
Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու դիմումը՝ Նաիրա Զոհրաբյանին
Դիմում -Բողոք
Հարգարժան տիկին Զոհրաբյան,
Տեղեկացնելով Ձեզ այն մասին, որ «Արմավիր» ՔԿ հիմնարկի ղեկավարությունն ինձ ենթարկում է նվաստացման եւ տանջանքի, դիմում եմ Ձեզ մի խնդրով, որի անլույծ մնալը բազմաթիվ դատապարտյալների շատ ավելի մեծ ցավ է պատճառում քան օրենքով նախատեսվածը: Տանջանքի ենթարկման այդ գործողությունը շպարված է օրենքներին համապատասխան գործելու սին պատճառաբանությամբ, որովհետեւ առողջության պահպանման, կրթության, հարազատների հետ շփումները ունենալու, աշխատանքի եւ ընդհանրապես դատապարտյալների հետ առողջ շփումներ ունենալու իմ իրավունքները գերակայում են կառավարական հապշտապ կայացված այն որոշումներին ու ենթաօրենսդրական ակտերին, որոնցից բխում է ինձ ու իմ նմաններին տանջելու քրեակատարողական պաշտոնեության իրավունքը: Խնդիրը վերաբերում է խրոնիկ հիվանդություններով եւ ՔԿ համակարգում ոչ բուժելի հիվանդություններով տառապող դատապարտյալի պահման կարգի հետ:
ՔԿ համակարգը կարգավորող կանոնները գոյություն ունեն միայն հիվանդ եւ ապաքինման փուլում գտնվող դատապարտյալների կաթեգորիաների նախատեսում, առաջինը «հիվանդանոց» ՔԿ հիմնարկի, իսկ երկրորդը մյուս ՔԿ հիմնարկների բուժմասերի շրջանակներում: Բոլոր նրանք, որոնք տանջվում են խրոնիկ հիվանդություններով, երբ բողոքում են իրենց վիճակին չհամապատասխանող պահման կարգից , նրանց վախեցնում են «հիվանդանոց» ՔԿՀ տեխափոխելու վտանգով, (քանի որ արդեն իսկ խրոնիկ հիվանդությունը «բուժելը» վտանգավոր է), կամ էլ բուժմաս տեղափոխելու վտանգով (մի տարածք, որը ոչ միայն բարձիթողի է, այլեւ ըստ էության զրկում է դատապարտյալը կրթության, աշխատանքի, սոցիալական շփումների, մարզական կամ հավաքական այլ միջոցառումների մասնակցելու իրավունքներից ու այլ բազում ազատություններից): Մինչդեռ, մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան եւ եվրոպական թե միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, բազմիցս են առաջ քաշել տարիքավոր եւ խրոնիկ հիվանդություններով տառապող դատապարտյալներին առանձին կաթեգորիա համարելու պահանջը, ինչը թույլ կտա նրանց նկատմամբ եւ օրենքի սահմաններում օգտվել անհատականացված մոտեցումից:
Ամեն մի ծեր կամ խրոնիկ հիվանդ հիվանդություններով տառապող դատապարտյալ ունի առողջության պահպանման շատ սպեցիֆիկ պահանջներ, այնպես որ դրանց հաշվի չառնելը նրանց նկատմամբ վերածվում է խոշտանգումների: Նման դատապարտյալներին «առողջ» համարելով՝ ՔԿ համակարգը ծանրացնում է տանջանքի մակարդակը , որը որոշ պարագաներում նույնիսկ չափից ավելի ծանր է դառնում ու գրեթե բոլորի պարագայում, իր մեջ պարունակում է նվաստացնող ազդակների մեծ չափաբաժին: Հետեւաբար անհրաժեշտ է անհապաղ որոշում կայացնել ծեր եւ խրոնիկ հիվանդություններով տառապող նման դատապարտյալներին, թույլ տալ լուծել իրենց խնդիրները, օգտվելով որոշ ազատություններից, որոնք առանձնահատուկ կհամարվեն իրենց ախտանիշերին եւ խրոնիկ հիվանդություններին, սակայն այնպես, որ այդ նոր կանոնները թույլ տան դատապարտյալներին օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնցից օգտվում են նաեւ մյուսները (կրթություն, աշխատանք եւ այլն):
Վերջում հարկ եմ համարում ավելացնել, որ խրոնիկ հիվանդություններով տառապող օտարազգի դատապարտյալների վիճակը էլ ավելի տանջալի եւ նվաստացուցիչ է, քանի որ նրանք, բացի լեզվական հարցերից, մեծ մասամբ չունեն նաեւ արտաքին աջակցությունից օգտվելու հնարավորություն եւ պարտադրվում են լուռ տանել իրենց անտանելի վիճակը: Արդ, հարգարժան տիկին Զոհրաբյան, բողոքս եմ ներկայացնում Ձեզ եւ խնդրում եմ, որ կարեւորելով սույն հարցը, միջնորդեք կառավարության մոտ, որ արագ եւ կոնկրետ քայլեր կատարելու միջոցով վերջ տան մինչեւ օրս բոլորից թաքուն ՔԿ համակարգի կողմից օգտագործվող տանջանքի այս գործիքին:
Հարգանքով՝ Արսեն Արծրունի
Մեկնաբանել