
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է քններ Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը, սակայն դատավոր Մարինե Մելքոնյանն այլ գործով խորհրդակցական սենյակում է, ուստի նիստը տեղի չունեցավ:
Գրիգորյանը դատարան չէր բերվել: Վերջինս «Նաիրի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է անցնում:
Պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Գրիգորյանի վիճակը գնալով վատացել է, նրան տրվող ինսուլինի չափաբաժինը հասել է 100 միավորի, այն դեպքում, երբ միջազգային իրավանորմով 50–60 միավորից բարձր ինսուլին ստանալը համարվում է կյանքի համար վտանգավոր։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրա, ինչպես նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Մեկնաբանել