HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը, ինչպես հայտնի է,  դռնփակ նիստում քննության առնելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված միջնորդություններն, այսօր որոշել է դրանք բավարարել:

«Հետքի» հարցին ի պատասխան` Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանն ասաց, որ ԲԴԽ-ի որոշմամբ նաև կասեցվել են Հոբոյանի լիազրությունները:

«Խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետով, որոշեց նաև կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ` «քաղաքացու կողմից ստացված հաղորդման հիման վրա Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել հաղորդում ներկայացրած անձի օգտին քաղաքացիական գործով՝ իր  լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք պահանջելու մասին:

Հաղորդման հիման վրա ԱԱԾ կողմից իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:

Հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվել են ՀՀ գլխավոր դատախազը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Դատավորը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով»:

Դատավոր Հեբոյանի լուսանկարը՝ help court.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter