HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Դավիթ Շահնազարյան. «Իրականում Ռուսաստանից զենք ձեռք են բերել եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը»

Դավիթ Շահնազարյանը 1992-1993թթ. եղել է Հայաստանի առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, 1993-1994թթ.' Հայաստանի ազգային անվտանգության վարչության պետը

- 1992-1993թթ., երբ Դուք ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ բանագնացն էիք, իրո՞ք լուրջ հակասություններ կային Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, եւ հակասությունները ո՞ր հարցերին էին վերաբերում:

- Ես դրանք հակասություններ չեմ անվանի, այլ դիրքորոշումների տարբերություն: Կային այդ տարբերությունները, հստակ կային: Մեր քաղաքականությունը հետեւյալն էր. ցանկացած հարցում մենք գտնում էինք, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ունենա իր տեսակետը, եւ դա չպետք է անպայման համընկնի կամ չհակասի պաշտոնական Երեւանի տեսակետին: Այդ քաղաքականությունը իրատեսական էր այն առումով, որ հակամարտության իրական ձեւաչափը այն ժամանակ հետեւյալն էր. հակամարտության մեջ ներգրավված են երկու ռազմական եւ երեք քաղաքական կողմեր: Մեր քաղաքականությունը հետեւյալն էր. իրական հակամարտությունը Ստեփանակերտի եւ Բաքվի մեջ է, իսկ Երեւանը ներքաշված կողմ է, Հայաստանն ամբողջովին պատասխանատվություն է վերցնում եւ կրում Ղարաբաղի անվտանգության համար, բայց բանակցություններում, որպես քաղաքական կողմ, Հայաստանն իր դերը ստորադասում էր Ղարաբաղի դերին: Հայտնի ձեւակերպումը' այն, ինչ որ կպայմանավորվեն Բաքուն եւ Ստեփանակերտը, նախապես ընդունելի է Երեւանի համար, այդ քաղաքականության ուղղակի հետեւանքն էր:

Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տարբեր դիրքորոշումներ եղել են նույնիսկ բանակցություններին մասնակցել-չմասնակցելու հարցում: Այն ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը միշտ չէ, որ ընդհանրապես պատրաստ էր մասնակցել բանակցություններին, երբեմն ուղղակի պետք էր լինում փաստարկներ ներկայացնել եւ ուղղակիորեն ասել, որ դա է ճիշտը: Այդ քաղաքականության ուղղակի արդյունքը Բուդապեշտի գագաթաժողովն էր, ընդ որում' Ղարաբաղին վերաբերող բոլոր փաստաթղթերից ամենաբարձր կարգավիճակ ունի այս փաստաթուղթը, որն ընդունվել է ԵԱՀԿ գագաթաժողովում: Այդ փաստաթղթում Ղարաբաղի' հակամարտության կողմ լինելը հստակ ընդգծված էր: Նույնիսկ այն հանդիպումներին, բանակցություններին, որոնց Ղարաբաղը չէր մասնակցում, ես միշտ ներկայացնում էի Ղարաբաղի տեսակետը, նույնիսկ' գրավոր: Խոսքը, մասնավորապես, Մինսկի խմբի, այսպես ասեմ' «ստվերային կաբինետի» բանակցությունների մասին է, որում ընդգրկված էին հինգ պետություններ' Հայաստան, Ադրբեջան, ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա: Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էր, դա ոչ պաշտոնական ձեւաչափ էր, որի նպատակը հետեւյալն էր. եթե այնտեղ ինչ-որ բան ընդունվի, արդեն պարզ էր, որ Մինսկի խմբում կընդունվի: Մինսկի խմբում բավական գերակշռում էր Ադրբեջանի, հետագայում մեր, զուտ ներկայացնելու, հակառակորդին մեղադրելու քաղաքականությունը: Դրանից խուսափել անհնար էր, ինչն իրականում խանգարում էր կառուցողականությանը: Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմավարական հարցերում տարաձայնություններ երբեք չեն եղել, Ստեփանակերտի իշխանություններն ամբողջովին ոչ միայն համաձայն էին, այլեւ պաշտպանում էին մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, եւ իրականում ոչ թե ներկայացվում էր, որ Ղարաբաղն ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն է, այլ դա փաստացի այդպես էր:

- Ստեփանակերտի իշխանությունները հրաժարվում էին մասնակցել 1992թ. Հռոմի հանդիպումներից: Ի՞նչ փաստարկներ էին նրանք բերում, միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի մասնակցությամբ հավասարության նշա՞ն էր դրվում Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ, թե՞ ավելի խորը պատճառներ կային:

- Այո, ղարաբաղցիները բավական մեծ դժկամությամբ էին գնում դրան, հիմնական պատճառներից մեկն, իհարկե, դա էր, որ սկզբնական' 1992թ. ԵԱՀԿ մարտի 24-ի նախարարների խորհրդի ընդունած մանդատում նշված էր երկու համայնքների «ընտրված ներկայացուցիչներ» ձեւակերպումը: Հիմնական պատճառը դա էր, բայց մենք ապացուցեցինք, որ դա լուրջ չէ, որովհետեւ Բահմանովն ընտրված չէր, ի տարբերություն Ղարաբաղի իշխանությունների, երկրորդ' քանի որ հիմնական հարցը զինադադարի հաստատման հարցն էր, ակնհայտ էր, որ Բահմանովն այդտեղ կողմ լինել չի կարող: Ղարաբաղցիներն այդ փաստարկները լսեցին եւ գնացին Հռոմի բանակցություններին: Այն ժամանակ բանակցային գործընթացը չափազանց ինտենսիվ էր, եւ դրանք « non-stop » բանակցություններ էին: Նախ' հանդիպումներն էին չափազանց հաճախ, ամիսը մի քանի անգամ, բացի այդ, միայն ԵԱՀԿ առաքելությունը չէր, բազմաթիվ միջնորդություններ կային, եւ մի քանի ուղղություններով բանակցային գործընթացներ էին գնում: Ռուսաստանի կողմից տարվում էր միանգամից երկու միջնորդություն' արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության, որոնք, մեղմ ասած, նույնը չէին : Իրանի, Ղազախստանի միջնորդությունները կային, կային նաեւ երկկողմ շփումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների ամբողջ շրջանում հեռախոսային կապ նրանց հետ միշտ տարբեր մակարդակներում եղել են, որը դրական էր: Որոշակի շփումներ կային Թուրքիայի հետ, որն այդ գործընթացի մի մասն էր կազմում. Հայաստանի համար շատ ծանր շրջանում հաջողվեց Թուրքիայից հացահատիկ ներկրել:

- Իրանի միջնորդության մասին խոսենք: Հայաստանն ինչպե՞ս էր վերաբերվում Թեհրանի միջնորդությանը, Արեւմուտքը եւ Ռուսաստանն ինչպես էին վերաբերվում, ինչո՞ւ ձախողվեց իրանցիների միջնորդական առաքելությունը:

- Իրանի միջնորդությունն ավարտվեց Շուշիի ազատագրմամբ, դրանից հետո Ադրբեջանում եղավ իշխանափոխություն, Էլչիբեյը եկավ իշխանության: Հիմա, երբ տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների ժամանակ ադրբեջանցիները բարձրացնում են Շուշիի գրավման հարցը, ես նրանց ասում եմ, որ դուք ունեք Ադրբեջանի դատարանի որոշումը, որ Շուշին դավաճանաբար հանձնել է Պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիեւը, իսկ դատարանի որոշումն օրենք է տվյալ երկրի համար: Իրանը մեկ անգամ էլ հայտնվեց բանակցային գործընթացում, բայց դա արդեն Քի Վեսթի ժամանակ էր, երբ եռանախագահները որոշեցին կոնսուլտացիաներ անել Իրանի հետ, բայց դա արդեն այն դեպքն է, երբ Քոչարյանը հարցը փորձում էր լուծել Հայաստանի տարածքների սուվերենության հաշվին:

- Հնարավո՞ր է, որ Շուշիի գրավումն օգտագործելով' Արեւմուտքը հետ պահեց Իրանին միջնորդությունից:

- Ոչ, այն ժամանակ Արեւմուտքի, ԱՄՆ-ի քաղաքականությունն էապես տարբերվում էր այսօրվա քաղաքականությունից, նրանք որեւէ ինքնուրույն, ակտիվ դեր պատրաստ չէին վերցնել եւ չէին էլ ուզում: Նրանց առաքելությունը սահմանափակվում էր Մինսկի խմբում ակտիվ գործունեությամբ: Այն ժամանակ ԵԱՀԿ ձեւաչափից առավել ակտիվ գործում էր Ռուսաստանը' երկու ուղղություններով: Շուշիի ազատագրումը որեւէ բացասական գնահատականի միջազգային հանրության կողմից արժանանալ չէր կարող, որովհետեւ Շուշիից ադրբեջանական կողմն ուղղակիորեն գնդակոծում էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը, դպրոցները, մանկապարտեզները: Նույնիսկ Լաչինը չէր կարող դժգոհություն առաջացնել, որովհետեւ դա ուղղակի շրջափակման ճեղքում էր, միակ կապը մինչ այդ ուղղաթիռային կապն էր: ՄԱԿ-ի բանաձեւերում Լաչինի մասին որեւէ հիշատակում չկա:

- Քելբաջարի մասին. պատրա՞ստ էր, արդյոք, դեռ 1993թ. հայկական կողմը ետ տալ Քելբաջարը եւ ինչի՞ դիմաց:

- Ետ տալու մասին խոսակցություններն անհեթեթություններ են: Նման հարց չէր էլ կարող քննարկվել, որովհետեւ Քելբաջարից հետո Ադրբեջանում տիրում էր անկայունությունը, եղավ իշխանափոխություն, այսինքն՝ չէր էլ կարող այդպիսի հարց քննարկվել: Քելբաջարից հետո ՄԱԿ-ի Ախ-ն ընդունեց 822 բանաձեւը, որում, ինչպես եւ հետագա բանաձեւերում, Հայաստանի վրա որեւէ պահանջ չկա, բացի այն, որ Երեւանը պետք է օգտագործի իր ազդեցությունը Ստեփանակերտի վրա, այլ անելիք Հայաստանը չունի այդ բանաձեւերի հետ կապված: Քելբաջարի օրերին Ժնեւում հնգյակի բանակցություններն էին ընթանում, եւ իմ հաշվարկները սխալ դուրս եկան, որովհետեւ ես կարծում էի, որ Քելբաջարում ադրբեջանցիները ավելի լուրջ դիմադրություն պետք է ցույց տան, սակայն բանակցությունները չավարտված' ես բավական ծանր վիճակում հայտնվեցի, որովհետեւ ռազմական գործողություններն ամբողջապես ավարտվեցին, եւ ղարաբաղյան ուժերը լիովին վերահսկողության տակ առան Քելբաջարը: Ինձ համար ծանր վիճակ ստեղծվեց, հնգյակն ուզում էր դատապարտել: Բայց Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Ղասիմովը լքեց բանակցությունները:

Ըստ էության, Ադրբեջանը մեծ սխալ կատարեց: Պետք է ասեմ, որ Էլչիբեյի օրոք Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը չափազանց շատ սխալներ էր անում, ինչը մեզ շատ էր օգնում: Նա ուղղակի լքեց բանակցությունները, չնայած բոլոր մյուս մասնակիցները նրան անընդհատ համոզում էին, որ շատ սխալ է բանակցությունները լքելը: Ինքն էլ շատ լավ հասկանում էր, որ դա սխալ է, բայց նա ուղղակի հրահանգ էր ստացել Բաքվից: Քելբաջարը լուրջ բեկում մտցրեց ռազմական գործողություններում, որովհետեւ Շուշիից եւ Լաչինից հետո ադրբեջանական բանակին հաջողվել էր օկուպացնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի կեսը: Քելբաջարը ոչ միայն ռազմական իմաստով էր չափազանց կարեւոր, ճակատային գիծն էապես կրճատվեց, որովհետեւ պատերազմի ողջ ընթացքում թվային գերազանցությունը միշտ եղել է Ադրբեջանի կողմը, եւ ճակատային գծի կրճատումը չափազանց կարեւոր էր, դրանից հետո սկսվեց անկայունության շրջանն Ադրբեջանում: Ահա այս պատճառներով անհեթեթություն եմ համարում, որ անգամ ինչ-որ մեկի մտքով կարող էր անցնել Քելբաջարը հետ տալու մասին: Ադրբեջանում այնպիսի վիճակ էր, որ բանակցող չկար, նույնիսկ միջնորդները չգիտեին' այդ պահին ու՞մ հետ բանակցել: Քելբաջարը ոչ միայն ռազմական, այլեւ բարոյահոգեբանական իմաստով շատ կարեւոր դեր խաղաց:

- 1990-ական թթ. սկզբներին եւ կեսերին լուրջ հակասություններ կային Մինսկի խմբի ներսում՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի միջեւ: Որո՞նք էին հիմնական պատճառները:

- ԱՄՆ-ն ամբողջ գործընթացն ուզում էր պահել Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Ռուսաստանը երբեմն Մինսկի խմբին վերեւից էր նայում: Հակասությունները չափազանց մեծ էին, հատկապես աշխարհաքաղաքական, ինչպես այսօր են: Սկսած նրանից, թե առանց հակամարտող կողմերի Մինսկի խումբը որտեղ պետք է հանդիպի, դա էլ էր շատ սկզբունքային հարց: Պարզ է, որ ԱՄՆ-ին եւ եվրոպացիներին դուր չէին գալիս Ռուսաստանի միակողմանի նախաձեռնությունները: Բայց, մյուս կողմից, այն ժամանակ ռուսները պատրաստ էին շատ ավելի լուրջ քայլերի, քան Արեւմուտքը, վերջինս դեռ պատրաստ չէր դրան: Այո, զինադադարը հաստատվեց Ռուսաստանի միջնորդությամբ, եւ զինադադարի խնդիրը առաջնահերթ համարելը առաջին հերթին Ռուսաստանի եւ հատկապես Կազիմիրովի քաղաքականությունն է եղել: Հակասությունները մեծ էին, օրինակ, թե խաղաղապահ ուժերն ինչ կազմով պետք է լինեն: Գրաչովի նախաձեռնությամբ հրադադարից անմիջապես հետո քառակողմ հանդիպում եղավ, ռուսները պատրաստ էին բացառապես ռուսական խաղաղարարներ մտցնելու, մենք, իհարկե, դրան համաձայնեցինք' վստահ լինելով, որ Ադրբեջանը դեմ է լինելու: Բավական զարմանալի էր. այդ բանակցություններին լրագրողները ներկա էին: Այո, հակասությունները շատ էին, նույնիսկ ադրբեջանցիների հետ առանձին խոսակցության ժամանակ ասում էինք' լավ, մենք համաձայնեցինք, իսկ իրե՞նք ոնց են համաձայնելու:

- Լիպարիտյանն ասում է, որ ռուսները 1993թ. խաղաղություն էին բերել, Արեւմուտքը դեմ եղավ:

- Ճիշտ է ասում: Բայց Արեւմուտքը չէ: Քելբաջարից հետո Ադրբեջանում չկար այն քաղաքական ուժը, որն ի վիճակի էր նման որոշում ընդունել: Երկրորդ' Ադրբեջանը երբեք իրականում զինադադարի չէր համաձայնում, այն բոլոր զինադադարներն էլ, որ կնքվում էին, հստակ գիտեինք, որ խախտվելու է, միջազգային ատյանների գնահատականներով՝ դրանք հիմնականում խախտվում էին Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի բոլոր ուժերն էլ այն ժամանակ լսել անգամ չէին ուզում տեւական հրադադարի մասին, ըստ էության, Ադրբեջանը անկեղծ ուզեց զինադադարի գնալ միայն 1993-1994թթ. լայնածավալ հարձակման բացարձակ տապալումից հետո, երբ Ալիեւի համար ներքին խնդիրներ առաջացան: Այդ մասին Ալիեւն ինձ էլ է ասել:

- Այսինքն' մինչեւ 1994թ. մայիսը հնարավո՞ր էր հրադադար հաստատել:

- Զինադադարի հասնելու համար պետք էր ընդամենը մեկ բան՝ Ադրբեջանի ցանկությունը, չկար այդ ցանկությունը: Ալիեւն իշխանության գալուց անմիջապես հետո իր առաջ ռազմական խնդիր դրեց, սկսեց նախապատրաստվել 1993թ. դեկտեմբերյան հարձակմանը: Ադրբեջանը տանում էր ժամանակ շահելու քաղաքականություն, այդ հարձակման վրա Ադրբեջանը ծախսեց 100 մլն դոլար, այն ժամանակվա համար դա աստղաբաշխական թիվ էր: Հիմա ադրբեջանցիները խոսում են Ռուսաստանից Հայաստանին օգնելու մասին, իրականում Ռուսաստանից զենք են ձեռք բերել եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Ռուսաստանը միշտ փորձում էր հավասարակշռությունը պահել: Միանշանակ կարող եմ ասել, որ զինադադար չհաստատելու հարցում միակ խոչընդոտը Ադրբեջանի դժկամությունը եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունն էր: Ադրբեջանը ամբողջ բանակցային գործընթացը փորձում էր ծառայեցնել հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությանը: Իրենց քաղաքականության պատճառով հենց Ադրբեջանը կորցրեց նորանոր տարածքներ:

15 մարտ, 2006թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter