատի արբիտրաժային տրիբունալի քննությանը։

2002 թվականի նոյեմբերի 8-ին դիմումատու ընկերությունը «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս»-ին տրամադրել է վարկ՝ բանկային վարկը մարելու հարցում աջակցելու նպատակով, որը, սակայն ընկերությունը  չի վերադարձել:

Բացի այդ, «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս»-ն մատակարարել է ավելի քիչ մետաղական ջարդոն, քան եղել են կանխավճարները, որոնք այն արդեն ստացել էր։

2005 թվականի հոկտեմբերի 28-ին դիմումատու ընկերության և ՍՊԸ-ի ներկայացուցիչները կատարել են պարտքի հաշվարկ։ Բանակցությունների արդյունքում երկու ընկերությունների միջև նույն օրը ստորագրվել է առանձին համաձայնագիր։ Ըստ դրա «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս»-ն ազատվել է պարտքի մի մասից, իսկ մյուսի վճարման համար սահմանվել է կարգ և ժամանակացույց: Հստակեցվել է նաև, որ սահմանված ժամկետում պարտքը չմարելու դեպքում «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս»-ն պարտավոր էր անմիջապես վճարել ամբողջ պարտքը, իսկ վճարման հետ կապված ցանկացած վեճ պետք է լուծվեր դատական կարգով։

Նույն օրը կողմերը կնքել են մեկ այլ համաձայնագիր՝ սահմանելով վարկի և պարտքի մասով վճարման ժամանակացույցը։ Նշվել է նաև, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6 %:

Սակայն «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս»-ն չի կատարել պահանջվող վճարումները՝ յուրաքանչյուր անգամ տարբեր պատճառներով հետաձգելով դրանք:

2007 թվականի հունվարի 15-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ պահանջելով սկզբնական գումարից վերադարձնել մի մասը։ Հոկտեմբերի 2-ին դիմումատու ընկերությունը փոփոխել է իր սկզբնական հայցը՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները։ Այն նաև պահանջել է ազատել դատական ծախսերից։

Արդեն 2008 թվականի նոյեմբերի 7-ին ՍՊԸ-ն պահանջել է, որ Տնտեսական դատարանը դիմումատու ընկերության հայցը թողնի առանց քննության՝ այն հիմքով, որ կողմերի միջև կնքված պայմանագրերով վեճերը պետք է լուծվեին պատասխանողի երկրի՝ Հայաստանի, Առևտրային պալատի արբիտրաժային տրիբունալի կողմից:

Նոյեմբերի 16-ին Տնտեսական դատարանը բավարարել է պահանջը և որոշել, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում։ Նոյեմբերի 23-ին դիմումատու ընկերությունը ներկայացրել է հայցն ու հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ բողոք։ Պնդել է, որ 2005 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրերով նախատեսվել է, որ ՍՊԸ-ի կողմից դրանցով սահմանված վճարման ժամանակացույցերի չպահպանման հետ կապված վեճերը կարգավորվելու են դատարանների կողմից, որից հետո վեճերի կարգավորման վերաբերյալ որևէ այլ պայմանավորվածություն չի եղել։

Դիմումատուն նաև պնդել է, որ դատարանը որոշել է հայցը թողնել առանց քննության՝ չնայած նրան, որ ՍՊԸ-ն համապատասխան պահանջը ներկայացրել էր դատական վարույթն սկսվելուց մի քանի ամիս հետո, բացի այդ ներկայացրել էր նաև  հայցի քննության վերաբերյալ իր փաստարկները:

2007 թվականի դեկտեմբերի 10-ին Տնտեսական դատարանի՝ երեք դատավորից բաղկացած կազմը մերժել է դիմումատուի ներկայացրած բողոքը:

2008 թվականի սեպտեմբերի 17-ին դիմումատուն հայց է ներկայացրել Արբիտրաժային տրիբունալ՝ պահանջելով վճարել վարկի և տոկոսների գումարը։ Հոկտեմբերի 7-ին Արբիտրաժային տրիբունալի նախագահը դիմումատու ընկերությանը տեղեկացրել է, որ արբիտրաժային վարույթ սկսելու իր պահանջը չի բավարարվելու, քանի որ կողմերի միջև չկա արբիտրաժային համաձայնություն:

2008 թվականի հոկտեմբերի 17-ին դիմումատու ընկերությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել վարկի և տոկոսների գումարը՝ նշելով, որ Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել էր հայցն ընդունել քննության:

2009 թվականի փետրվարի 27-ին Երևանի քաղաքացիական դատարանը տարածքային ընդդատության հիման վրա գործը փոխանցել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին (Վարչական շրջանի դատարան), քանի որ մարտի 1-ին Երևանի քաղաքացիական դատարանը լուծարվելու էր։

Արդեն հունիսի 16-ին Վարչական շրջանի դատարանը որոշել է դիմումատուի ներկայացրած հայցը թողնել առանց քննության, իսկ հունիսի 25-ին դիմումատու ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ է թողել որոշումը:

Օգոստոսի 4-ին դիմումատու ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը դատարանը համարել է անընդունելի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գործը քննելով, նշել է, որ դիմումատու ընկերությունը փորձել է իր հայցը ներկայացնել երեք տարբեր դատարաններ կամ տրիբունալներ, և դրանցից ոչ մեկը գործը չի ընդունել քննության։ Այսպիսով, դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ ներկայացված իր քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ զրկվել է որևէ դատարանի կամ տրիբունալի մատչելիությունից:

Չնայած Տնտեսական դատարանի սկզբնական որոշումն այն մասին, որ Արբիտրաժային տրիբունալն է իրավասու եղել, կարող էր շատ լավ հիմնավորվել։ Իսկ Արբիտրաժային տրիբունալի և Վարչական շրջանի դատարանի հետագա որոշումները, որոնցով մերժվել է դիմումատու ընկերության՝ դատարանի մատչելիության իրավունքը, եղել են ակնհայտ անհամաչափ։ Գործն ամբողջությամբ քննելիս գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չի եղել համաչափության ողջամիտ հարաբերակցություն։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ ներպետական դատարանների կողմից գործը չքննելը դիմումատու ընկերության համար եղել է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, ինչը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել և չի եղել համաչափ։ Դիմումատու ընկերության հայցը թողնելով առանց քննության՝ ներպետական դատարանները կասկածի տակ են դրել դիմումատու ընկերության՝ դատարանի իրավունքի բուն էությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter