HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բիզնես Քոնսալթ» ընկերության տնօրենի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Այսօր «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ տնօրեն Լևոն Թոփուզյանը բաց նամակով դիմել է վարչապետ  Նիկոլ Փաշինյանին։ Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

 

Որպես պատասխան՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար՝ Ալբերտ Բաբայանի՝ «Հետք»-ին ուղղված, խեղաթյուրված տեղեկություններ պարունակող նամակին:

ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն՝ 23.02.2018թ-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (ՉԱԻ) և «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի («Ընկերություն») միջև կնքվել է հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պետական գնման N ՉԱԻ-ԳՀՁԲ-18/1 ծածկագրով պայմանագիրը երեք տարի ժամկետով, որը գործում է մինչև 30.12.2020թ-ը՝ յուրաքանչյուր տարվա համար ֆինանսական միջոցների առկայության հիման վրա համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով:

Ընկերությունում բավարար ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ստեփանյանը,  առանց հիմնավոր պատճառաբանության, հրաժարվում է կնքել 2019թ-ի համար ծառայությունների մատուցման համաձայնագիրը, ինչի պատճառով չի կատարվում Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց  վճարումը։

Նշված հարցի կարգավորման համար Ընկերության կողմից նամակներ են հասցեագրվել (14.01.2019թ. և 14.03.2019թ.) ՉԱԻ-ին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը (նախարարի պաշտոնակատար պարոն Տիգրան Խաչատրյանին) և  ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին (04.02.2019թ. և 22.02.2019թ.), սակայն որևէ պատասխան այդ նամակներին ընկերությունը մինչև օրս չի ստացել:

29.03.2019 թ-ին «Հետք»-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ փոխնարարար Ալբերտ Բաբայանը, դուրս գալով իրեն վերապահված իրավասությունների շրջանակից, «առանց որևէ միջամտություն գործադրելու պայմանագրային կողմի՝ ՉԱԻ-ի վրա», հայտարարել է կողմերի պայմանագրային փոխհարաբերությունների խզման մասին:  Իրականացվող հաշվապահական հաշվառման ծառայությունները կասեցնելու մասին «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ն ՉԱԻ-ի կողմից  որևէ ծանուցում  չի ստացել։

Ընկերությունն ավելի ուշ «Հետք»-ից է տեղեկացել, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանի պարզաբանմամբ` «ՀՀ կառավարության կողմից որդեգրված կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման՝ այն է հնարավոր քիչ ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալու քաղաքականությունը, հաշվապահական հաշվառման ծառայությունների դիմաց վճարման համար գումար չի նախատեսվել՝ փոխարենը որոշում է կայացվել հաշվապահական հաշվառումը շարունակել իրականացնել նախատեսված հաստիքային միավորների միջոցով, իսկ առաջացած հավելյալ միջոցները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով ուղղվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի 127 աշխատակիցների վարձատրության ավելացմանը»:  Իրականում աշխատավարձի չնչին փոփոխություն է կատարվել միայն 109 աշխատակցի մասով, այն էլ սկսած միայն 2019թ մարտի 12-ից։ Ալբերտ Բաբայանի պատասխանում նշվում է, որ նախարարության որևէ պաշտոնյայի կողմից ճնշում չի գործադրվել ՉԱԻ–ի նկատմամբ՝ 2019թ-ի համաձայնագիրը չստորագրելու համար։ Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ 09.01.2019թ. ՀՀ պետական գնումների կայքում հրապարակվել է ՉԱԻ տնօրեն Հայկ Ստեփանյանի կողմից հաստատված ՉԱԻ 2019թ-ի գնումների պլանը, ըստ որի՝ հաշվապահական հաշվառման ծառայությունների համար նախատեսվել է 22,3 մլն ՀՀ դրամ։ Ո՞վ և ինչու՞ է անտեսել այս փաստաթուղթը: Հիմք ընդունելով առկա ֆինանսական միջոցները՝ 12.02.2019թ. թիվ 104 նամակով ՉԱԻ-ն նախարարություն է ուղարկել  2019թ-ի եկամուտների և ծախսերի մասին նախահաշիվը՝ ներառելով նաև հաշվապահական հաշվառման ծառայությունների համար նախատեսված գումարը, ինչը 06.03.2019թ-ին նախարարության կողմից հետ է վերադարձվել՝ հաշվապահական հաշվառման ծառայությունների գումարը դարձնելով զրո։

Ալբերտ Բաբայանը նշում է, որ մինչև ընկերության հետ պայմանագրի կնքումը հաշվապահական հաշվառումը վարել են ՉԱԻ աշխատակիցները, և որ ընդհանուր ֆոնդը կազմել է 9 մլն դրամ։  Մեր ձեռքի տակ ունեցած բոլոր հիմքերի ամենապարզ թվաբանության արդյունքում անգամ ակնհայտ է, որ մինչ մեր Ընկերության հետ պայմանագիր կնքելը հաշվապահական հաշվառման ծառայությունների դիմաց  ՉԱԻ-ի տարեկան ծախսը կազմել է ոչ թե 9 մլն ՀՀ դրամ, այլ 16,5 մլն  ՀՀ դրամ: Սա կա՛մ միտումնավոր կեղծիք է, կա՛մ էլ տվյալ կազմակերպության կոորդինատորի անտեղյակություն, ինչը հարիր չէ  նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձին։

Ինչ վերաբերում է Ալբերտ Բաբայանի նշած 23 մլն դրամին, որը ընկերության կողմից մատուցած ծառայության արժեքն է, ապա այն ներառում է շուրջ 4 մլն ԱԱՀ-ի գումարը, որը նվազեցվում է ՉԱԻ-ի կողմից բյուջեին վճարվելիք գումարից։  Ստացվում է, որ ընկերության կողմից մատուցված ծառայության արժեքի ամսական տարբերությունը մոտ 175,000 դրամ է, որի դիմաց Ընկերությունը կրում է Հաշվապահական հաշվառման վարման ողջ գործընթացի պատասխանատվությունը։

Իսկ թե որտեղից և ինչ նպատակներ են հետապնդում  պարոն Բաբայանի ներկայացրած այս  խեղաթյուրված տվյալները, մտածելու տեղիք են տալիս։ Ամենացավալին այն է, որ նման  ապակողմնորոշող տեղեկություններ կարող են ներկայացված լինել նաև ՀՀ կառավարության ղեկավարին։

Ըստ Ալբերտ Բաբայանի՝ «ընկերության ներկայացուցչի հետ տեղի են ունեցել քննարկումներ»։ Որպես ընկերության ղեկավար, պաշտոնապես հայտարարում եմ, որ ստեղծված իրավիճակի, հնարավոր լուծումների և դրանց հիմնավորումների հստակեցման նպատակով ընկերության որևէ ներկայացուցչի հետ երբևէ որևէ հանդիպում և քննարկում տեղի չի ունեցել։ Եվս մեկ բացահայտ կեղծիք պարունակող հայտարարություն։ Մեր ուշադրությունից չի վրիպել նաև վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի 27.03.2019թ-ի «Հետք»-ին ուղղված մամուլի հաղորդագրությունը,  որում տեղեկացվում է, որ ստացված նամակները վերահասցեագրվել են նախարարությանը, սակայն չի նշվում, թե ինչ ժամկետում պետք է ակնկալվի պատասխանը դիմումատուին, ինչու են անպատասխան մնացել դեռևս փետրվարի 4-ին և 22-ին ՀՀ վարչապետին ուղղված նամակները, և ինչու է խախտվում Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը:

Մինչև օրս անպատասխան են մնացել ինչպես նախարարության կողմից մեզ ընդունելու մեր բազմաթիվ խնդրանքները, այնպես էլ` ՉԱԻ-ին, նախարարությանը և ՀՀ վարչապետին ուղղված բոլոր գրությունները:

Մեծարգո պարոն Վարչապետ, շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և, հետևաբար, ակնկալում ենք, որ այս հարցն էլ, Ձեր միջամտությամբ, կստանա իրավական հիմնավորմամբ պատշաճ լուծում։  

 

Հարգանքով` «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ տնօրեն Լևոն Թոփուզյան

Մեկնաբանություններ (8)

ՍԱ
Իրականությանը չհամապատասխանող և չհիմնավորված հայտարարություններ կատարող պաշտոնյանների թիվը ցավոք գնալով ավելանում է, քանի որ այդ <<պաշտոնյանները>> զբաղված են ամեն ինչով, բացի իրենց բուն պարտականություններից: Ասվածը հիմնավորում է այն հանգամանքով, որ պատասխանի մեջ չկա որևէ իրավական հիմք:
Anahit
Փոխնախարարը իր խաղը կացնային կերպ է վարում, հին իներցիայով: Հերթական փոխնախարարի ձերբակալության լուրը սարի հետևում չէ: Չեն հասկանում, որ պետական համակարգը փող աշխատելու տեղ չէ այլևս:
Կարեն
Սուտը ոնց կար, տենց էլ մնաց... Պիտի պայքարենք ստի դեմ: Ստերը ջրի երես հանելով միգուցե "բուժենք" դրանց: Շատ պիտի հրապարակվեն նման բաց նամակներ:
Պետրոս Գևորգյան
Բիզնես Քոնսալթ մի քիչ էլ համբերի - ԱԱԾ-ն փոխնախարարներին հավաքելով գալիս ա, հեսա հերթը իրանց էլ կհասնի :Դ
Գայանե
Բայց ինչի եք նամակում հա փոխնախարարին նշում, բա ուր ա նախարարը? Ուր ա նայում, թե էս ամեն ինչը իրա OK-ով ա?
Անժիկ
Շափագրության ազգային ինստիտուտը երեւի <<ակնկալիքներ>> է ունեցել իսկ ընկերությունը դրանք չի կատարել
Լիլիթ
Ամոթ էլ է!!!! Ազգովի պայքարեցինք, իրավիճակ փոխեցինք, որ էլի նմանատիպ ագահ ու անկուշտ նախարար/փոխնախարարներ գան??? Նորից պայքարենք? Կպայքարենք!!! Բայց ուր է մեր ընտրած Վարչապետը, ինչու է լռում, միթե այսքան ցածր է արդարության ձայնը???
Անժիկ
Երեւի Չափագրության ազգային ինստիտուտը այլ <<ակնկալիքներ>> է ունեցել; որոնք ընկերությունը չի բավարարել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter