HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակ Զեյնալյանը հաստատեց՝ ԱԺ-ի կողմից մերժված ՍԴ թեկնածուն կարող է ներկայացվել որպես ՍԴ նոր թեկնածու

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություն կատարելու հարցը։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 83 կողմ ձայնով։

Նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ ողջ հիմնախնդիրը ՍԴ «նոր թեկնածու» եզրույթի շուրջ է.

«Որպես օրենքի հեղինակի ներկայացուցիչ՝ ես հստակեցնում՝ նորը վերաբերում է ոչ թե անձին, այլ գործընթացին, այսինքն նույն սուբյեկտը կարող է ներկայացնել նույն անձին, սա է այն բովանդակությունը, որը պարունակում է նոր թեկնածու եզրույթը»,- ասաց նա։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ն դիտարկում է ոչ թե կոնկրետ անձանց հարթությունում, այլ շահագրգռված է, որ օրենքի նորմը լինի հստակ ընկալելի։

«Այս ձևաչափից ելնելով՝ մենք դրական ենք վերաբերվում այս նախագծին, իսկ նոր թեկնածու եզրույթը հասկանում ենք հետևյալ կտրվածքով. ներկայացված թեկնածուն՝ անկախ անձից, այս պահին բավարարում է նոր թեկնածու հասկացության պահանջները, ընտրվելու դեպքում նա դառնում է ՍԴ անդամ, չընտրվելու դեպքում կարող է ներկայացվել 7-րդ գումարման խորհրդարանում դեռևս չներկայացված թեկնածություն, որպիսին կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում՝ 6-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված և ԱԺ-ի վստահությունը չստացած թեկնածու»,- ասաց նա։ Պատգամավորի մտահոգությունն այն է, որ տեղի չունենա իրավունքի չարաշահում և օգտվելով Սահմանադրության մեջ ամրագրված հստակ արգելքի բացակայությունից՝ նույն սուբյեկտն անընդհատ ԱԺ-ին ներկայացնի նույն մարդուն։

Նման ելույթով հանդես եկավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ նույն մարմինը կարող է և պետք է առաջադրի նոր թեկնածու, այլ ոչ թե միևնույն անձին անընդհատ առաջադրի՝ անարգելով այն պետական մարմինը, ում առջև այդ թեկնածությունը ներկայացվում է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասաց, որ չի քվեարկելու այս փաթեթին, քանի որ նախագծի զեկուցման ժամանակ անորոշություն կար.

«Որպեսզի մենք չընդունենք օրենք, որը կարող է մեր գործընկերների կողմից այլ կերպ մեկնաբանվել ու շահարկվել, ես ինքս չեմ քվեարկելու»,- ասաց նա։

Եզրափակիչ ելույթի ժամանակ Արտակ Զեյնալյանը վերահաստատեց՝ կառավարությունը նոր եզրույթին վերաբերում է որպես գործընթաց, և չի կարող սահմանափակվել մարդու իրավունքը՝ կրկին առաջադրվելու որպես ՍԴ թեկնածու։

«Սա մեր մեկնաբանությունն է, մեր բացատրությունն է, սա է նշանակում նոր թեկնածու եզրույթը, խնդրում եմ այս բովանդակությամբ դնել քվեարկության, այն բովանդակությամբ, որը ներկայացրեց հեղինակը»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Տարոն Սիմոնյանը՝ ասելով, որ կողմ են քվեարկում այն մեկնաբանությամբ, որի մասին խոսել են, թե՛ երեկ, թե՛ այսօր։ Համակարծիք էր ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ ասելով, որ իրենց խնդիրն անձի դեմ չէ, ոչ ինչ-որ մեկի համար ճանապարհ են բացում, ոչ էլ փակում, պարզապես ուզում են, որ հետագայում օրենքը այլ կերպ չկիրառվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter