HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Դավթյանը՝ գույքի բռնագրավման նոր հայեցակարգի մասին. «Դատարանն է որոշելու գույքը ապօրինի է ձեռք բերվել, թե օրինական»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամների հետ դռնփակ հանդիպման էր, որի ավարտից հետո դատախազը պատասխանեց լրագրողների հարցերին:

Դատախազը չցանկացավ մեկնաբանել մամուլի այն տեղեկությունները, որոնք վերաբերում են իր սպասվող հրաժարականին։

«Ի՞նչ անդրադառնամ, հրաժարական չեմ տվել, ես գլխավոր դատախազ եմ 2016  թվականի սեպտեմբերի 15-ից, մինչև էս պահը ձեզ հետ շփվում եմ որպես ՀՀ գլխավոր դատախազ։ Ես ընտրվել եմ ԱԺ-ի կողմից և շարունակում եմ պարտականություններս կատարել»,- ասաց նա։

Դավթյանի խոսքով՝ պատգամավորների հետ տարբեր հարցեր են քննարկվել ընդհանուր բնույթի քրեական հետապնդման ոլորտից մինչ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի գլոբալ խնդիրներ.

«Պատգամավորները իրենց տեսլականներն են ներկայացրել, նաև մասնավոր քրեական գործերով քննարկումներ են եղել»,- ասաց Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով մեր հարցին, թե ո՞ր փուլում են առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագրավման փաթեթի պատրաստական աշխատանքները, և արդյոք դատախազությունն է հանդես գալու պետության դերում, Արթուր Դավթյանն արձագանքեց.

«Որպեսզի որևէ մեկի մոտ մտահոգություն չառաջանա, մանրամասնեմ՝ տարբեր անվանումներ տրվեցին՝ անցումային արդարադատություն, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավում և այլն, հիմա աշխատանքային խումբը մշակում է օրենսդրական նախագիծ, որը պետք է կարգավորի մի հարց, որով, միևնույն է, լուծումը տալու է դատարանը։ Նոր օրենքով այլ քրեաիրավական մեխանիզմներ են առաջարկվելու, որով դարձյալ դատախազը մի կողմում, մյուս կողմում կոնկրետ գույքի սեփականատերը դատարանի առջև ներկայացնելու են իրենց փաստարկները, և դատարանն է որոշելու մարդու գույքը ապօրինի է ձեռք բերվել, թե օրինական։ Որևէ պետական պաշտոնյա կամ մարմին չէ, որ գործընթացի արդյունքում սեփականությունից կզրկի, միևնույն է, դատարանն է իրականացնելու արդարադատություն»։

Գլխավոր դատախազի խոսքով՝ ցանկացած անձի պատկանող գույքի դեպքում էլ նման կասկած կարող է առաջանալ, այս պահին աշխատանքային խումբը մեխանիզմներն է հստակեցնում։

«Թե ինչպիսի աղբյուրներ կարող են վկայակոչվել, որոնց առկայության դեպքում դա կարող է առիթ հանդիսանալ համապատասխան վարույթ իրականացնելու, և ինչպիսի պայմանների դեպքում է, որ օրինակ դատախազը կգնա դատարան և կներկայացնի համապատասխան հայց»,- նշեց Արթուր Դավթյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի՝ Չեխիայից Հայաստան արտահանձման գործընթացին Դավթյանն ասաց.

«Անհրաժեշտ կոնվենցիոն պահանջները մեր կողմից ապահովված է, ուղարկել ենք փաստաթղթերը, սպասում ենք մեր գործընկերների արձագանքին»։

Դիտարկմանը, որ գործընթացը ձգձգվում է, Դավթյանը չհամաձայնեց՝ ասելով, որ  նմանատիպ գործընթացների պրակտիկան ցույց է տալիս, որ այս պահին եղած ժամանակը անհանգստացնող ժամանակ չէ։

«Տարբեր նրբություններ կան՝ տվյալ երկրի իրավասու մարմինը պետք է որոշում կայացնի, հետո կայացված որոշումը անձը նույն ատյաններով բողոքարկելու իրավունք ունի»,- ասաց նա։

Գլխավոր դատախազը չցանկացավ խոսել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի մանրամասներից, ասելով, որ գործընթացը դեռևս շարունակվում է։

«Գաղտնի ռեժիմով շփում է փաստաթղթային, չեմ ուզենա կիսատ տեղեկություններ հրապարակել, ավարտելուց հետո մանրամասն պարզաբանում կտանք ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հանգմանքների վերաբերյալ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Մարտի մեկ»-ի քրեական գործին՝ Դավթյանն ասաց, որ քրեական գործում ներգրավված որոշ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, այնուհետև կհետևեն քննիչի գործողությունները, ապա դատախազի կողմից մեղադրական եզրակացություն հաստատելը կամ չհաստատելը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շտապե՞լ էր ասելով, որ գործը բացահայտված է, Արթուր Դավթյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, Նիկոլ Փաշինյանի գնահատականը բերել, կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ, ճիշտ չէ»։

Հարց հնչեց նաև այն մասին, որ մի շարք քրեական գործեր են հարուցվել մեկ կնոջ՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա, արդյոք իրավաչա՞փ է մեկ անձի ցուցմունքների հիման վրա այդքան քրեական գործեր հարուցելը, Դավթյանն ասաց, որ չի ուզում անձնավորել դեպքերը, ապա բացատրեց գործընթացը.

«Մի անձը՝ անկախ նրանից, թե կին է, տղամարդ, մեծահասակ, թե փոքրահասակ, քաղաքացի է, ով հաղորդում տալու իրավասություն ունի, և ցանկացած մեկ անձի հաղորդումը, որն առերևույթ կպարունակի հանցագործության մասին տեղեկություններ, դրանք կստուգվեն, եթե չհաստատվեն, քրեական գործը կկարճվի»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter